ՔԱՐՎԱՃԱՌԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
ՊԱՅՔԱՐ ԵՐԿՆՔՈՒՄ ՈՒ ԵՐԿՆՔԻ ՀԱՄԱՐ
1992-ի վերջին ադրբեջանական հրամանատարությունը օդային հարձակումների թիրախ էր դարձրել Վարդենիսը: Ինքնաթիռը ռումբ էր նետել Զոդ-Վարդենիս ամայի միջնատարածքում: Սերգեյ Գուրոկյանը Վարդենիսում ու Մարտունիում ելույթ ունենալով տեղական հեռուստաալիքներով, անձամբ կատարեց զինկոմիսարիատ ներկայացած հակաօդային պաշտպանության մասնագետների ընտրությունը, եւ Քարվաճառի սահմանագծում շուտով երկու «ՕՍԱ-ԱԿ» կայանք տեղադրվեց, իսկ 1992թ. դեկտեմբերի 11-ին Վարդենիսի օդային տարածքում ոչնչացվեց թշնամու ՄԻԳ-25 ինքնաթիռը՝ վկայելով, որ այս ուղղությամբ երկինքն այլեւս պաշտպանված է: Ի թիվս ղարաբաղյան ռազմաճակատի մյուս հատվածների՝ հատկապես Քարվաճառ-Լաչին հատվածում ցամաքային նշանակետերի վրա շատ հաճախ ու բավական դիպուկ էին աշխատում ՀՕՊ զորային միջոցների անձնակազմերը:
Գործողության նախօրեին ՊԲ հրամանատարը կարգադրեց վերջ տալ Կիրովաբադ-Քարվաճառ ուղղաթիռային թռիչքներին: Առաջադրանքը կատարելու համար «ՕՍԱ-ԱԿ»-ը պիտի տեղակայվեր Աղդաբանի մերձակայքում եւ Մռավի փեշերով մեքենան բարձրացավ… ծովի մակերեւույթից ավելի քան 3000 մետր: Այսօր գնդապետ Արթուր Պողոսյանը հիշում է, որ Հաթերքից այն կողմ մի քանի տեղ տրակտորը ուղղեց ճանապարհը, ի վերջո հասան երկար ու լրիվ սառած վերելքի: «Ուրալը» ճանապարհի կեսին շուռ եկավ, բայց կայանքի մեխանիկ-վարորդ Հենզել Աբրահամյանը, իջեցնելով անվադողերի ճնշումը, խաչակնքեց ու մտավ մեքենան, որի վրա վեց հրթիռ կար, եւ անձնակազմին պահանջեց հեռանալ… Եվ կայանքը հասցրեց նշանակման վայր: Քարվաճառի գործողության ժամանակ թշնամու օդուժն անկարող եղավ աջակցել իր անկանոն փախչող զորքերին:
Անգամ ամենածանր պահերին հայ օդաչուների՝ դեպի Մարտակերտ ու հատկապես Շահումյան-Քարվաճառի երկնքով իրականացրած ուղղաթիռային թռիչքները երբեք չդադարեցին, նույնիսկ՝ Շահումյանի անկումից հետո: Գործողության սկզբում ուղղաթիռների օղակը, որի հրամանատարը Բորիս Բաբայանն էր, Չարեքտարի մոտ օդից հրթիռային հարվածներով ոչնչացրեց տանկերի ընթացքը կանգնեցնող թշնամական «Ռապիրան» ու այլ զինտեխնիկա, եւ ինքնապաշտպանության ուժերը շուտով ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը: Իսկ հետո, երբ ադրբեջանական բանակը, բնակչությունից առաջ ընկած, փախչում էր, անձնակազմերից մեկը վերստին օդ բարձրացավ՝ հիվանդանոց հասցնելու վիրավոր ադրբեջանուհուն…
Ապրիլի 2-ին թշնամին կորցրեց շրջանի հրամանատարությանն ու նրա ունեցվածքը տեղափոխող գերբեռնված ուղղաթիռը, իսկ վիրավորների ետեւից եկող հայկական ուղղաթիռն էլ երկկողմանի խիտ կրակի պայմաններում դժվարանում էր իջնել: Ի վերջո՝ վայրէջք կատարեց վառելիքի ծակծկված բաքերով: Արայիկ անունով օդաչուն գլխից վիրավոր էր: Բժիշկ Կամո Շաբոյանը շտապ օգնություն ցույց տալով վիրավորներին, բարձրացրել էր ուղղաթիռ, երկու ձեռքով սեղմել օդաչուի վերքը, մինչեւ որ բարեհաջող վայրէջք էին կատարել Վարդենիսում: Իսկ քիչ անց օդաչուն եկել էր, թե՝ «Բժիշկ, եթե վիրավորվածությունս գրանցել ես՝ խնդրում եմ՝ ջնջիր, ողջ կյանքում երազել եմ օդաչու լինել, եթե իմանան, թույլ չեն տա թռչել»…
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
92-ի վերջին սկսվեց կանոնավոր զորամասի կազմավորումը, որի բժիշկներից էր նաեւ Գագիկ Քոչինյանը՝ ժամանակին Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի որդին:
Իսկ շրջանի սահմանների պաշտպանության ռազմաբժշկական ապահովումն իրականացնում էր տեղի մասնագիտացված բազմաֆունկցիոնալ հիվանդանոցը, որտեղ կատարվող վիրահատությունների ցանկը այսօր արդեն բուժծառայության գնդապետ Կամո Շաբոյանի ու Խորեն Նիկողոսյանի գալով բավական ընդլայնվեց: Շուտով Շաբոյանի նախաձեռնությամբ հիվանդանոցում առանձնացվեց զինվորականներին սպասարկող բաժին, բայց այս բաժանումը պայմանական էր. Շաբոյանն ու Նիկողոսյանը վիրահատում էին նաեւ տեղի բնակչությանը: Քարվաճառի ազատագրման ժամանակ հիվանդանոցի բուժանձնակազմը ենթարկվում էր Կամո Շաբոյանին:
Հիվանդանոցն այդ օրերին սպասարկեց շուրջ 100 վիրավորի: Գնդապետ Շաբոյանը հիշում է, որ ամենաշատ տհաճ անակնկալներ մատուցողը ճանապարհների բացակայությունն էր. ամենուր այնպիսի ձյուն էր ու ցեխ, որ… տրակտորով սանիտարական մեքենա էին քաշում. «Այդ պատճառով էլ վիրավորների 90%-ին ընդունել ենք հեմոռագիկ, տրավմատիկ ծանր շոկով կամ ինֆեկցիոն ծանր պաթոլոգիաներով: Բայց փրկել ենք»: Ավելին. Վարդենիսի հիվանդանոցում բուժված վիրավորների 30%-ը վերադարձավ շարք:
Քարվաճառի ազատագրումից հետո, երբ ստեղծվեց զորքերի տեղակայման ու դիրքային բոլորովին նոր իրավիճակ, արդեն կայազորի բուժծառայության պետ Կամո Շաբոյանի ղեկավարած բժիշկների կոլեկտիվը սպասարկում էր Քարվաճառի ճակատը պաշտպանող բոլոր ջոկատներին, իսկ հարկ եղած դեպքում օգնում էր նաեւ Կրասնոսելսկի բժիշկներին: Բացի այդ, գումարտակների տեղակայման վայրերում Շաբոյանի ջանքերով ուժեղացված բուժկետեր ստեղծվեցին, որոնց 94-ին վիճակված էր ռազմադաշտային հոսպիտալների դեր կատարել:
Հարձակման Մարտակերտի ուղղությամբ բժիշկները գործում էին Դադիվանքում, մյուսները՝ Դրմբոնի ռազմադաշտային հոսպիտալում, որտեղ երեք օրում երջանկահիշատակ Վալերի Մարությանի հմուտ կազմակերպման շնորհիվ վաթսուն վիրավոր վիրահատվեց: Ուղղաթիռը Քարվաճառից անընդհատ գալիս էր Դրմբոն կամ Ստեփանակերտ: Ինչպես ճակատի ռազմադաշտային, այնպես էլ ԻՊՈՒ կենտրոնական հոսպիտալներն աշխատում էին օր ու գիշեր: Այդ ամենն ավարտվեց չորրորդ օրը, երբ թշնամու Լաչին-Քելբաջարյան խմբավորումը գլխովին ջախջախվեց: Դրմբոնի հոսպիտալ, մարտիկներից բացի, նաեւ Քարվաճառից 16 կին ու երեխա բերեցին, բուժեցին, ապա փոխանակեցին: Բանակը նրանցից շուտ էր փախել:
Հարձակման ժամանակ կենտրոնական ուղղության զորքերի հետ առաջ գնացին Ասլան Գրիգորյանի ղեկավարած ԼՂՀ փրկարար ծառայության մարտիկները, որոնց խնդիրը, ինչպես միշտ, վիրավորներին կրակի գոտուց դուրս բերելն էր: Թշնամին կենտրոնական ճանապարհի խաչմերուկում դեռ դիմադրում էր, ու «հայերից փրկելու համար» գնդացրային նշանառու կրակահերթերով «հերոսաբար» հրդեհեց իրենց իսկ փախստականների բեռնատարը, բայց մեր փրկարարներից Գրիշան, կրակի տակ վազելով, դեն նետեց թափքի այրվող բրեզենտը եւ փրկեց բոլորին, որոնցից մի հղի երիտասարդ կնոջ հենց ինքն էլ հասցրեց Ստեփանակերտի ծննդատուն:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Պատմության էջերից