Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿ



Այս տարվա սեպտեմբեր ամսից մեկնարկել է «Հայ Ասպետ» կրթամշակութային խաղի համաբանակային մրցույթը: Մեր զորամասի թիմը նախապատրաստվելուց հետո մասնակցեց առաջին փուլի խաղին, որտեղ մրցում էին բանակային 2-րդ զորամիավորման կազմի մեջ մտնող թիմերը: Բավականին բարձր միավորներ հավաքելով` մեր թիմը փայլուն հաղթանակ տարավ, բացարձակ առավելության հասավ մրցակից թիմերի նկատմամբ: Իրենց գերազանց գիտելիքներով հատկապես աչքի ընկան շարքային Ռազմիկ Ղազարյանը և թիմի ավագ, կրտսեր սերժանտ Արման Մամյանը: Նրանք նշում են, որ հաղթանակը, իհարկե, այնքան հեշտ չի տրվել, ինչպես կարող է թվալ: Նրանք առաջին հերթին կարևորում են թիմային աշխատանքը ու ոգին, առանց որի հնարավոր չէր հաղթել: Նրանց խոսքով՝ խաղին պատրաստվելու ընթացքում շատ դժվարություններ են եղել, որոնցից ամենամեծը մարտական հենակետից իջնելուց հետո նոր իրականությանը հարմարվելն էր: Պետք էր մի կողմ դնել փամփուշտներն ու ինքնաձիգը և ուշադրությունը կենտրոնացնել գրքերի, այլ ոչ թե սահմանագծի վրա, պետք էր վերհիշել ժամանակին սովորած նյութերը և ծանոթանալ բավականաչափ նոր գրականությանը:

Մեր «ասպետները» միաձայն նշում են, որ թշնամու դեմ պայքարում հավասարապես կարևոր են թե՛ սահմանին վճռականորեն կանգնելը, թե՛ մտավոր զարգանալն ու նորանոր գիտելիքներ ձեռք բերելը, քանի որ 21-րդ դարի պատերազմում հաղթելու համար պետք է ջանքեր գործադրել ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև տնտեսական, իրավական, դիվանագիտական և բազմաթիվ այլ ճակատներում:

Ի սրտե շնորհավորում ենք «Օմարի արծիվներին»՝ փայլուն հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթում նոյեմբեր ամսին կայանալիք կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներում:

Դավիթ ԽՈՋՈՅԱՆ
«Օմարի Արծիվ» թերթի պատասխանատու, խմբագիր
շարքային

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Բանակ և հասարակություն


29/10/2015