ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Իրանում հայ բնակչություն եղել է դեռեւս մ.թ.ա. 6-րդ դարում։ Դրանք հիմնականում հայկական զորամասեր էին, որոնք վասալական պարտավորություններ էին կատարում՝ ծառայելով Աքեմենյան պետությանը։
♦♦♦
1604-05թթ. Շահ Աբասը կազմակերպեց մեծ սուրգունը՝ բռնագաղթը. 300 հազար հայեր (որոշ տվյալներով՝ 500 հազար) Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանից գաղթեցրեց Իրան։
♦♦♦
Շահ Աբասը հայ գաղթականությանը պարսկական հողին կապելու նպատակով Էջմիածնի տաճարի անկյունաքարերից է բերել տալիս՝ Նոր Ջուղայում կառուցվող եկեղեցիների պատերը ձեւավորելու համար։
♦♦♦
Պարսկահայ մետաքսագործ եւ շերամապահ մասնագետները այնքան մեծ համարում են ունեցել, որ ցարական արքունիքը հանձնարարել է Իսրայել Օրուն՝ նրա դեսպանության ժամանակ, որ այդ արհեստով զբաղվող որոշ հայ ընտանիքների տեղափոխի Ռուսաստան։
♦♦♦
Շահ Աբասի պալատները եւ Ջուղայի Շեհրիմյանների եկեղեցին նկարազարդել է պարսկահայ որմնանկարչության եւ մանրանկարչության ամենահայտնի վարպետներից մեկը՝ Մինաս Ծաղկողը։
♦♦♦
Պարսկահայ հայտնի նկարիչ Բոգդան Սալթանովի գործերի մեկը՝ պղնձե պնակի վրա կատարած Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» պատճենահանությունը որպես նվեր է ուղարկվել Ալեքսեյ Միխայլովիչ ցարին։ Ցարական արքունիքում այն շատ բարձր է գնահատվել եւ խնդրել են այդ վարպետին ուղարկել Մոսկվա՝ արհեստանոց հիմնելու։
♦♦♦
Ինչպես շատ այլ վայրերում, Իրանում եւս հայերը զբաղեցրել են բարձր պաշտոններ։ Միրզա Մելքում Խանը հայտնի պետական գործիչ էր, դիվանագետ։ 1873-ին Պարսկաստանի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում։ 1878թ. մասնակցել է Բեռլինի կոնգրեսին, պաշտպանել Պարսկաստանի շահերն ընդդեմ Թուրքիայի։ Հենց այս ծառայության համար է շահը նրան շնորհել «նազիմ էդ-դոուլե» (մեծ դեսպան) եւ «միրզա» (իշխան) տիտղոսները։ Պարսկական պատմագիտությունը նրան համեմատել է ֆրանսիացի լուսավորիչներ Վոլտերի, Ժան Ժակ Ռուսոյի հետ։
♦♦♦
Հովհաննես Խան Մասեհյան. հայ իրականության մեջ համարվում է Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչներից մեկը։ Եղել է շահի թարգմանիչը։ 1901-ին նշանակվել է Բեռլինում պարսկական դեսպանի խորհրդական։ 1912-ին նշանակվել է դեսպան Գերմանիայում, 1927-ին՝ Անգլիայում, 1930-ին՝ Ճապոնիայում։ Տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ թարգմանել է Գյոթեի, Բայրոնի, Օմար Խայամի, Սաադի, Շիլլերի ստեղծագործություններից։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Պատմության էջերից