Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»



Հատվածներ

Գիրքը տպագրվել է Թեհրանում՝ Անի եւ Արմինե Մանուկյանների մեկենասությամբ:
Թարգմանիչ՝ Հարություն Եղնազարյան

Սկիզբը՝ նախորդ համարներում

Նրանց դեսպան Մորգենթաուն Կ. Պոլսում Էնվերի հետ զրույցի ընթացքում մնաց ցնցված ու շվարած: Մտածելով, որ ավելի դիվանագիտական կհամարվի, եթե Էնվերին անձնապես մեղադրանքի չենթարկի, իր խոսքը այսպես սկսեց. «Իհարկե, ես գիտեմ, որ կառավարությունը երբեք այնպիսի սարսափելի բաներ չէր պատվիրի, որ արդեն տեղի են ունեցել: Դու եւ Թալեաթը եւ կոմիտեի մյուս անդամները դժվար թե ստանձնեին նման պատասխանատվություն: Անկասկած, ձեր ստորադաս մարմինները ձեր նախատեսած սահմաններից շատ ավելի առաջ են անցել, եւ հասկանալի է, որ միշտ էլ հեշտ չի լինում ենթակա պաշտոնյաներին վերահսկելը»:

Ի զարմանս դեսպանի, Էնվերը խիստ վիրավորված եւ զայրացած պատասխանեց. «Դուք մեծապես սխալվում եք, ես ոչ մի ցանկություն չունեմ մեր ստորադաս պաշտոնյաներին մեղավոր համարել, ես անձամբ պատասխանատվությունը ամբողջությամբ ընդունում եմ այն ամենի համար, որ արդեն իսկ տեղի է ունեցել: Կառավարությունն ինքն է կարգադրել հայերի տեղահանությունը»:

Թալեաթն էլ նույն միտքն էր արտահայտում: Նա ընկերների մոտ պարծանքով ասում էր. «Ես հայերի հարցը երեք ամսվա ընթացքում ավելի հմտությամբ կարողացա լուծել, քան Աբդուլ Համիդը` երեք տարվա ժամանակամիջոցում»: Եվ այդ մտքով էլ «Բեռլիներ-Թագեբլաթ»-ի լրագրողի ուշադրությանն էր հանձնել իր անհավատալի փիլիսոփայությունը. «Մեզ քննադատում են, որ մենք ոչ մի տարբերություն չենք դնում անմեղ հայերի եւ մեղավորների միջեւ: Բայց բոլորովին հնարավոր չէ տարբերել, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք, ովքեր անմեղ են այսօր, հնարավոր է, մեղավոր դառնան վաղը»,- ասել էր նա: Իսկ Թալեաթի մի համառ խոսքից զարմացած` Մորգենթաուն խոստովանում է. «Սա իմ կյանքում ամենազարմանալի պահանջն է, որ ես երբեւիցե լսել եմ»: Ահա այսպես, ամերիկյան ապահովագրական ընկերություններից մեկը` «Ամերիկյան կյանքի ապահովագրություն» (AMERICAN LIFE INSURANCE) անունով, շրջանի հայերի հետ զգալի բիզնես էր սկսել, որը գրգռել էր թուրքերին եւ դժգոհության պատճառ դարձել:

Մորգենթաուն ասում է, որ Թալեաթը իր զարմանալի պահանջը այսպես ներկայացրեց. «Ես ցանկանում եմ, որ դուք «Ամերիկյան կյանքի ապահովագրություն» ընկերությանը համոզեք, որ իրենց մոտ ապահովագրական պայմանագիր կնքած հայերի ցանկը մեզ ուղարկեն: Նրանք բոլորն էլ փաստորեն մահացած են հիմա, եւ նրանցից ժառանգ էլ չի մնացել, որ այսօր իրենց բաժին գումարը պահանջեն, ուստի, այս րոպեին թուրքական կառավարությունն է նրանց շահառուն: Արդյոք կարո՞ղ եք մի կերպ լուծել այս խնդիրը»:

FFF

Թուրքերը իրենց բանակի հաղթանակներից Գալիպոլիում եւ Հայաստանում եւ արեւմտյան ճակատում Եվրոպայի դաշնակիցների նահանջից հետո թերեւս մեծապես գոհ էին Գերմանիայի կողմնակիցը լինելուց:

Սակայն, դրությունը ամբողջապես փոխվեց, եւ թուրքերը տուժեցին Մերձավոր Արեւելքի պատերազմում, երբ 1916թ.-ի սկզբին Էնվերը Կովկասում նոր հարձակում է ծրագրում ռուսների դեմ՝ օգտագործելով Գալիպոլիից արձակված 200 գումարտակներ: Ռուսները կռվելով սաստիկ ցրտի ու սառնամանիքի պայմաններում` հաջողում են գրավել Թուրքիայի կարեւորագույն հենակետ Էրզրումը եւ դեռ ավելի մեծ ճնշում գործադրելով` գրավում են Տրապիզոնը: Ռուսական մի այլ բանակ դուրս է քշում թուրքերին Պարսկաստանի արեւմտյան տարածքներից: Չնայած Ռուսաստանը երբեք չհասավ իր նախատեսած նպատակին` Բաղդադ, բայց եւ այնպես, նա դուրս քշեց հարյուր հազարավոր թուրքական բանակայիններին Միջին Արեւելքից: Ապա Էնվերը կանգնած էր դեռ ավելի շատ լուրջ հարվածի դեմհանդիման: Դա իսլամական աշխարհի ամենասուրբ քաղաքի` Մեքքայի Շերիֆի պաշտոնական հայտարարությունն էր` ազատվել թուրքական լծից՝ հանուն արաբների անկախության: Այս լուրը արաբական աշխարհում մեծ ոգեւորություն առաջացրեց, եւ դրան ի պատասխան պոռթկաց արաբական աշխարհի պատերազմը թուրքերի դեմ: Հեջազ քաղաքում գտնվող գրեթե բոլոր թուրքական կայազորները բնաջնջվեցին: 1916թ.-ի դեկտեմբերին Բրիտանիան պաշտոնապես ճանաչեց Շերիֆին որպես Հեջազի թագավոր: Դա մահացու հարված էր սուլթանի հոգեւոր իշխանությանը, քանզի նա այդպիսով սուրբ ուխտատեղիների` Մեքքայի եւ Մեդինայի խնամակալի պաշտոնից զրկվում եւ ամբողջովին հեռացվում էր: Իսկ դա մեծ աղետ էր խիստ բարեպաշտ թուրքերի համար, ինչից երբեք էլ չկարողացան ապաքինվել եւ վերականգնել այն:

Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ անվստահությունը գնալով մեծանում էր, վերջին հաշվով գերմանացիները Թուրքիայի յոթ զորաբաժինները քայքայելով՝ քամել էին նրան եւ իհարկե մեծ թվով էլ գերմանացիներ էին զոհվել Մերձավոր Արեւելքում: Բիսմարկը, որ ասում էր` «Ամբողջ Բալկանները» չարժեն պրուսացի մի զինվորի մեկ ոսկորը», այժմ թերեւս գերեզմանում շուռ գար: Երբեմն թուրք եւ գերմանացի սպաները ուղղակի կռվում էին միմյանց դեմ, հետեւաբար բրիտանացիները նրանց իրարից անջատելով, հսկողության տակ էին առնում հեռու ճամբարներում:

Էնվերի եւ Թալեաթի համար ամեն ինչ ավարտված էր: Չորս տարվա պատերազմի ընթացքում Թուրքիայում սպանված զինվորների թիվը հասնում էր 427.000-ի: Այսպիսով` երիտթուրքերի միջեւ տարաձայնությունները ավելի ու ավելի էին աճում ու դառնում խայթիչ ու թշնամական:

Երբ սովից ու հիվանդությունից տառապում էր ամբողջ Թուրքիան, Էնվերը հրապարակավ դատապարտվեց կոռուպցիայի, եւ Գերմանիային իր կատարած անտեղի տնտեսական զիջումների համար, նաեւ մեղադրվեց սննդամթերքի չարաշահման առնչությամբ:

Մեծ ծրագիրը ձախողված էր, եւ մրցախաղը՝ վերջացած: Երբեմնի «Միություն ու զարգացում» կոմիտեի փառավոր փաշաները պատրաստվում էին փախուստի: 1918 թվականի նոյեմբերի 2-ի գիշերը Էնվերը, Թալեաթը եւ Ջեմալը գաղտնի հանդիպում ունեցան Էնվերի օգնականի տանը եւ ապա Կ. Պոլիսը թողեցին ու հեռացան գերմանական տորպեդահար ռազմանավով:

Այսպիսով՝ ավարտվեց երիտթուրքերի տիրապետությունը:

ՆՈԵԼ ԲԱՐԲԸՐ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Պատմության էջերից


29/10/2015