Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Հանգուցալուծումը, ի վերջո, չի ուշանում։ Մարիան, իր ինքնիշխան ու քմահաճ բնավորության համաձայն, որոշում է արձակել երկուսիդ էլ, մենակ թողնել. քեզ՝ քո «մտքերի ու ապրումների հետ»« Մարգուշային՝ «չսիրված լինելու տառապանքի հետ»։ Գուցե, իսկապես էլ, առաջին հայացքից անմարդկային է, վայրի, բայց իր լուծման եղանակով՝ ինչ-որ տեղ նաև արժանապատիվ։ Մարիան մեծահոգաբար հույսի մի դուռ էր բացում Մարգուշայի առաջ, բայց և իր հետևից էլ դռները չէր փակում, որով դնում էր քեզ դժվարին ընտրության առաջ, ինչը դու չէիր կարող կռահել։ Ու հանկարծ հասկանում ես, որ զրկված ես ընտրության հնարավորությունից կամ, որ շատ ավելի անարդար է, ստիպված ես ընտրել հետոյի ու վաղվա միջև, որովհետև իրական պահը ձեռքիցդ բաց ես թողել։ Համաձայն եմ, երկու դեպքում էլ ՀՈՒՅՍԸ մարում է անհուսությունից, բայց չի մեռնում։ Նորից հիշատակենք «ավետարանչին»՝ «Քո մեծ ու ազնիվ Սիրտը քեզ դուրս կբերի մի նոր ու լուսավոր ուղի՝ նոր ընտրության առաջ»։

-Մի ձեռքումս՝ գաթա, մյուսում՝ շաքարաքլոր. մեկը քթիցս եկավ, մյուսն էլ, հայտնի չէ, թե ինչ համ ունի, ինչքան էլ սիրուն է երևում։ Հետաքրքիր «սիլլոգիզմ» է ստացվում, ժուռնալիստ։

-Դու նամակի ընթերցանությամբ ես տարված եղել և չես նկատել, թե ոնց է բախտը քեզնից երես թեքում ու փախչում լացակումած, ինչ է թե «սրտիդ ուզածը չի»։ Արևելյան իմաստնությունը մարդու հակասական էությունը դիպուկ է բնորոշում. սիրտը շատ հաճախ ձգտում է պերճանքի, ճոխության, մինչդեռ միտքը ժուժկալ է, կարիք չունի ցոփության, քանի որ ընդունակ է բավարարվելու շռայլության սեղանների փշրանքով և ըստ հարկի դրսևորելու ազնվագույն ճաշակ, իմացություն, որոնք թեև կարող են աննկատ անցնել, սակայն չեն մոռացվում անվերադարձ՝ ընկած մնալով հուշի և հիշողության դարակներում։ Երբ մի օր պերճանքի ու ճոխության պաշարները ցամաքում են, մարդու սիրտը սկսում է կուրորեն տակնուվրա անել մտքի՝ հիշողության պահոցները՝ սնունդ հայթայթելու կատաղի մոլուցքով… Եվ անսպասելի հանգում է փրկարար սթափության՝ պարզության ու համեստության։ Հատկանիշներ, որոնք մի ժամանակ իրեն էին պատկանել, բայց և իրենը չեն, որի դիմաց վարձատրությունը ԱՓՍՈՍԱՆՔՆ է։ Ափսոսանքը, թեկուզ և ցավալի, հոգու ապաքինության ավետաբերն է՝ թող որ ոլոր-մոլոր ճամփեքով տեղ հասած… Ամեն ինչ ավելի անվտանգ ընթացք կստանար, եթե պահպանեիր ՓԵՏՈՒՐԸ։ Կճղակավորը զորեղ թշնամի է և, ինչպես տեսնում եմ, հասցրել է ավերածություններ գործել,- ցուցամատս նույնպիսի կորագծով, ինչպիսին Սողոմոնի դեմքի սպին էր, վերից վար դանդաղ սահեցրի աջ այտիս վրայով. նա մեղավոր երեխի պես թաքցրեց հայացքը…

Թվում էր՝ ինքը ևս տենդագին ձգտում էր գլուխն ազատել այս սատանայական շիլաշփոթից՝ մոլորեցնող տեսիլներից, խաբկանքից ու կախարդանքից, որոնք խցանել էին միտքը, կաշառել հոգին, զրկել տեսնելու-զանազանելու շնորհից։ Հանգեցրել էին աններելի «մահացու» խլության, որ խանգարում էր ականջ դնել սեփական խղճի կանչին, դրա համար էլ անփորձ պատանու նման առաջվա պես ամոթահար էր։

20

-Ձախորդությունները շատ ավելի վաղ սկսվեցին… Երբ ինձ վտարում էին Սուվորովյան ուսումնարանից՝ երկրորդ կիսամյակի քննությունների շեմին՝ «Հաստատության բարի համբավն ու համազգեստի պատիվը արատավորելու համար»,- ասաց և առաջ անցավ սովոր հունով։- Պատկերացնում ես, ժուռնալի՛ստ, մեկնում եմ զինղեկիս՝ մայոր Ռուդիխի «հերոսական կենսագրության տեր վետերանի» միջնորդությամբ ու երաշխավորագրով, վերադառնում եմ ոչ պակաս ազդեցիկ անձնական բնութագրով, որը ՌԵԺԻՄԻ օրոք մի բան կարող էր նշանակել։ Ուղեգիր՝ դեպի դժոխք։

-Դու, ինչ է, զենքի առևտրո՞վ ես զբաղվել,- անտեսանելի կամուրջ կապեցի «հնի և նորի» միջև։

-Չէ չէ մի… Համա թե բառապաշար ունես, ժուռնալի՛ստ, ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հասարակ, ինչպես պատահում է տաքարյուն ջահելների միջև։ Սիչոև կոչված մեր վաշտի սերժանտը հենց սկզբից հոգիս հանում էր տեղի-անտեղի… Ախր, ես իմ երազանքի ճանապարհին էի վերջապես, ինձ երաշխավորել էին հրաշալի մարդիկ, ստիպված դիմանում էի, փորձում անտեսել շատ ու շատ անհարմարություններ… Համբերում էի, դիմադրում, ինչպես կարող էի… բայց էլի սրիկան ձեռ չէր քաշում. մինչև որ համբերելը անտանելի դարձավ, դարձավ անպատիվ… Մի օր էլ՝ կեսգիշերից հետո, երբ բոլորը քնած էին, արթնացրի նրան, քնաթաթախ դուրս հրավիրեցի և… վե՛րջ։ Սիչոևին բուժման տեղափոխեցին, իսկ ինձ՝ քիչ մնաց դատեին։ Ով ինձ երաշխավորել էր, նա էլ ինձ փրկեց խորտակումից՝ առաջին ու վերջին անգամ։ Տեսնել էր պետք իմ աննման ծնողին ուսումնարանի պետի առանձնասենյակում, որտեղ իմ բախտն էր վճռվում։ Մորս «ինքնամոռաց» ռուսերենը, անձնուրաց ոգին՝ բազմապատկած մայոր Ռուդիխի անբեկանելի հեղինակությամբ (նա Խորհրդային Միության Հերոս էր, տանկիստ, բազմաթիվ քաղաքների Պատվավոր քաղաքացի), իրենց գործն արեցին, որքան էլ հնարավոր չեղավ խուսափել անձնական գործերիս մեջ կարմիրով արված նշումներից… որոնք էլ կանխորոշեցին իմ ապագան՝ գլխիս գալիքը։ Ուրախ-զվարթ վերադառնում եմ տուն ու ինչ տեսնեմ…

-Մարիան սփռոց է փռում, իսկ Մարգուշան տոնական սպասքն է շարում սեղանին,- անհավանական տեսարան նկարեցի, ինքս էլ չհասկանալով, թե ինչու։

-Կատարվածին բնույթով մոտ է, ժուռնալիստ, քանի որ երբեք էլ չես իմանա, թե երբ և ինչ հանգամանքներում է գործի անցնում նզովյալ չարքը։ Թվում էր՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ առաջվա նման իր տեղում է՝ հարդարված, կոկիկ, մաքուր…

Եվ երբ սենյակս մտա, նոր միայն հասկացա, թե ինչ նախաձեռնություն էր հանդես բերել մայրս իմ բացակայության ժամանակ։ Մեր տան ամբողջ անկողինը նոր էր. փոխվել էին բարձերը, վերմակները, մի խոսքով՝ հնից ոչինչ չէր մնացել։ Մայրս իմ զարմանք-տարակուսանքը նկատելով շտապեց «բարի լուրը» հայտնել. «Վաղուց էի ուզում անկողինը թարմացնել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում, անընդհատ ինչ-որ բան խանգարում էր… Վերջապես, ինչպես տեսնում ես, որդի՛ս, գլուխ բերեցի. ամեն ինչ թարմ է, մաս-մաքուր, դոշակի բուրդը սև ղոչի է, վերմակներինը՝ նույնպես, բարձիդ մեջ ամբողջովին բադի թանկարժեք բմբուլ է, հատուկ քեզ համար եմ պատվիրել, տղա՛ս, ուրախ եմ, որ տանն ես, կողքիս… Աստված փորձանքից փրկեց քեզ»։ Մայրս, ինչպես և տրված էր իրեն, նորից խառնել էր խաչի հետևն ու առաջը՝ ոչ մի վայրկյան չկասկածելով, թե իր այդ անմեղ, անվնաս արարքով կյանքի է կոչում վաղեմի գուշակության չարաղետ խորհուրդը, որ պատվիրում էր հեռու պահել «հրեղեն մասունքը» դժոխքի քամիներից։

-Բայց ինչպե՞ս է հնարավոր,- հակառակեցի խոսքի կեսից,- խեղճ կինը քեզ համար է տանջվում, իսկ դո՞ւ…

-Ես էլ հենց դրա մասին եմ խոսում, ժուռնալիստ, ոչ ոք նրան չի մեղադրում. մայրս չգիտեր, որտեղի՞ց իմանար, որ ես Մարիայի փետուրը բարձիս մեջ էի թաքցրել, երբ մեկնում էի ուսանելու… (գնչուհի Սերան զարմանալիորեն անսխալ էր կանխատեսել՝ «Սատանան իր բարձը հոգով անմեղների սրտում է դնում»)։ Հիմա հասկացա՞ր, թե ինչն ինչոց է, եղբա՛յր։ Ինձ հիշատակ միայն մի լուսանկար մնաց, որում ես ու Մարիան միասին էինք մայիսմեկյան շքերթի օրը… Մորս ոչինչ հայտնի չէր ո՛չ փետուրի, ո՛չ էլ, առավել ևս, նրա գլխակեր խորհրդի մասին, ինչպես անտեղյակ էր, որ զորակոչվելուցս երեք ամիս անց ես արդեն Աֆղանստանի Ղանդահար նահանգում էի, որտեղ էլ «պատկերավոր» ու առարկայորեն ճաշակեցի փետուրի զորությունը մաշկիս վրա… Ավելի ուշ, երբ արդեն տուն էի վերադարձել, մայրս իրեն հատուկ վարանքով և հիացմունքով շարունակ ինձ էր նայում, նայո՜ւմ էր, նայում և չէր համարձակվում հարցնել, թե ինչու եմ կրծքիս փակցրել «Կարմիր աստղի» շքանշանը, կողքին էլ՝ «Արիության» մեդալը, քանի որ բոլորին էր հայտնի՝ Հայրենական պատերազմը վաղուց ավարտվել է, իսկ Հունգարիան վաղուց բարեկամական երկիր է… Ես նրան երկու տարի ստել էի՝ Հունգարիայի տեսարժան վայրերն ու հուշարձանները պատկերող բացիկներ ու ժուռնալային նկարներ ուղարկելով անապատներից։

Մարիայի լուսանկարը ես երկու տարի կրծքիս տակ պահեցի քուշանների երկրում. այն ինձ ուժ էր տալիս, ոգևորում, ստիպում էր հաղթահարել վախերս, չերկնչել մահվան տեսիլքի առաջ, որը հաճախ էր հայտնվել ինձ երազիս ճանապարհին… Հետո արդեն ինքս իմ ձեռքով նրա սիրելի՝ գեներալ հայրիկին էի հանձնում նկարը, երբ ստիպեցի շնորհազուրկ լինել։ Պայմանով, որ ողջ-առողջ բաց կթողնեմ, եթե ուղերձս տեղ հասցնի։ Քեզ, կարծեմ, պատմել եմ, ժուռնալի՛ստ…

-Պատմե՞լ ես, ոչինչ էլ չես պատմել, թաքցրել ես (մազ էր մնում ասեի՝ «անամոթաբար»)… Հավատս չի գալիս, այ քեզ «աբրա-կադաբրա»… Այ քեզ փետո՜ւր…,- անսպասելիության ցնցումից տեղս չէի գտնում,- իսկական Գոմոր է, քիչ է մնում՝ մարդու լեզուն կուլ գնա։

-Բան չկա՜, ժուռնալի՛ստ, քեզ խնայիր… հանգստացի՜ր, եղած-չեղածը մի «փետուր» է, էլի՜, քո եռանդը մեզ դեռ շատ պետք կգա։

-Հեշտ է ասել… Ի՞նչ ուղերձ էր և ո՞ւմ էր ուղղված,- հարցրի «անվստահությունից» նեղսրտած։

-Երազներիս թագուհուն, Հազարան հավքին, որից ինձ հիշատակ պոչիկի փետուրը մնաց, որն էլ մայրս, Աստծո կամոք, քամու բերանը տվեց… Ես լուսանկարի հակառակ երեսին մատիտով գրեցի՝ «Վաղուց քեզ չեմ տեսել, սիրելիս, դուրս արի… մեկ էլ անուշիկ պատկերդ տեսնեմ, մի վերջին անգամ»։ Նա էլ դրեց գրպանն ու անհետացավ։ Մնացածը թուղթ ու գրի ոլորտից է, անիմանալի։

-Նույն խոսքերը վարձկանուհին քեզ էր հղում, երբ երկտողով կանչում էր հանդիպման։ Ուրեմն հասցրել է…

-«Պատմագրությունը հստակ տեղեկություն չի պահպանել այդ մասին», ժուռնալի՛ստ, մանավանդ որ գեներալի հեռանալուց օրեր անց ճամբարի հակառակ կողմում լուրեր տարածվեցին, թե խորհրդային բանակի փառապանծ գեներալին սպանված են գտել հայկական եկեղեցու գավիթում՝ պատի տակ ընկած… Կոմբինեզոնը հագին՝ առանց լամպասավոր շալվարի, մի ձեռքում՝ ընծայագրով նագանը, որը վարձկանուհին չեզոք գոտում ինձ էր առաջարկում…

-Բա էլ ո՞նց…

-Նշանակություն չունի, հերիք է, բանը բանից վաղուց անցել է… Ես նրա ականջը կծեցի, իսկ նա՝ իմ թուշը,- ցույց տվեց սպին։- Ժամը վրա է հասել…

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Հոգևոր-մշակութային


12/11/2015