Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՆԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ



Արցախ աշխարհի Քաշաթաղի շրջանի Երիցվանքի գյուղական համայնքը՝ կազմված Երիցվանք, Կրմեն և Ամիրյան գյուղերից, գտնվում է Հակարի և Որոտան գետերի միացման մասում (աջ ափին)՝ շրջկենտրոն Բերձորից մոտ 70 կմ հարավ: Ազատագրվել է 1993 թ. աշնանը, վերաբնակեցվել 1997թ.-ի գարնանը: Այդ ժամանակից էլ գյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը: Դպրոցի 11-12-րդ միացյալ դասարաններում սովորում է 5 աշակերտ: Դպրոցի մանկխորհրդի առաջարկով այս դասարանը շրջվարչակազմի որոշմամբ կոչվել է հայ գուսան, երգահան Գուսան Հայկազունի՝ Գագիկ Նազարյանի անունով: Դասարանի բացման արարողությանը ներկա էր գուսանը որդու՝ Սիփանի, դստեր՝ Վարդիշաղի և իր հիմնած «Հայկազունք» երաժշտական համույթի երգիչների հետ: Դպրոցի միջանցքում կայացավ ցերեկույթ: Սկզբում կատարելով Գուսանի «Գետաշեն» երգը՝ ներկաներին ելույթով ողջունեցին աշակերտները: Ընթերցեցին հայ մեծերի բանաստեղծությունները:

Գուսան Հայկազունը Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է, Արցախյան պատերազմի մասնակից, Երկրապահ կամավորականների միության անդամ: Հինգերորդդասարանցի Անահիտ Մուրադյանը բավականին լավ կատարեց Հայկազունի «Պիտի գնամ վաղ, թե ուշ» երգը, և շատերը ձայնակցեցին աղջնակին: «Նախնիների արյան կանչով Գուսան Հայկազունը մասնակցեց Արցախյան ազատագրական մարտերին, և հենց մարտական դիրքերում էլ ծնվեցին նրա ռազմահայրենասիրական երգերը, որոնք այժմ մեր ժողովրդի մշակույթի անբաժան մասն են ու սիրված երգեր»,- ասաց դպրոցի տնօրեն Վարդիկ Սաֆյանը: 11-12-րդ դասարանների դասղեկ Մերուժան Մարգարյանը գոհունակություն հայտնեց, որ հենց Գուսան Հայկազունի անունով է կոչվում իր ղեկավարած դասարանը, և նշեց, որ աշակերտներն այսուհետ ավելի պարտավորված են զգալու և լավ են սովորելու:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը շնորհավորեց տոնական օրվա առիթով. «Գուսանն իր երգերով մնալու է մեր ժողովրդի հիշողության մեջ: Հպարտանալու տեղ ունեք, որ նրա անունով է կոչվում մի դասարան»:

Գուսանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին՝ դասարանի ղեկավարին, դպրոցի տնօրինությանը, համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանին, ազգաբնակչությանը և շրջանի ղեկավարությանը՝ դասարանն իր անունով կոչելու համար: Նշանակում է՝ «Արել եմ ինչ-որ բան իմ ազգի, ժողովրդի համար»: Վերջում կատարեց իր նոր երգերից մեկը՝ «Լավագույն տղերքը դուք եք»: Երգը նվիրված է բոլոր նրանց, ովքեր չեն հեռացել հայրենիքից, մնացել և ազգի շահը բարձր են դասում անձնականից:

Դասարանի կարմիր ժապավենը կտրեցին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դ. Դավթյանը և Գուսան Հայկազունը: Գրատախտակի վրա Հայկազունն ստորագրեց Մասիսների նկարով: 12-րդ դասարանի աշակերտներ Քրիստինե Իգիթյանը, Նելլի Ազարյանը և Սերյոժա Հովհաննիսյանը հպարտությամբ մտան արդեն անվանակոչված դասարան, որտեղ գրատախտակին մեր ժողովրդի լավագույն զավակներից Գուսան Հայկազունի ստորագրությունն էր:

Զ. ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #43 (1112) 5.11.2015 - 11.11.2015, Հոգևոր-մշակութային


05/11/2015