Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԱՓՍԵԻՑ



Մեկ օր ռազմական ինստիտուտում

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ամուր հիմքերի վրա է Ռազմական ինստիտուտ-դպրոց համագործակցությունը: Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու համար Ռազմական ինստիտուտում հաճախակի կազմակերպվում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրով նախատեսված պարապմունքներ, մրցումներ, օլիմպիադաներ և այլ միջոցառումներ: Միջոցառումների անբաժանելի մասն են էքսկուրսիաները, որոնց ընթացքում աշակերտները ծանոթանում են կուրսանտների առօրյային ու կենցաղին, վարժասարքերին ու ուսումնական զենքերին, Ռազմական ինստիտուտում անցկացրած մի քանի ժամվա ընթացքում պատկերացում կազմում, թե ինչպես է կոփվում ու մասնագիտանում հայոց բանակի ապագա սպան:

Հոկտեմբերի 18-ին Ռազմական ինստիտուտն իր հյուրընկալ դռներն էր բացել Արմավիրի մարզի ավագ դպրոցների 60 աշակերտների համար:

Ինստիտուտի դարպասներից ներս առաջինն աշակերտներին դիմավորեց Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը: Ողջունելով աշակերտներին՝ գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի առաքելությունը, չափազանց կարևոր դերը զինված ուժերը գրագետ սպաներով համալրելու պատասխանատու գործում:

Այնուհետև աշակերտներն այցելեցին Ռազմական ինստիտուտի թանգարան, որտեղ ծանոթացան մեր նորօրյա պատմության, Արցախյան ազատամարտի, զինուժի նվիրյալների մասին պատմող ցուցանմուշներին: Արցախյան ազատամարտի բոլոր դրվագներին քաջատեղյակ, Ռազմական ինստիտուտի կայացման գործում զգալի ավանդ ներդրած թանգարանի պետը՝ պահեստի գնդապետ Գ. Միսակյանը, հաճույքով պատասխանեց աշակերտների բոլոր հարցերին: Հարցասիրությունը վկայում էր աշակերտների ոգևորության մասին:

Ռազմական ինստիտուտի փառքի սրահում միանգամից փոխվեց աշակերտների տրամադրությունը: Ռազմական ինստիտուտի զոհված շրջանավարտների՝ «Նրանք ապրեցին հանուն հայրենիքի» խորագիրը կրող պատվո անկյունը նրանց ստիպեց մի պահ մտորել, գնահատել ու վերարժևորել խաղաղ կյանքը, որը վայելում են, գիտակցել, որ հայոց աշխարհի փխրուն խաղաղությունն այս հերոս տղաների շնորհիվ է պահպանվում:

Աշակերտները եղան նաև զորանոցներում, ծանոթացան կուրսանտների առօրյային, կենցաղային պայմաններին:

Էքսկուրսիայի շրջանակներում աշակերտների և կուրսանտների միջև կազմակերպվեց նաև վոլեյբոլի մրցում, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված վիկտորինա:

Ընկերական միջավայրում շփումներն աշակերտներին հնարավորություն տվեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալ անմիջապես կուրսանտներից, ծանոթանալ նրանց հագեցած առօրյային, տեսնել, թե ինչպես են հաղթահարվում սպայի մասնագիտական բարձունքին հասնելու ճանապարհին հանդիպող դժվարությունները: Աշակերտների խանդավառ դեմքերը մատնում էին, որ էքսկուրսիան որոշակի ազդեցություն կունենա նաև նրանցից ոմանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Հագեցած օրվա վերջին ակորդը տրվեց Ռազմական ինստիտուտի ճաշարանում կազմակերպված ճաշկերույթով, որի ընթացքում աշակերտներին հնարավորություն ընձեռվեց համտեսելու կուրսանտներին տրվող ճաշերը:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/10/2015