Ի ՇԱՀ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Ակնհայտորեն վերջին ժամանակներս մեծացել է հասարակության ուշադրությունը նախարարներին կից գործող հանրային խորհուրդների նկատմամբ: Հանրային խորհուրդները պետք է կարևոր դերակատարում ստանձնեն հասարակության և իշխանության մեջ երկխոսության ծավալման, հասարակական կարծիքի և պահանջների, մտահոգությունների ներկայացման, քաղաքականության մշակման գործում հասարակության ներգրավվածության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում£ Ներկայումս ՀՀ կառավարությունում մշակվում է հանրային խորհուրդների օրինակելի աշխատակարգը:
Հարկ է նշել, որ այս հարցին առնչվող քննարկումներում և կատարված հետազոտություններում պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը (ՊՆԱ ՀԽ) առանձնացվել է որպես դրական օրինակ:
Օրերս ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՊՆԱ ՀԽ-ի գործունեության արդյունքների ամփոփում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հասարակական կարծիքի և զինված ուժերում խնդրահարույց հարցերի ուսումնասիրման, հասարակության շրջանում բանակի դերի բարձրացման առումով կարևորեց ՀԽ-ի կատարած ծավալուն և բազմակողմանի աշխատանքը և միաժամանակ վստահություն հայտնեց, որ խորհուրդն իր գործունեությամբ այսուհետ ևս բանակի և հասարակության միջև կձևավորի երկխոսության մթնոլորտ:
Հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանը իր հաշվետու զեկույցում հանգամանալից ներկայացնելով վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքը` նշեց, որ խորհուրդը մշտապես գործել է բանակ-հասարակություն հարաբերությունների շրջագծում և հստակ որոշված ուղենիշներով ձգտել է իր նպաստը բերել բանակի և հասարակության արդյունավետ փոխգործակցության և փոխազդեցությունների զարգացմանը:
Ընդհանուր այս համատեքստում ՀԽ-ն հետամուտ է եղել զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների լիարժեք ապահովման, բանակի կանոնադրական հիմքերի ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման, ազգային նկարագրով օժտված հայ զինվորականի կերտման, հանրային ընկալման մեջ բանակի ճշմարտացի արտացոլման կարևոր խնդիրների իրագործմանը: Անցած երեք տարիներին ՀԽ-ն շրջայցեր ու ստուգայցեր է կատարել ԶՈւ տարբեր զորամասերում, կազմակերպել է մտավորականների, համերգային խմբերի այցելություններ£ ՀԽ-ի նախաձեռնությամբ զորամասերում ստեղծվել ու գործում են «Հայ ասպետ» կրթամշակութային ակումբներ: Այսօրինակ միջոցառումները նպաստել են բանակում կրթամշակութային կյանքի է՛լ ավելի աշխուժացմանը, ընդլայնել զինծառայողների հետաքրքրությունների շրջանակը և մեկ անգամ ևս հավաստել, որ հասարակությունը անտարբեր չէ բանակի նկատմամբ, մշտապես պատրաստ է սատարելու, նեցուկ և աջակից լինելու հարազատ զինված ուժերին:
Նախորդ երեք տարիների համեմատ ավելի շոշափելի է դարձել ՀԽ-ի մասնակցությունը զորակոչի գործընթացին, որի խոսուն ցուցանիշներից մեկը ՀԽ-ի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովին հասցեագրված դիմումների թվի հնգապատիկ ավելացումն է (ստացվել է 1340 դիմում-բողոք նախորդ երեք տարիների 271-ի դիմաց): Քննարկված 1340 դիմում-բողոքների առնչությամբ զորակոչային մարմիններին ներկայացվել են 876 միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 211 որոշումներ:
Բացի այդ, բավարարվել է զորակոչիկների ընտանեկան հանգամանքներից բխող և իրավական հարցերին առնչվող 34 դիմում: Զորամասերում կատարված շրջայցերի և ստուգայցերի արդյունքների, ինչպես նաև զորակոչային հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ պաշտպանության նախարարին ներկայացվել են զեկուցագրեր, որոնցում տեղ են գտել բազմաթիվ դիտարկումներ, վերլուծություններ, մտահոգություններ և առաջարկություններ, միաժամանակ արձանագրվել է նաև դրականը, զարգացման միտումները£
Վերջին երեք տարիներին հետևողական քայլեր են կատարվել նաև զորակոչի գործընթացը որակապես բարելավելու նպատակով, որում ներառվել են գործընթացի թափանցիկության, կոռուպցիոն երեւույթների չեզոքացման, զորակոչիկների առողջական վիճակի ուսումնասիրման և գնահատման հարցերը£ Այս տեսակետից առավել բնութագրական են անցումը վիճակահանությամբ զորակոչիկների բաշխման եղանակին, նախքան ծառայության մեկնելը զորակոչիկների պատվաստումը քաղաքացիական բուժհիմնարկներում, կցագրման փուլում իրականացվող պարտադիր բուժհետազոտությունների ցանկում սրտի և որովայնի ներքին օրգանների հետազոտությունների ներառումը: Հասարակական խորհուրդը նաև կազմակերպել է հանրապետական երկու գիտաժողով` նվիրված զինված ուժերում արդյունավետ հոգեբանական ծառայության կազմակերպմանը և փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի հրատապ խնդիրներին£
Այս ամենից զատ, ՀԽ-ն մշտապես գործնական մասնակցություն է ունեցել պաշտպանական քաղաքականությանն ու բանակին առնչվող հանրային քննարկումներին£ ՀԽ-ն իր գործունեությունն իրականացրել է պաշտպանության նախարարի համակողմանի աջակցությամբ, ՊՆ, ԶՈւ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության պայմաններում£
ՀԽ-ի նախագահ Գեղամ Հարությունյանը իր զեկույցում շեշտեց նաև պաշտպանության նախարարության զգայուն վերաբերմունքը հասարակական կարծիքի նկատմամբ և նախաձեռնողական քաղաքականությունը հասարակության մտահոգություններին և պահանջներին արձագանքելու ուղղությամբ: Ամփոփելով կատարված աշխատանքը՝ ՀԽ-ի նախագահը հույս հայտնեց, որ առաջիկայում ևս հասարակական խորհրդի գործունեությունը միտված կլինի բանակ-հասարակություն կապերի առավել սերտացմանը, հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակությանն ուղղված տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը և, իհարկե, նկատված խնդիրների, թերությունների բարձրաձայնմանը:
♦♦♦
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտեց բանակ-հասարակություն կապի ամրապնդման կարևորությունը նաև պետության անվտանգության տեսանկյունից, այնուհետ ներկայացրեց իր դիտարկումները, տվեց համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀԽ-ի անդամներին համատեղ աշխատանքի համար և շնորհակալագրեր հանձնեց:
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #43 (1112) 5.11.2015 - 11.11.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում