ՏՈՆ ԵՐԵՎՄԱՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարին չորս անգամ է տոնում մեր Աստծու փրկագործ Խաչի՝ քրիստոնյաների պարծանքի և Եկեղեցու պսակի տոնը: Սուրբ խաչի մեծ և առաջին տոնը կատարվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը և կոչվում է «Խաչվերաց»: Երկրորդ տոնը կոչվում է «Գյուտ Խաչի», երրորդը Սուրբ Խաչի երևման տոնն է, որն այս տարի նշվում է մայիսի 22-ին, իսկ չորրորդը կոչվում է «Վարագա Սուրբ Խաչ»:
Այս տոնը կոչվում է «Սուրբ խաչի երևման տոն», քանզի Քրիստոսի խաչելությունից հետո՝ 351 թ. մայիսի 7-ին, երբ Երուսաղեմում հայրապետ էր սուրբ Կյուրեղը և Հռոմում կայսր էր Կոստանդինը՝ որդին Մեծն Կոստանդիանոսի, օրը ցերեկով՝ երրորդ ժամին, Երուսաղեմի երկնքում երևաց Սուրբ խաչի նշանը, որը լուսաձև և ճառագայթարձակ փայլելով տարածվեց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Տիրոջ նշանն իր բոցաճաճանչ փայլով հաղթեց արեգակի ճառագայթներին և արձակած լույսով ծածկեց արեգակը:
Երբ քաղաքի ողջ բնակչությունը տեսավ այդ նշանը, որը երկար ժամանակ հայտնապես երևում էր երկնքում, մեծ երկյուղով և ուրախությամբ շտապեց եկեղեցի: Բոլորը՝ և՛ հրեաները, և՛ հեթանոսները, հիացած, միաբան փառք տվեցին Խաչյալին և փառաբանեցին ամենազոր Խաչը: Այդ օրը շատերը հավատացին Քրիստոսին ու մկրտվեցին սուրբ Կյուրեղի ձեռքով` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Դրանով կատարվեց այն խոսքը, որ ասել էր Տերը Մատթեոս ավետարանչի միջոցով. «Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա» (Մատթ. ԻԴ 30):
Այդ առիթով սուրբ Կյուրեղը նամակ է գրում Կոստանդին կայսրին, ով ձգտում էր արդարացնել արդեն դատապարտված հերձվածողներին` արիոսականներին՝ դրանով մեծապես վտանգելով Եկեղեցին: Եվ ինչպես Կոստանդինի հայրը` Սուրբ Կոստանդիանոսը, խաչի նշանով հավատաց, այդպես էլ Տերը կամեցավ նրա որդու խաթարված հավատը ևս այդ նշանով վերականգնել: Տերը նաև Թովմասի համար այդ արեց (տես. Հովհ. Ի 25-29), ով կարոտ էր լուսավոր նշանի, քանզի այն վերքերը, որ Տերը ցույց տվեց նրան Իր փառավոր Մարմնի վրա, ոչ այլ ինչ էին, եթե ոչ Քրիստոսի խաչի լուսավոր նշանը: Նույնպես և Իսրայելի որդիները, երբ ելնում էին Եգիպտոսից, թեպետ ունեին Մովսեսին իբրև իրենց առաջնորդ, սակայն տակավին կարոտ էին Սինա լեռան վրա լուսեղեն ամպի տեսիլքին (տես. Ելք ԺԹ 16), որն օրինակը եղավ Քրիստոսի լուսապայծառ խաչի: Նաև երուսաղեմացիները կարիք ունեին երկնային նշանով հորդորվելու, չնայած որ ունեին Մովսեսի նման մի անաչառ քարոզիչ ու մեծ առաջնորդ՝ սուրբ Կյուրեղ Երուսաղեմացուն:
Լուսավոր խաչը, ցոլալով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, ցույց տվեց, որ դա նշանն է Նրա, Ով խաչվեց Գողգոթայի վրա և համբարձվեց Ձիթենյաց լեռան վրայից: Եվ այդ նշանն է առաջնորդում մարդկանց դեպի Խաչյալի հավատը, ինչպես լուսեղեն ամպը հրեաներին դուրս բերելով եգիպտական անհավատությունից՝ առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր: Եթե Տերը կամենար, ապա այդ նշանն ամբողջ աշխարհին ցույց կտար, սակայն առայժմ ցույց տվեց միայն երուսաղեմացիներին, ովքեր այն տեսնելով՝ ապաշխարեցին: Հիրավի, մեծ էր երկնային նշանը, քանզի եթե խաչելության ժամին արեգակի խավարումը շարժեց հարյուրապետի սիրտը, և նա հավատաց Քրիստոսին, ապա որքան առավել տեսնողների սիրտը կշարժեր խաչի լուսավոր տեսիլքը:
Մատթեոսը վերջին օրերի մասին գրում է. «Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. 29-30):
Դա պետք է լինի համընդհանուր հարությունից առաջ, և այդ օրը հրեաների տասներկու ազգերը և բոլոր նրանք, ովքեր մոլորությամբ նեռին էին հարել, դարձի պիտի գան: Քանզի անհնար է, որ մարդասերն Աստված լքի Իր արարածներին և թույլ տա, որ նեռը, բազում նշաններ ցույց տալով, մոլորեցնի մարդկանց, մինչև անգամ՝ ընտրյալներին: Քանզի եթե խաչելության ժամին՝ խաչի վրա բևեռված Տերը չմոռացավ խաչ հանողներին, այլ նրանց համար աղաչեց Հորը, ապա Իր ժողովրդին առավել ևս կհիշի այն ժամին, երբ սատանան ու նեռն իրենց բոլոր ճիգերով ու հնարավորություններով կփորձեն խավարեցնել Եկեղեցին: Այդ օրը Տերը, ամբողջ աշխարհին ցույց տալով խաչի մեծ նշանը, կդադարեցնի սատանայի փորձությունները և մոլորվածներին ուղղության կբերի:
Իսկ այսօր ամենահաղթ նշանի երևմամբ Տերը վերահաստատում է Եկեղեցին և մեր մեջ հաստատության կնիք տպավորում, որով ինչպես Ինքը հաղթեց մահվանն ու դժոխքին, այդպես էլ մենք հաղթենք աշխարհին ու սատանային:
ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր