ԱՊՐԵԼ ԵՎ ՀԱՂԹԵԼ, ՀԱՂԹԵԼ ԵՎ ԱՊՐԵԼ
Հոկտեմբերի 23-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրում երդման արարողություն էր, 88 տղաներ հայկազուն էին օծվում եւ երդվում
Արժանանալով Հայկազունի կոչմանը՝ հանդիսավոր երդվում եմ:
Բարձր պահել ազգիս, հայրենիքիս, կրթահամալիրիս, ընտանիքիս ու իմ պատիվը: Լինել արժանի հետեւորդը Հայկ Նահապետի: Սովորել ջանասիրաբար ու հաղթահարել կրթության բոլոր դժվարությունները: Ապրել եւ հաղթել: Հաղթել եւ ապրել:
Հանրակրթական առարկաների հետ այստեղ կարևորվում է նաև ռազմական և մարզական կրթությունը: Սաներին նախապատրաստում են ինքնուրույն կյանքի, տղաների մեջ սերմանում ընկերասիրություն, միասին գործելու և հաղթելու, դժվարության մեջ մեկը մյուսին օգնելու ձգտումը: Հաճախակի են կազմակերպվում արշավներ, բանակումներ և մրցումներ:
Կրթահամալիրի պետ, մայոր Արման Միրզոյանը և կրթահամալիրի ամբողջ կոլեկտիվը ջանք չեն խնայում, որ կրթահամալիրն ավարտող սաները լինեն հայրենասեր ու երկրի համար իրենց լուման ներդնող քաղաքացիներ: Նրանցից շատերը ավարտելուց հետո ուսումը շարունակելու են կրթական աստիճանով բարձր ռազմական ուսումնական հաստատություններում և հետագայում համալրելու հայոց բանակի սպայական կազմը:
Հրաչ Իշտոյանը Բալահովիտ գյուղից է, ասում է, որ տնից հեռու դժվար է, բայց այժմ պետք է հարմարվի, չէ որ ուզում է զինվորական դառնալ. «Երբ հակառակորդը խոցեց մեր ուղղաթիռը, ես հենց այդ օրը որոշեցի` զինվորական օդաչու եմ դառնալու: Իմ ամենամեծ երազանքն է»:
Սարգիս Սիմոնյանն էլ հետախույզ դառնալու մասին է մտածում. «Լավ եմ սովորելու, որ լավ հետախույզ դառնամ»:
Իսկ հիմա տղաները երկու օրով վերադառնում են տուն` թարմ ուժերով ուսումնական գործին լծվելու համար:
Լուսանկարային ռեպորտաժը՝
Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ