ՍԽՐԱՆՔ
Մարտը դադարեց, օրը խաղաղվեց,
Ֆիդային հոգնած թիկնեց մի քարի,
Դանդաղ, անշտապ ծխախոտ վառեց
Ու գիրկն ընկավ քաղցր հուշերի:
Վաղո՜ւց, շա՜տ վաղուց չէր եղել տանը,
Կարոտել էր մորը, կնոջն ու որդուն,
Տեսնես՝ հասցրի՞ն հավաքել բերքը,
Լա՞վ է սովորում տղան դպրոցում:
Ընկերներին էլ հիշեց մեկ առ մեկ,
Ուրախ կատակներն ու կերուխումը,
Գյուղի ճամփեքը ու սարերը սեգ
Որոնց կատարից չէր հալչում ձյունը:
-Չէ՛, կռիվն այս շուտ չի վերջանա,
Մեղք են տղերքը, ընկնում են, զոհվում,
Դեռ քանի՞ մանուկ պիտի որբանա,-
Խորհում էր քաջը՝ թախիծն աչքերում:
Բայց, դե, ի՞նչ արած, զոհեր էլ կտանք,
Զոհասեղանին մեր կյանքն է դրված,
Պաշտպանվում ենք, որ ամբողջանանք,
Որ էլ չտեսնենք լաց ու կոտորած:
Լսվեց հրաման. գնում են առաջ,
Դիմացի բարձունքը պետք է գրավեն,
Ու ոտքի ելավ ֆիդային իմ քաջ.
-Զենքն ու տեր Աստված թող մեզ ապավեն:
Քիչ առաջ թախծոտ հոգին խաղաղվեց,
Տանջող մտքերը իսպառ հեռացան,
Հոգին կրծոտող մռայլը փոխվեց`
Կրակ դառնալով վրեժի, ցասման:
Գրոհը սկսվեց: Կատաղի որոտ, կրակահերթեր,
Մեկմեկու թիկունք ամուր պահելով՝ նետվեցին առաջ.
-Կռվե՞լ եք ուզում, դե, եկեք կռվենք, շուն հրոսակներ,
Որ տեսնեք թափը, ուժը անկոտրում առյուծների քաջ:
Վախկոտ թշնամին կպել էր գետնին,
Միայն անկանոն կրակ էր տեղում.
Բայց էլ ո՞վ կարա կանգնեցնել մեկին,
Ով իր սրբազան հողն է ազատում:
Բայց ի՞նչ է տեսնում, ցնցվեց նա հանկարծ,
Մի խենթ պատանի` ինքնաբուխ ու քաջ,
Կարոյի որդին` երեկվա մարտում հորը կորցրած,
Թշնամու համար թիրախ է դարձել` ջոկից կտրված:
-Կխփեն տղին, պետք է նրա թիկունքը պահել
Քանի դեռ դիրքից շատ չի հեռացել:
Փորձված ֆիդային իրեն չկորցրեց,
Ու դեպ Կարոյի որդին նա նետվեց:
Ու կատարվեց այն՝ անխուսափելին,
Թշնամու կողմից նետված մի նռնակ`
Որ խլելու էր այդ կյանքը ջահել,
Գլորվեց, ընկավ նրա ոտքերի տակ:
Խուսանավելու ժամանակ չկար,
Տղային թափով գլորեց գետնին,
Ու ինքն էլ փռվեց` ծածկելով նրան:
Պայթյուն որոտաց, ամեն ինչ լռեց…
Արևը հանդարտ մոր գիրկն է թեքվում:
-Գրոհն ավարտվեց, բարձունքը մերն է,-
Կանչում է մեկը քաջի ականջին:
…Ու նրա հոգին երկինք է թռչում:
«Եռաբլուրում» կա մի շիրմաթումբ՝
Ծաղկով ու խնկաբույրով անուշապատված,
Ուր ամեն շաբաթ այցի է գալիս Կարոյի որդին՝
Իր փոքրիկ մանկան ձեռքից պինդ բռնած:
Ինքնազոհությամբ են Հայրենիք կերտում,
Դու հանգիստ քնիր, իմ քաջ ֆիդայի,
Ի լուր աշխարհի տալիս ենք երդում`
Ձեր ընկած տեղը թուրքը չի՛ մտնի:
ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Հոգևոր-մշակութային