Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

21

…Հրադադարից առաջ էր, երբ դեռ դիրքային մարտեր էին մղվում. հեռադիտակի միջոցով հայտնաբերեցի թշնամու թաքստոցը, որտեղից դիպուկահարը շարունակ տարօրինակ, նշանառու կրակոցներով խուզում էր տեղանքը, ասես փորձում էր հեռվից հեռու «հաղորդակցվել» հետս՝ հասկացնելով, թե միտումնավոր է վրիպում: Նույնիսկ մի անգամ զվարճանքի համար փայտին ամրացված գդալը պահեցի խրամատից վերև, և նա առաջին իսկ կրակոցով երկու կես արեց: Ո՞վ էր նա, չգիտեմ, բայց զենքին հրաշալի էր տիրապետում. հաճախ այն տպավորությունն էի ունենում, թե աներևույթ մի ոգի տիրացել, իշխում է ինձ դարանից՝ խելքահան անելով. «Դու իմն ես…ի՛մը…»: Եվ երբ մոտ տարածությունից պարզորոշ տեսա վարձկանուհու դեմքը, թվաց՝ մարմինս մահվան քրտինքով պատվեց, աչքերս մուժով լցվեցին: Մի՞թե իմ առջև այն մարդու սիրելի պատկերն էր, որով քնել էի, արթնացել այսքան տարի, նետվել էի մարտի, դիմացել արյունալի զրկանքների, հաղթել էի, ու հիմա իմ «պահապան հրեշտակը» դիմացս էր ելնում հակառակորդի բանակից: Եվ որքան էլ ինքս ինձ հերքեի, համոզեի՝ հնարելով կեղծ փաստարկներ, թե միրաժ է, տեսողական խաբկանք, մեկ է, մյուս և հաջորդ օրերին նորից նույն կերպարանքն էի տեսնում տարբեր դրսևորումներով՝ մազերն արձակ դիրքից դիրք թեթեւաթռիչ տեղաշարժվելիս: Եվ ամեն անգամ խորհրդավոր-խաղացկուն հայացքը ցուցադրաբար իմ կողմը դարձրած:

Ինչե՛ր ասես, որ չէին անցել գլխովս՝ մահ, ավեր, պարտություն, բայց երբեք էլ չէր սասանվել հոգիս, ուժս՝ պակասել ոսոխի առաջ, այնինչ քիչ մնաց գլուխս կորցնեի դիպվածից այս դիվական, երբ երանելին ինքն է ներկայանում հոգեառի կերպարանք առած: Եվ ես հասկացա, որ ինձ երևացածը ոչ այլ ինչ է, եթե ոչ վաղեմի գուշակության իրականացում. «…Ողջ կյանքում կսիրես մեկին, ում երբեք էլ չես հայտնի քո սերը, ճակատագիրը ձեզ կբաժանի իրարից, որպեսզի մի օր հանդիպեցնի նորից՝ մի վերջին անգամ…»: Մի օր էլ հարմար առիթը որսաց ու ինձ «օդային համբույր» առաքեց հենց այն միջոցին, երբ ես ջրի շիշը մոտեցրել էի բերանիս… (նկատի ուներ երեսի խոր քերծվածքը, ինչը վարձկանուհու արձակած կրակոցի հետևանք էր), որ հետո դեմ առ դեմ երեսովս տա` «իսկ ես քեզ խնայեցի~…»:

Կասկած չունի. ես հանդիպել էի գեներալի աղջկան՝ երբեմնի պչրուհուն 8-ի գ-ից:

Տարիներ էին անցել, և հասակի հետ աղջկա գեղեցկությունն ու հմայքը է՛լ ավելի էին ծաղկել՝ օժտելով նրան կանացի փայլով: Մենք երկուսս էլ ճանաչել էինք իրար, բայց ձևացնում էինք, թե օտարներ ենք, եթե չասեմ՝ ախոյաններ, չէ՞ որ մեր միջև ռազմաճակատի գիծն էր փռվել՝ որպես ահեղ բաժանարար: Եվ երբ առաջվա պես համառ-հեշտալի նայեց աչքերիս մեջ, ասելով՝ «հիշո՞ւմ ես…», կյանքումս առաջին անգամ ինքս ինձ ուրացա, որպեսզի զգացնել չտամ, որ ներսս այրվում է, որ առաջվա պես վախենում եմ նրանից: Նա ինձ ցույց տվեց ականջի սպին, որը՝ որպես հուշ, ես էի թողել այն օրը, երբ խոտերի մեջ «խաղում էր» հոգուս հետ:

– Կյանքում երբեմն շահեկան է հրաժարվել սիրած սկզբունքից և խոստովանել՝ թեկուզև հանուն խղճի հանգստության,– միջամտեցի մի մարդու նման, ում հենց ուրիշի ճշմարտության շահեկան մասն էր հետաքրքրում:

– Ի՞նչ շահի և հանգստության մասին ես ակնարկում, երբ ամեն ինչ վճռված է…

Սողոմոնը նկատելիորեն կեղեքվում-տանջվում էր ինչ-որ անբնական-անտանելի ապրումից, որ ներսից ջլատում էր նրան:

– Մեջդ ցավ կա, Գեներա՛լ,– ասացի հարցախույզ:

– Մեղքերս քավելու ժամանակն է,– փորձեց սառնասիրտ երևալ:

– Դու ի՞նչ մեղավոր ես, որ…

– Ես մեղավոր եմ, որ երազներիս թագուհին ինձ հայտնվել է ոչ այն տեղից և ոչ այն ժամանակ՝ պատերազմի ծիրանին ուսերին առած: Վիճակը գցված է: Մարտահրավերը՝ ընդունված: Ես կամ նա:

– Ի՞նչ պիտի անես:

– Ճակատագրի հետ այս գործարքում ինձ ամենևին էլ երկրորդական դեր չի վերապահված,– ասաց, մի տեսակ, ինքն իրեն ծաղրելով:– Ես նորից ցած կիջնեմ դիրքերից՝ ցույց տալով, որ հավան եմ վարձկանուհու հրավերին (այս անգամ էլ անզեն կլինեմ), ու թե ամեն ինչ հաջող ընթանա… վերջը կտամ: Հորը «սպանեցի», սիրասուն դստերն էլ ծնողի «գիրկը կուղարկեմ»:

-Գեներալին դո՞ւ ես սպանել,- աչքերս շուռ եկան բներում:

-Ես ե՜մ, ես չե՜մ… այլևս անկարևոր է, եղածը անցած է, էլ հետ չես բերի…

-Ինձ համար կարևոր է,- պնդեցի անհաշտ:

-Դե, ո՛չ, ժուռնալի՛ստ, խելքի արի, շարունակ բառերից ես կառչում,- արդարացավ ներողամտորեն,- «սուրհանդակին չեն սպանում նամակը ծոցը դնելով», այլ բան է, որ աղջիկը համոզված է, թե մարդասպանը ես եմ` իմ ձեռքի գործն է, մանավանդ բոլոր հանցանշանները անխտիր ինձ են մատնացույց անում: Լուսանկարը, որից աշխարհում ընդամենը երկու հատ կա, և ուրիշ ոչ ոքի մոտ լինել չէր կարող, ինձնից ու նրանից բացի, վերջապես` ամենազորեղ փաստարկը` գեներալական ոսկեկար շալվարը, որ հիմա էլ հագիս է: Ահա թե ինչու էր փորձում չեզոք գոտում ձեռքս խոթել հայրական ընծայագիր նագանը… «Հայրիկին սպանեցիր, ինձ էլ սպանիր… դու անզեն ես»: Այդ մասին էլ քեզ ոչինչ չեմ ասել, ժուռնալիստ, թաքցրել եմ… Վախենում էի` ճիշտ չես հասկանա:

-Իսկ նա հասկացա՞վ:

-Մեղքը իր վիզը…

– Բայց չէ՞ որ անզեն ես լինելու:

– Ես միշտ էլ «մի թաքուն փամփուշտ» կունենամ…,– զգացվում էր, որ հաշվի է առել հանդիպման բոլոր մանրամասները:

Սողոմոնն անձնուրաց հոգի էր, բայց և առաջվանից ավելի թունդ սիրահարված:

– «…և այնժամ երկինքը նրան իր գիրկը կկանչի»,– հիշեցրի չարագուշակ:

– Հեչ չմտածես, ոչ ոքի թույլ չեմ տա թամաշա սարքել,– մնաց անդրդվելի:

♦♦♦

Ամբողջ գիշեր տևած զրույցից, անքնությունից լուսադեմին դժժացող գլխումս կատարյալ դժոխք էր տիրում, ամեն ինչ մտապահելու բծախնդրությամբ տարված՝ սկսել էի խառնել գլխավորն ու երկրորդականը: Եվ երբ բլինդաժի դռնից անակնկալ ներս ընկավ շտաբային բանբերը, մասնագիտական ջղագարությունս մեկեն փոխվեց կենսաբանական վախի:

–Հրամայված է Գեներալին արթնացնել,– զեկուցեց բանբերը և իսկույն էլ դուրս թռավ:

Սողոմոնը, մեջքի վրա պառկած, քնել էր… Նրա մուգ-մոմագույն դեմքին բլինդաժի գերանակապ առաստաղի ճեղքերից լուսնափոշու բարակ շիթերի նման թափվել էին արշալույսի ժլատ շողերը՝ կազմելով փառավոր մի լուսապսակ: «Վե՛ր կաց, Գեներա՛լ, քեզ կանչում են…»,– ձայն տվեցի պարտքի-պատասխանատվության գիտակցումով: Ծանր սրտով:

– Դարդ մի՛ արա, ժուռնալի՛ստ, փայլուն «թղթակցություն» կստացվի,– հանգստացրեց փակ աչքերով, կարծես ինձ էին կանչում և ոչ թե իրեն:

Սողոմոնի միջնորդությամբ ինձ թույլատրեցին դիտակետից հետևել գործողության ընթացքին՝ պահնորդ կարգելով ոմն տարեց վաշտի ավագի, որի ճակնդեղի պես կարմիր դեմքի վրա միակ խարակտերային բանը հսկայական, ծաղկատար քիթն էր:

22

Հատուկ նշանակության ջոկատը, Գեներալի գլխավորությամբ, դուրս եկավ ռազմաճակատի ուժեղացված հսկողության տեղամաս, որտեղ նախորդ օրը գերիների փոխանակության ժամանակ թշնամու բանագնաց սպան պաշտպանության բանակի մարտիկներին էր հանձնել Սողոմոնին հասցեագրված «խորհրդավոր երկտողը»: Եվ երբ բոլորը դիրքավորված սպասում էին գործողության սկիզբն ազդարարող հրամանի, հետախուզական վաշտի կարմրամորթ ավագի ուղեկցությամբ ես էլ դիրքավորվեցի՝ բարձրանալով երկհարկանի կիսավեր մի տան՝ ընկուզենու սաղարթով ու հնդեղեգով քողարկված ձեղնահարկ, որտեղից երևում էր չեզոք գոտին, որ ձգվում էր այրված խաղողայգիների միջով՝ որպես «բեկված հույսի արահետ»: Եվ երբ քիչ անց հեռադիտակի օգնությամբ գտա Գեներալին, նա արդեն կտրել-անցել էր պաշտպանական գիծը և առաջանալով՝ «անզեն» կանգնել էր ուղիղ հակառակորդի հենակետի դիմաց՝ բանակցությունների միջանցքի մեջտեղում: Եվ տառապանք ու անորոշ նախազգացում սրտում՝ սպասում էր իր համար բախտորոշ ելքի, որ խոստանում էր վարձկանուհու հետ վճռական (գուցե՝ վերջին) առերեսումը:

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Հոգևոր-մշակութային


19/11/2015