ԶՈՐԱԿՈՉԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ստորագրել է 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր: Այս համապետական կարևորագույն միջոցառման շուրջ է մեր աշխատակից Սամվել Հարությունյանի հարցազրույցը ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի հետ:
– Պարոն գնդապետ, թեև զորակոչը վաղուց սովորական երևույթ է մեր 23-ամյա հանրապետության կյանքում, սակայն ամեն զորակոչ, այնուամենայնիվ, պետք է առանձնանա նախորդից… Այս զորակոչը 45-րդն է մեր պետության, մեր ժողովրդի կյանքում, ինչ-որ առումով՝ հոբելյանական:
-Բնականաբար, ամեն զորակոչ նախորդից պետք է առանձնանա՝ դրական միտումների իմաստով, ինչով էլ պայմանավորված է, մեծ հաշվով, զինված ուժերի առաջընթացը: Տարեցտարի զորակոչի նկատմամբ պահանջները հստակեցվում և խստացվում են: Այս զորակոչի ժամանակ առավել խիստ մոտեցում է ցուցաբերվելու առողջապահական հարցերին` առողջական խնդիրներ ունեցող պատանիների զորակոչը իսպառ բացառելու նպատակով: Ինչպես ասում են՝ այս հարցը խոշորացույցի տակ է լինելու: Զորակոչային ռեսուրսը կենթարկվի առավել մանրակրկիտ, խորացված բուժհետազոտության ինչպես տարածքային զինկոմիսարիատներում, այնպես էլ քաղաքացիական բուժհիմնարկներում: Միայն հետո նորակոչիկները կներկայանան կենտրոնական բժշկական հանձնաժողով, որտեղ էլ վերջնական որոշում կընդունվի նրանց պարտադիր զինվորական ծառայության պիտանելիության մասին: Տարածքային զինկոմիսարիատներում առավել մեծ ուշադրություն է դարձվելու նորակոչիկների հարազատների հետ տարվող աշխատանքներին, փոխադարձ շփումներին, որպեսզի յուրաքանչյուր ծնող քաջատեղյակ լինի «Զինապարտության մասին» օրենքին ու նրա պահանջներին:
Եվ, այնուամենայնիվ, հանրապետության զինվորական կոմիսարիս հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու զորակոչի արդար ու թափանցիկ անցկացմանը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բանակի ղեկավարությունն իր բոլոր լծակներն ուղղել և ուղղելու է արդարության և օրինականության պահանջների խստագույն պահպանմամբ զորակոչ անցկացնելուն: Ուստի, հորդորում և խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ այս կամ այն ճանապարհով, անթույլատրելի միջոցներով իրենց երեխայի զորակոչին միջամտելու քայլերից, մանավանդ դրանք որևէ ցանկալի արդյունքի չեն հանգեցնելու:
Ի դեպ, պատասխանելով ձեր՝ ինչո՞վ է առանձնանալու այս զորակոչը նախորդից, հարցին, ասեմ, որ առաջին անգամ մեր զորակոչի պատմության մեջ զորակոչի ենթակա պատանիները մինչև զորակոչվելը, իրենց իսկ տարածքային զինկոմիսարիատների նախաձեռնությամբ, կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, «Մայր Հայաստան» զինվորական և Հայաստանի պատմության թանգարաններ: Նպատակը մեր ապագա զինվորին երկրի ու ժողովրդի պատմությանը, անցած ուղուն ծանոթացնելն է, նրանց հայրենասիրական ոգին բարձր պահելն ու հայրենասիրական թարմ ազդակներով բանակին նախապատրաստելն է:
-Իսկ հիմա, խնդրեմ, զորակոչի իրականացնելիք խնդիրների մասին:
– Զորակոչի առաջին և կարևորագույն խնդիրը եղել ու մնում է ԶՈՒ համալրումը: Զորակոչի կազմակերպումն ու անցկացումը առաջին հերթին համապետական կարևորության, ես կասեի՝ ամենից կարևոր միջոցառումն է, որի նպատակը երկրի զինված ուժերը, անվտանգության և ներքին զորքերը հարյուր տոկոսով համալրելն է:
-Ձմեռային զորակոչը, պարոն գնդապետ, սովորաբար ընդունված է դժվարին համարել: Եթե այդպես է, ապա ի՞նչ դժվարություններ կան՝ կապված առաջիկա զորակոչի հետ:
-Ձմեռային զորակոչի օրերին դժվարություններ ունենում ենք գլխավորապես ճանապարհների հետ կապված: Լինում են դեպքեր, երբ նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խնդիրներ են ունենում ճանապարհներին… Այդ նպատակով էլ եղանակի մատուցած «անակնկալներից» խուսափելու համար շրջաններից կենտրոնական հավաքակայան և հավաքակայանից էլ զորքեր ճանապարհին նորակոչիկների և նրանց ուղեկցող անձնակազմերի համար նախատեսել ենք սնվելու, հանգստի, հարկ եղած դեպքում՝ նաև գիշերելու հնարավորություն:
-Որպես հանրապետության զինվորական կոմիսար՝ բարեմաղթանքի ի՞նչ խոսքեր կասեք նորակոչիկներին:
-Թող նրանց ոտնամուտը խաղաղություն հաստատի մեր սահմաններում: Բարի ծառայություն եւ բարի վերադարձ:
Խորագիր՝ #43 (1112) 5.11.2015 - 11.11.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում