Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԻ ՏԵ՛ՐԸ



Ուշադիր նայե՛ք զինվորի դեմքին: Ի՞նչ եք տեսնում: Ասեմ՝ ո՛ւժ, վճռականությո՛ւն, համարձակությո՛ւն, ինքնավստահությո՛ւն: Լրջախոհությո՛ւն եւ զսպվածություն: Կռվելու եւ հաղթելու կամք: Հենց այսպիսին է լինում սեփական գործը լավ իմացող, հոգեբանորեն եւ մասնագիտորեն գերազանց պատրաստված զինվորականը: Չափազանց խոսուն է նրա դեմքի արտահայտությունը՝ ես այստեղ կանգնա՛ծ եմ, ե՛ս եմ այս բարձունքի տերը:

Նկարում դիրքի ավագ, պայմանագրային ավագ սերժանտ Արման Նալբանդյանն է: Ավարտել է ուսումնական բրիգադում անցկացվող պայմանագրային սերժանտների դասընթացները: Շուրջ 8 տարի է ծառայության մեջ: Իր խորհրդով նաեւ երկու եղբայրներն են անցել զինվորական պայմանագրային ծառայության. դասակի հրամանատարի տեղակալներ են:

Ավագ սերժանտի ծառայության ընթացքում հակառակորդի հետ կապված միջադեպեր շատ են գրանցվել: Հիշում է այն օրը, երբ հակառակորդի հետախույզները կարողացել էին գիշերվա քողի տակ ընդհուպ մոտենալ իրենց հենակետին: Ձայնային ազդանշաններ տվող համակարգը միացել է, եւ արագ կողմնորոշվելու շնորհիվ մեր անձնակազմը հասցրել է անցնել շրջանաձեւ պաշտպանության: Ամբողջ գիշեր կազմ ու պատրաստ սպասել են: Խոստովանում է, որ շատ լարված ժամեր են եղել: Ասես զգում էր թշնամու շունչը, մոտավոր գիտեր նրանց տեղը եւ ուշադիր հետեւում էր տեղաշարժին: Չհամարձակվեցի՛ն: Հետ քաշվեցին: Ներթափանցումը զարգացնելու փորձ չարեցին: Առավոտյան՝ տեղազննում կատարելիս, հայտնաբերվեցին հակառակորդի հետախուզական խմբի հետքերը, թաքստոցները: Վերադաս հրամանատարության հետ միասին համապատասխան հետեւություններ արվեցին՝ հենակետի պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Այդ օրվանից ավագ սերժանտը իրեն ոչ միայն դիրքի ավագ է զգում, այլեւ նաեւ՝ տե՛ր:

Սահմանագոտու այս հատվածը անխոցելի է:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/11/2015