Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԻԱԼ… ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ



Մոտ ժամանակներս «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողներին ներկայացնելու է նոր նախագիծ՝ «Սահմանին» հեռուստասերիալը, որը վերջին շրջանում, հատկապես համացանցում, լայն քննարկումների տեղիք է տվել: Ֆիլմը զգայուն թեմայի է անդրադառնալու՝ երկրի սահմանների պաշտպանությանը, պատմելու է սահմանապահ զինվորականների ամենօրյա դժվարին ու վտանգավոր ծառայության մասին: Ուստի, հետաքրքրությունը «Շանթ»-ի եթերում ֆիլմի ծանուցումը դիտող հեռուստադիտողների շրջանում մեծ է, իսկ սպասումներն ու տրամադրությունները՝ հակասական: Շատերն այն բյուրեղացած կարծիքին են, որ եթե սերիալ է, ուրեմն կարող են լուրջ ակնկալիք չունենալ: Եվ մեղադրել չի կարելի՝ վկան մեր հեռուստաեթերը հեղեղած ցածրաճաշակ, առանց ասելիքի սերիալներն են: Շատերն էլ հակառակը՝ անհամբեր սպասում են ֆիլմի ցուցադրմանը:

Ինչո՞վ է առանձնանում այս սերիալը, ի՞նչ նորություն կարող ենք ակնկալել, ինչպե՞ս են ընթանում նկարահանման աշխատանքները. այս և նման այլ հարցերով ժամանելով «Շանթ» հեռուստաընկերություն, դիմեցինք ստեղծագործական խմբի անդամներին:

ՀՈՒՆԱՆ ՍՈՂՈՅԱՆ
սերիալի պրոդյուսեր

Նման ֆիլմ նկարելու մտահղացումը վաղուց էր հասունացել: Մշտապես հետևել ենք սահմանային իրավիճակին, զարգացումներին, և վերջին շրջանում, երբ լարվածությունն այնտեղ աննախադեպ էր, սահմանը պահող զինվորի թեման է՛լ ավելի հրատապ դարձավ: Շատ ուրախ ենք, որ պաշտպանության նախարարության աջակցությամբ կարողացել ենք իրականություն դարձնել մեր վաղեմի երազանքը: Ֆիլմը դեռ ոչ ոք չի տեսել, բայց դատելով միայն թրելլերի ցուցադրումին հաջորդած արձագանքներից, այն մեծ հետաքրքրություն է առաջացրել, և մենք հույս ունենք, որ հեռուստադիտողին հուսախաբ չենք անելու:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
սցենարի հեղինակ

Մեծ ցանկություն ունեինք ներկայացնելու սահմանին առկա բարդ իրավիճակը, մարդկանց, ովքեր պահում են մեր սահմանը, հերոսանում են, անգամ զոհվում՝ մեր խաղաղ օրերի համար: Ինչ վերաբերում է սցենարին, ապա այն իրական դեպքերի վրա չի հիմնված, բայց դրանցից վերցված շատ դրվագներ կան. դրանք ներկայացնում ենք՝ որոշակի գեղարվեստականություն հաղորդելով: Իսկ ֆիլմի 16-րդ սերիան ամբողջությամբ նվիրված է վերջին շրջանում սահմանին զոհված մեր հերոս զինվոր Ազատ Ասոյանին, նրա սխրանքին: Ֆիլմի հերոսները մեր սահմանին ծառայող զինվորներն են, ջահել տղաները և մեր սպաները, որոնք լուռ, հանգիստ, առանց ավելորդ աղմուկի իրենց ծառայությունն են իրականացնում: Այս իմաստով ֆիլմը հարգանքի տուրք է մեր զինվորականներին:

Հանդիպեցինք նաև ֆիլմի ռեժիսոր ՌՈՄԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԻՆ, որը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

-Ներկայումս մեր հեռուստաեթերը ողողած սերիալները նույնիսկ ոչ շատ քմահաճ հեռուստադիտողին են ձանձրացրել իրենց միօրինակ, աննպատակ հորինվածքով: Իսկ զինվորական թեմատիկայով վերջին շրջանում ցուցադրված «Բանակում» սերիալի արձագանքները, որոնք դեռ թարմ են հիշողության մեջ, բոլորովին միանշանակ չէին: Ի՞նչ նոր ասելիք ունի ձեր սերիալը:

-Այս նախագիծը լիովին տարբերվում է այլ սերիալներից, այդ թվում և «Բանակում»-ից: Լիովին այլ ձևաչափ է, բոլորովին այլ մոտեցում և ասելիք: Անգամ կուզենայի չօգտագործել այս բառը՝ սերիալ, քանի որ դրա հետ կապված միշտ անհաճո զուգորդումներ են առաջանում: Կասեի, որ սա ավելի շուտ բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ է: Ինչ վերաբերում է ասելիքին, ապա առաջին հերթին նշեմ, որ սա ռազմահայրենասիրական թեմատիկայով առաջին սերիալն է Հայաստանում: Կարծում եմ՝ այն կնպաստի մեր հայրենակիցների հայրենասիրական ոգու բարձրացմանը, քանի որ մենք փորձել ենք ներկայացնել սահմանին ծառայող մեր զինվորի առօրյան, հոգսերը, սխրանքները՝ փորձելով հնարավորինս իրականությունից չհեռանալ: Թիկունքում գտնվողների համար այս ամենն անհրաժեշտ չափով հասանելի, տեսանելի չէ, և մենք փորձել ենք ստանձնել միջնորդի դերը: Հետո իհարկե սահմանին տիրող այսօրվա վիճակի պատճառով մեր ժողովրդի ուշադրությունը հատկապես սևեռված է սահմանային անցուդարձին: Ուրեմն, ինքներդ դատեցեք, թե որքան կարևոր էր մեր թեմայի ընտրությունը:

-Ի՞նչ պայմաններում եք նկարահանում: Ի՞նչ դժվարություններ կան:

-Իր բնույթով սա այնպիսի ֆիլմ է, որ չենք կարող տաղավարներում կամ քաղաքային վայրերում նկարահանել. սահման, դիվերսիոն օպերացիաներ, ինքնին ենթադրվում է, որ ֆիլմը պետք է նկարահանվի լեռնային տեղանքում, խրամատներում, անտառներում, հիմնականում՝ գիշերով: Ամեն սերիա նկարահանում ենք մոտ 7-8 օրվա ընթացքում՝ կախված եղանակային պայմաններից: Տևական անձրևներ, ցուրտ… մե՛կ 3000 մետր բարձրության վրա ենք նկարահանում, մե՛կ ձորակում, մե՛կ կիրճում… Եթե սովորական սերիալներում մի քանի տաղավարներում են նկարահանումներն իրականացվում, ապա այս ֆիլմում՝ շուրջ 60 տարբեր բացօթյա վայրերում: Պետք է խոստովանեմ, որ շատ բարդ նկարահանումներ են, երբեմն դաժան… բայց արդեն նահանջ չկա: Օրերով չքնելը, անանցանելի վայրերով տեղափոխվելն ու այլ անհարմարությունները մեր ստեղծագործական խմբի անդամներն անտրտունջ ու մեծ պատասխանատվությամբ են տանում: Ցուրտ, մառախուղ, անձրև, գիշերային նկարահանումներ և այլն… իհարկե պայմանները դժվարին են, բայց հենց այս դժվարություններն էլ կարծես համախմբում են մեր ստեղծագործական խմբի անդամներին ու մեր աշխատանքը ավելի հետաքրքիր դարձնում: Ինչպես ես եմ նրանց անվանում՝ «դասակի արծիվները» շատ կարգապահ ու տոկուն են:

-Աշխատանքային խմբի մասին ի՞նչ կպատմեք: Ովքե՞ր են ներգրավված, դերասանական ի՞նչ խումբ է աշխատում:

-Բավականին երիտասարդ, բայց փորձառու ստեղծագործական խումբ է աշխատում, ընդգրկված են խանդավառ, շնորհալի, պատասխանատու մասնագետներ: Հատուկ ֆիլմի համար գրվել են սաունդթրեքներ, որոնց հեղինակն է Գիսանե Պալյանը: Ֆիլմում երկու սերնդի դերասաններ են ներգրավված: Կան հայտնի ու արդեն սիրված դերասաններ, ինչպիսիք են Ռուդոլֆ Ղևոնդյանը, Սարգիս Գրիգորյանը, Արմեն Սողոյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան և ուրիշներ, նաև նորահայտ երիտասարդ դերասաններ, որոնք, հուսով եմ, այս ֆիլմով կճանաչվեն ու կսիրվեն:

-Ռազմական խորհրդատուներ ունե՞ք:

-Նախ կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել պաշտպանության նախարարությանը՝ հսկայական աջակցության համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են ֆիլմի նկարահանման աշխատանքներին՝ սկսած զինվորականներից, որոնց հետ անընդհատ տարբեր խնդիրներով առնչվում ենք, վերջացրած պաշտպանության նախարարով, որը հնարավորություն տվեց իրականացնելու այս համագործակցությունը: Ինչ վերաբերում է ռազմական խորհրդատուներին, պաշտպանության նախարարությունը մեզ հատկացրել է խորհրդատուներ: Ես ինքս էլ լրատվության և քարոզչության վարչությունում եմ անցկացրել ծառայությունս և որոշ չափով այս ոլորտի գիտելիքներ ունեմ: Միասին փորձում ենք այնպես անել, որ սկսած սցենարից, ամեն ինչ ճիշտ ներկայացվի, ճշգրիտ «զինվորական լեզվով»:

-Ինչպե՞ս են Ձեզ ընդունում զորամասերում և սահմանամերձ բնակավայրերում:

-Ցանկացած զորամասում, որ այցելում ենք, անպայման մոտենում, հարցնում են՝ «Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել»: Զինվորները նույնպես սիրով օգնում են` առանց տրտնջալու, պատրաստակամությամբ:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր այն վայրերի ազգաբնակչությանը, որտեղ նկարահանումներ ենք արել: Բոլորը փորձել են ինչ-որ բանով աջակցել. վրան խփել, տեխնիկական այլ հարցերի լուծմանն օգնել: Մի խոսքով, սա մի նախագիծ է, որի շուրջ համախմբվել են, իրենց լուման են ներդրել բոլորը: Եվ հույս ունենք, որ կարդարացնենք բոլորի սպասելիքները:

«Բարի եթեր» ենք մաղթում «Սահմանին» գեղարվեստական սերիալին՝ հուսալով, որ կդիտենք մեր զինվորին ու մեր բանակին արժանի կինոնկար:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #43 (1112) 5.11.2015 - 11.11.2015, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


05/11/2015