Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴ ԷՐ ԾՆՎԵԼ, ԲԱՅՑ ՄԱՀԱՑԱՎ ՈՐՊԵՍ ՀԵՐՈՍ



Նոյեմբերի 7-ին ազատամարտիկ Ռաֆիկ Չոբանյանը կդառնար 60 տարեկան:

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում է ծնվել ազատամարտիկ Ռաֆիկ Չոբանյանը: Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, զորացրվել, ամուսնացել, երկու զավակ ունեցել: Մի խոսքով, իր կյանքով ապրում էր, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը: Նախ անդամագրվեց գյուղում կազմավորված պաշտպանական ջոկատին. որսորդական երեք հրացաններից մեկը նրան հասավ: Եվ ընկերների հետ գնաց ջրամբարի մոտ հերթապահության: Հետո՝ 1991 թվականին, Ռաֆիկը մեկնում է վերապատրաստման, դառնում հրետանավոր: Հիմա արդեն դիրքերից տուն չէր գալիս: Այդպես կռվեց Խրեմլու, Մազոմի, Բարխուդարլու, Սոֆըլլու գյուղերի ազատագրման համար, Տավուշի մարզի Պառավաքար, Բերքաբեր, Վազաշեն, հայրենի Այգեհովիտ գյուղերի պաշտպանական մարտերի մասնակիցը դարձավ:

1996 թվականի հունիսի սկզբներին թշնամին անխնա գնդակոծում էր Վազաշենն ու Այգեհովիտը: Հունիսի 6-ին Ռաֆիկը դիրքում էր` հրանոթի մոտ կանգնած: «Անձամբ ոչնչացրեց հակառակորդի երեք մարտական մեքենա, լռեցրեց մի քանի կրակակետեր: Այդ օրը գյուղը գնդակոծող թշնամու տանկը Ռաֆիկի թիրախն էր դարձել: Նրա մարտական խնդիրն էր լռեցնել այն: Թշնամու տանկը լռեց, սակայն… լռեց նաեւ Ռաֆիկի հրանոթը»,- հիշում է մարտական ընկերը՝ Աբոն: Ընկերոջ կորստյան ցավը նրա սրտում դեռեւս թարմ է, վերքը չի սպիացել:

Ծնունդդ շնորհավոր, Ռաֆո՛:

Անուշ ԱՂԱՍԱՐՅԱՆ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Պատմության էջերից


11/11/2015