Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈԼՑՈ – 20



20 տարի առաջ` 1991թ. ապրիլի վերջին, սկսվում է տխրահռչակ «Կոլցո» գործողությունը, որը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրականացված ամենադաժան եւ լկտի օպերացիաներից մեկն էր: «Կոլցոյի» նպատակն էր հայերին տեղահանել հնարավորինս շատ բնակավայրերից, միաժամանակ նաեւ վախ առաջացնել եւ ճնշել ազգային ազատագրական արդարացի պայքարը, կոտրել դիմադրության ոգին: Հայաթափման թիրախն առաջին հերթին Հյուսիսային Արցախի բնակավայրերն էին` Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի գյուղերը:
Թեեւ բուն գործողությունը սկսվում է ապրիլի 30-ին, սակայն դրա նախապատրաստումը սկսվել էր ավելի վաղ` հունվարից:
Լեռնային Ղարաբաղի բնակչության արդարացի պայքարը 1991թ. արդեն թեւակոխել էր նոր փուլ: Ակնհայտ էր, որ ո՛չ ԽՍՀՄ ղեկավարությունը, ո՛չ առավել եւս Ադրբեջանը ցանկություն չունեին արդարացի լուծում ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի համար: Դրա վառ ապացույցն էին Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայկական ջարդերը, տեղահանությունները Շուշիից, Խոջալուից եւ այլ հայկական բնակավայրերից: Խորհրդային կայսրության փլուզումը դարձել էր անխուսափելի, եւ պետական մարմինները ի ցույց էին դնում լրջագույն խնդիրները լուծելու իրենց անկարողությունը։
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում օրեցօր լարվում էր: Սպանությունները, բռնությունները, թալանը ամենօրյա երեւույթ էին: Այս ամենին դիմակայելու համար Ղարաբաղում կազմավորվում էին ինքնապաշտպանական առաջին խմբերը, որոնք փորձում էին զենքի, վառելանյութի, սննդամթերքի բացակայության եւ դաժան շրջափակման պայմաններում ինչ-որ կերպ դիմակայել ադրբեջանական հրոսակներին:
Իսկ Ադրբեջանում ստեղծվում էին հատուկ ստորաբաժանումներ, որոնք պետք է կռվեին Ղարաբաղում: Դրանց օրինական տեսք տալու եւ սպառազինելու նպատակով, հրոսակները ներգրավվում էին միլիցիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ստանում հաշվարկային զենք, հանդերձանք, զրահամեքենաներ եւ ուղարկվում էին Ղարաբաղ:
Միաժամանակ, Ադրբեջանը օգտագործել էր ԽՍՀՄ 4-րդ բանակի ստորաբաժանումները, որոնց դեմ հայկական ինքնապաշտպանական ջոկատները անզոր էին պայքարելու: Թեեւ ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցությունը համառ պայքար էր մղում Ադրբեջանի կոմունիստական իշխանության դեմ, սակայն, ակնհայտ է, որ Ղարաբաղի խնդրի լուծումը նրանք պատկերացնում էին նույն ձեւով` հայերի բնաջնջումով եւ տեղահանությամբ: Ադրբեջանի կոմկուսի գլխավոր քարտուղար Այազ Մութալիբովը կարողանում էր հաջողությամբ օգտագործել խորհրդային բանակի եւ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության: Այդ նպատակի իրականացման համար օգտագործվում էր նաեւ նոր միութենական պայմանագրին Հայաստանի չմասնակցելու փաստը: 1991թ. մայիսի 18-ի «Բակինսկի ռաբոչի» թերթում տպագրված հարցազրույցում Մութալիբովը հաստատում է, որ Միութենական պայմանագրի կնքումից հետո Կենտրոնն օգնում է Ադրբեջանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ պատճառով «Կոլցո» գործողությանը անմիջականորեն մասնակցում էին խորհրդային բանակի եւ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները: Հատկանշական է, որ ապրիլին Շահումյանի շրջանից հեռացվում են ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի այն ստորաբաժանումները, որոնք գտնվում էին ԼՂԻՄ հատուկ շրջանի պարետի անմիջական ենթակայության տակ: Նրանց փոխարինելու են գալիս ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի ստորաբաժանումները` գնդապետ Մակաշովի հրամանատարությամբ:
Լեռնային Ղարաբաղի գործադիր մարմինները 1991թ. լուծարված էին, եւ Կենտրոնի որոշումով՝ այնտեղ գործում էր, այսպես կոչված, Կազմկոմիտեն` գլխավորությամբ Ադրբեջանի Կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյի, որը կարողանում էր իրականացնել իր գլխավոր նպատակը` ամեն գնով ճնշել Ղարաբաղի բնակչության ազգային-ազատագրական նկրտումները:
1991թ. հունվարի 14-ին Ադրբեջանի ԳԽ նախագահությունը որոշում է վարչական փոփոխություններ կատարել Հյուսիսային Արցախի սահմանամերձ շրջաններում` է՛լ ավելի սեղմելով շրջափակման օղակը: Շահումյանի եւ ադրբեջանական Կասում-Իսմայլովի շրջանները միավորվում են մեկ` Գերանբոյի շրջանի մեջ: 1991թ. Շահումյանի շրջանն ուներ շուրջ 20 հազար բնակիչ, 82 տոկոսը՝ հայեր:
Կոլցո օպերացիայի շուրջ 2 ամսվա ընթացքում Հյուսիսային Արցախի ու հարակից շրջանների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Բերդաձորի ենթաշրջանի 24 գյուղերից տեղահանվում է ավելի քան 10000 հայ: Գործողությունն իրականացվում է Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ ադրբեջանական օմօն-ի անմիջական մասնակցությամբ՝ ներքին զորքերի հրամանատար Յու. Վ. Շատալինի ղեկավարությամբ:
«Կոլցո» գործողությունն առաջին անգամ կիրառվել է Աֆղանստանի Ղանդահար նահանգում: Արցախում այն փոքր-ինչ այլ բնույթ էր կրում: Եթե Ղանդահարում ականներն ու պայթուցիկներն ամրացնում էին գյուղերի տներին եւ բնակիչների հետ միասին պայթեցնում, ապա Ղարաբաղում մարդկանց հնարավորություն էր տրվում փախչել հայաթափ գյուղերից:
Արցախի բնակավայրերի տեղահանության հետ միաժամանակ սկսվում է Հայաստանի սահմանամերձ շրջանների հրետակոծումն ու գնդակոծությունը: Ընդ որում, ադրբեջանական օմօնի եւ խորհրդային բանակի ստորաբաժանումների հարձակմանն էին ենթարկվում Հայաստանի ՆԳՆ նախարարության աշխատակիցները, ովքեր փորձում էին սահմանամերձ բնակավայրերում ապահովել բնակչության անվտանգությունը:

Ահա այդ օրերի
համառոտ ժամանակագրությունը
30 ԱՊՐԻԼԻ – Խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմօն-ի ստորաբաժանումները մտնում են Շահումյանի շրջանի Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Նրանց ուղեկցում էր ադրբեջանական ամբոխը, որը գյուղ մտնելուց հետո սկսում է հայերի սպանությունն ու թալանը: Գետաշենի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Թաթուլ Կրպեյանը զոհվում է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մակաշովին պատանդ վերցնելուց հետո: Մարտունաշենում, ապահովելով բնակչության նահանջը, զոհվում է ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը` Դեդը:
1 ՄԱՅԻՍԻ – «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակում է Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդներից մեկի հայտարարությունը, ըստ որի՝ Շահումյանի շրջանում տեղի ունեցած բարբարոսությունների հեղինակն ու կազմակերպիչը Գորբաչովն ու Մութալիբովն են, որոնք հանդիպել էին դեպքերից մի քանի օր առաջ: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Յու. Շատալինը: Վերջինս Մութալիբովի հետ մեկնել էր Բաքու:
3 ՄԱՅԻՍԻ – Ադրբեջանական ԽՍՀ Ղազախի շրջանից գնդակոծվում են Հայկական ԽՍՀ Իջեւանի շրջանի Կիրանց, Աչաջուր եւ Ծաղկավան գյուղերը:
4 ՄԱՅԻՍԻ – Հայաստանի ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայում հանդիպում է Գորբաչովի, Կրյուչկովի, Պուգոյի, հետո նաեւ Բորիս Ելցինի հետ: Նույն օրը Մ. Գորբաչովը հանդիպում է Մութալիբովի եւ Պոլյանիչկոյի հետ, սակայն իրադրությունը Լեռնային Ղարաբաղում մնում է անփոփոխ:
-Նախիջեւանի ԻԽՍՀ տարածքից գնդակոծվում է Սիսիանի շրջանի Շաղաթ գյուղը:
5 ՄԱՅԻՍԻ – Ադրբեջանական ԽՍՀ Լաչինի շրջանի Ջալալար գյուղից գնդակոծվում են Գորիսի շրջանի Արամուս գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացիները:
-Ադրբեջանական ԽՍՀ Կուբաթլուի շրջանից գնդակոծվում է Գորիս-Կապան ավտոճանապարհը:
6 ՄԱՅԻՍԻ – Մոսկվայում ԽՍՀՄ ԳԽ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության ԳԽ ապրիլի 25-ի պահանջը` ԽՍՀՄ ժողպատգամավորների արտահերթ նիստ հրավիրելու մասին: Ադրբեջանի ԳԽ նախագահության նախագահ Է. Կաֆարովան հայտարարում է, որ դա հակասում է ԽՍՀՄ Սահմանադրությանը եւ ներկայացնում որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ: Հակահայկական ելույթ է ունենում նաեւ ԽՍՀՄ ՆԳ նախարար Մ. Պուգոն, որին պաշտպանում է նաեւ ԽՍՀՄ ԳԽ նախագահ Ա. Լուկյանովը: Հարցը փակվում է:
-Գնդակոծվում են Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար եւ Բարեկամավան գյուղերը:
-Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարում 18 ՄԻ-26 ուղղաթիռ` 350 դեսանտայիններով: Մի քանի ժամ անց դեսանտայինների 2 վաշտ տեղափոխվում է Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր գյուղ եւ հսկողության տակ են վերցնում Հայկական ատոմակայանը:
-Ծայրահեղ լարվում է դրությունը ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում: Գյուղի մերձակա բարձունքները զբաղեցրած դեսանտագրոհային գումարտակի հրամանատարությունը գյուղի բնակչությանը զինաթափման վերջնագիր է ներկայացնում, այդ թվում` միլիցիայի աշխատակիցներին: Սկսվում են բանակցությունները: Նույն օրը՝ երեկոյան Նոյեմբերյան են ժամանում ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորներ:
-Իրադրությունը շարունակում է լարված մնալ ԼՂԻՄ Շահումյանի շրջանում: Ողջ գիշեր հայկական գյուղերը ռնբակոծվում են խորհրդային բանակի տանկերից եւ ՀՄՄ-ներից:
-Խորհրդային բանակին պատկանող երկու ռազմական ուղղաթիռներ գնդակոծում են ՀՀ Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղը:
-Ռազմական ուղղաթիռներով Գետաշենից Ստեփանակերտ է տեղափոխվում շուրջ 700 հայ փախստական:
6 ՄԱՅԻՍԻ – Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում խորհրդային բանակի դեսանտայինները գնդակոծում են ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, որի հետեւանքով միլիցիայի 10 աշխատակիցներ եւ վարորդը տեղում զոհվում են, եւս երեքը ստացած վերքերից մահանում են հիվանդանոցում:
7 ՄԱՅԻՍԻ – ԽՍՀՄ բանակի զինվորականները շրջապատում են ՀՀ Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղը, պատանդներ են վերցնում եւ տանում Ադրբեջանի Կուբաթլուի շրջան: Դրանից հետո նրանք գնդակոծում են հեռուստաաշտարակը, որի հարակից շինություններում հրդեհ է բռնկվում:
-Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերից 14 ավտոբուսներով Իջեւան են տեղափոխվում մեծ թվով փախստականներ:
-Խորհրդային բանակի ստորաբաժանումները 21 տանկերով շրջապատում են Արծվաշեն գյուղը: 4 զրահամեքենա ներխուժում է ոսկերչական գործարանի տարածք, գնդակոծում վարչական շենքը եւ փակում մուտքի ճանապարհը: Նույն օրը զինվորականները իրենց վերահսկողությունն են սահմանում նաեւ Վարդենիսի շրջանի Զոդ բնակավայրում:
9 ՄԱՅԻՍԻ – տեղահանվում են Գետաշենի ենթաշրջանի Ազատ եւ Կամո գյուղերը:
13 ՄԱՅԻՍԻ – Խոհրդային բանակի եւ օմօն-ի ստորաբաժանումները շրջապատում են Բինաթլու, Արագյալ, Ջիլան, Բանազուր, Քարագլուխ, Մույքիդարա, Սպիտակաշեն եւ Դոլանլար հայկական գյուղերը:
15 ՄԱՅԻՍԻ – Վաղ առավոտյան շրջապատվում են Բերդաձորն ու հարակից գյուղերը: Ե՛վ Հադրութում, ե՛ւ Բերդաձորում նախօրոք անջատվել էին հեռախոսը եւ ռադիոկապը: Շրջկենտրոնը եւ գյուղերը կապող բոլոր ճանապարհները փակված էին զրահամեքենաներով:
17-18 ՄԱՅԻՍԻ – Հադրութից փախստականների ու տեղահանվածների առաջին ավտոբուսները հասնում են Գորիս: Դրանք հիմնականում կանայք էին, ծերեր եւ երեխաներ: Տղամարդիկ քիչ էին. մի մասը կարողացել էր փախչել եւ թաքնվել սարերում ու անտառներում, մյուսներին ձերբակալել ու տարել էին անհայտ ուղղությամբ:

1991թ. ապրիլի 30-ին սկսված «Կոլցո» գործողությունը շարունակվում է մինչեւ ամռան կեսերը, որի ընթացքում Խորհրդային բանակի եւ Ադրբեջանի օմօն-ի ուժերով ամբողջովին հայաթափվում են ԼՂԻՄ Հադրութի շրջանի 14, Բերդաձորի ենթաշրջանի 6 գյուղեր, ինչպես նաեւ Խանլարի շրջանի Ազատ, Գետաշեն, Մարտունաշեն եւ Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերը: Այդ գյուղերի ողջ բնակչությունը բռնի տեղահանվում է, իսկ մի մասը` սպանվում: 1991թ. մայիս-հունիս ամիսներին («Կոլցո» գործողությունից հետո մեկ ամսվա ընթացքում) Բերդաձորի ենթաշրջանում վերաբնակեցվում են 132, Հադրութի շրջանում` 245 ադրբեջանական ընտանիք: Ավելի քան 3000 ադրբեջանցիներ հաստատվում են նաեւ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում:

Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Պատմության էջերից


26/05/2011