ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ*. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ
Սա մի իրողություն է, որը հայկական դիվանագիտությունը պարտավոր է ֆիքսել միջազգային հարթակներում` առանձնացնելով մեր դերն ու նշանակությունը անվտանգության գլոբալ նոր համակարգի ձևավորման գործում։
2013 թվականից Հարավային Կովկասում իրավիճակային փոփոխություն է կատարվել։ Կարևոր այս իրողությունը պայմանավորված էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերսկսված աշխարհաքաղաքական հակամարտությամբ։ Ուկրաինան դարձավ այդ մրցակցության առաջին զոհը։ Այնուհետև տապալվեց Եվրամիության կողմից նախաձեռնված Արևելյան գործընկերության ծրագիրը, դադարեց Ռուսաստան-Միացյալ Նահանգներ համագործակցությունը մեր տարածաշրջանում և, վերջապես, Սիրիա։ Առաջին դասը, որ հայկական կողմը պետք է քաղի դեպքերի նման զարգացումից, այն է, որ Հարավային Կովկասը` որպես աշխարհաքաղաքական միավոր, շարունակում է իր վրա կրել հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը։ Հայաստանն էլ, իր հերթին, ենթակա է տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը։ Հետևաբար, անհնար է կառուցել երկրի ապագան առանց հաշվի նստելու այն իրողությունների հետ, որոնք առկա են Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում, Սև ծովի և Կասպից ծովի ավազաններում, Բալկաններում և այլն։
Դա վերաբերում է պետական գործունեության բոլոր ոլորտներին, իսկ պաշտպանական քաղաքականությանը` առավել ևս։ Որովհետև, ինչպես տեսանք, երկրի անվտանգ զարգացմանը սպառնացող ռիսկերը կարող են բխել ոչ միայն ակնհայտ թշնամուց, որի գործողությունները քիչ թե շատ տրամաբանական են և հասկանալի, այլև շատ ավելի հեռվում տեղի ունեցող և, առաջին հայացքից, մեզ հետ որևէ կապ չունեցող գործընթացներից։ Ուստի անհրաժեշտ է ուշիմ հետևել աշխարհաքաղաքական բոլոր զարգացումներին` փորձելով բացահայտել և լիարժեք հասկանալ այն իրողությունները, որոնք պատմական կոնկրետ ժամանակահատվածում համաշխարհային քաղաքականության ամենակարևոր դերակատարումն են ստանձնում։ Այլ խոսքերով ասած` պետք է տեսնել և ուսումնասիրել շրջակա աշխարհը:
Այսօր աշխարհաքաղաքական զարգացումների էպիկենտրոնը Սիրիան է։ Երկիր, որը մշտապես եղել է Մերձավոր Արևելքում Հայաստանի հիմնական դաշնակիցներից մեկը, որտեղ բազմահազար հայկական համայնք կա, և որը հիանալի արդյունավետությամբ զսպել է Թուրքիայի ազդեցության հնարավոր մեծացումը Արևելքում։ Ցավոք, Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմը զրկել է այդ երկիրը հիշատակված որակներից։ Սիրիան այլևս նախկինը չէ և, հավանաբար, տեսանելի ապագայում չի կարող այդպիսին դառնալ։ Սակայն ռուսական ավիացիայի ռազմական գործողություններն ահաբեկչական կազմակերպությունների դեմ դարձել են աշխարհաքաղաքական նոր գործընթացի սկիզբ, որի վերջնական նպատակը, Սիրիայում ահաբեկչական խնդիրը լուծելուց բացի, Մերձավոր Արևելքում միջազգային նոր կոալիցիայի ձևավորումն է։ Ի հակակշիռ այն կոալիցիայի, որը ԱՄՆ գլխավորությամբ արդեն կար, և որի կազմում արևմտյան երկրներից բացի ներառված էին նաև Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը և այլն։ Ձևավորվող նոր կոալիցիայում Ռուսաստանից և Սիրիայից բացի կլինեն նաև Իրանը, Չինաստանը, Լիբանանը, հավանաբար Իրաքը և այլն:
Պարզ է, որ ռուս-սիրիական դաշինքի յուրաքանչյուր նոր հաջողություն առաջացնելու էր առաջին` Արևմտյան դաշինքի հակազդեցությունը, որի արտահայտությունը հիմնականում գլոբալ մասշտաբների է։ Բայց դիմադրություն ցուցադրվում է նաև տեղերում և հակամարտության էպիկենտրոնին հարող հարակից տարածաշրջաններում։ Այսպես, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին խոչընդոտելու նպատակով Թուրքիան կարող է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու փորձեր կատարել։ Դրա ամենակարճ ճանապարհը Ադրբեջանի ձեռքերով հայ-ադրբեջանական սահմանում լարվածության նոր ալիք բարձրացնելն է։ Կամ Հյուսիսային Կովկասում հակառուսական տրամադրությունների ակտիվացումը։ Հնարավոր այլ տարբերակներ նույնպես կան։ Մեզ համար կարևորն այն է, որ ցանկացած լարվածություն մեր տարածաշրջանում անմիջական սպառնալիք է հայկական պետությունների անվտանգությանը։
Ունենալով ուժեղ բանակ և ապահովելով համեմատաբար կայուն վիճակ Հարավային Կովկասում` Հայաստանը, ըստ էության, նպաստում է Մերձավոր Արևելքում միջազգային նոր կոալիցիա ձևավորելու գործընթացին։ Կոալիցիա, որի առաջատար պետությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և որի գործունեությունը նպաստում է մեր մեկ այլ դաշնակցի անվտանգությանն ու բնականոն կյանք վերադառնալուն։ Այսինքն` Հայոց բանակն ապահովում է ոչ միայն հայկական պետությունների անվտանգությունը, այլև նպաստում աշխարհաքաղաքական ավելի խոշոր գործընթացների հաջող ընթացքին։ Սա մի իրողություն է, որը հայկական դիվանագիտությունը պարտավոր է ֆիքսել միջազգային հարթակներում` առանձնացնելով մեր դերն ու նշանակությունը անվտանգության գլոբալ նոր համակարգի ձևավորման գործում։ Այլ խոսքերով` անհրաժեշտ է ռազմական մեր ներուժը լիարժեք «կապիտալիզացնել» համաշխարհային քաղաքականության մեջ, ինչը, անկասկած, կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը որպես տարածաշրջանային կարևոր գործոն։
* Տպագրելով Հրանտ Մելիք-Շահնազարյանի հոդվածը, խմբագրությունն իր ընթերցողին է ներկայացնում քաղաքական վերլուծաբանների նոր սերնդի փայլուն ներկայացուցիչներից մեկին: Նա հայտնի քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծաբանական կենտրոնի հիմնադիր և ղեկավար, վերջերս անժամանակ իր մահկանացուն կնքած Լևոն Մելիք-Շահնազարյանի որդին է, նրա հայրենանվեր գործի շարունակողը: «Ոսկանապատ» վերլուծաբանական կենտրոնը շնորհիվ աշխատակիցների մասնագիտական գերազանց պատրաստվածության և հայրենքին անսահման նվիրվածության՝ վերածվել է հակահայ քարոզչության դեմ պայքարի հզոր վերլուծաբանական հարթակի:
ՍԱՀՄԱՆԻՑ ԱՆԴԻՆ ՆԱՅՈՂԸ
Հիշատակի խոսք
Լեւոն Մելիք-Շահնազարյանը ամբողջ սրտով սիրահարված էր հայոց բանակին. զինվորական գործը գիտեր արհեստավարժ մասնագետներից ոչ պակաս: Որպես ազատագրական շարժման մասնակից, հոգու մեջ կրում էր Արցախի ժողովրդի անկախացման ճանապարհի ողջ դժվարություններն ու տառապանքները: Բանակի հանդեպ նրա սերը ցուցադրական, դեկորատիվ չէր, ինչպես շատերինը, որոնք անվերջ ու անդադար սնապարծում են պատերազմի այս կամ այն դրվագի հետ ունեցած իրենց առնչությամբ: Ինչպես ես եմ հասկանում նրա, այսպես ասած, «ռազմամոլությունը», որ գալիս էր նրա էության արիստոկրատիզմից, կատեգորյալ բնույթ ուներ: Սովորաբար արիստոկրատ են համարում նրանց, ովքեր սերում են ազնվականական այս կամ այն տոհմից՝ համապատասխան զբաղմունքով ու կարգավիճակով: Սակայն, ըստ իս, իսկական արիստոկրատիզմը բնութագրվում է հենց սեփական երկրի բանակի եւ, ընդհանրապես, զինվորական գործի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Ես սա ոչ միայն կայսրությունների՝ բրիտանական, ռուսական եւ այլն, ազնվականության շնորհն է (իսկ դրանք ստեղծվել են հենց ազնվականության զոհողությունների շնորհիվ, նրանց ոսկորների վրա), այլեւ՝ փոքր երկրների, որոնք միտված են ապագային ու ձգտում են ավելիին, այսինքն՝ ընդարձակվելուն՝ ամենեւին էլ ոչ նվաճողական ռազմարշավների իմաստով:
Ես հաճախ եմ ասել եւ հիմա էլ կրկնում եմ՝ երկրի ներկայիս սահմանները պահելու համար միշտ պետք է սահմանից անդին նայել եւ ո՛չ հենց՝ սահմանին: Լեւոնը հայրենի սահմանի գաղափարի կենդանի մարմնացումն էր՝ դեպի դուրս բացվող սահմանի եւ ոչ թե դեպի ներս:
Գառնիկ ԱՍԱՏՐՅԱՆ
Բանասիրական գիտություների դոկտոր, պրոֆեսոր