Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳ



ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգը ՀՀ եւ ՌԴ ՀՕՊ ուժերի ու միջոցների համախմբություն է, որի նպատակն է օդային տարածությունում ապահովել կողմերի պետական սահմանի պաշտպանությունը, իրականացնել կողմերի օդային տարածության օգտագործման կարգի հսկողությունը, կողմերին ազդարարել օդատիեզերային իրադրության, ինչպես նաեւ տեղեկացնել հնարավոր օդային եւ հրթիռային հարձակումների մասին, նաեւ ապահովել ՀՕՊ ուժերի համատեղ գործողությունների իրականացումը օդատիեզերային հարձակումների դեպքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 10-ին համաձայնություն է տվել ՌԴ կառավարության առաջարկին, որով Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի հետ ստեղծել տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ: ՌԴ նախագահը պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին հանձնարարել է բանակցություն սկսել այդ հարցի շուրջ: Նախատեսվում է, որ բանակցությունների արդյունքում ՌԴ պաշտպանության նախարարությունը պայմանագիր կստորագրի Ռուսաստանի անունից:

Տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգը պայմանագրում ունի հետևյալ ձևակերպումը` այն համաձայնեցված և միասնական պլանով գործող ՀՀ և ՌԴ կողմից հատկացված ՀՕՊ ուժերի ու միջոցների համախմբություն է, որի նպատակն է օդային տարածությունում ապահովել կողմերի պետական սահմանի պաշտպանությունը, իրականացնել կողմերի օդային տարածության օգտագործման կարգի հսկողությունը, ազդարարել կողմերին օդատիեզերային իրադրության, ինչպես նաև տեղեկացնել հնարավոր օդային և հրթիռային հարձակումների մասին, նաև ապահովել ՀՕՊ ուժերի համատեղ գործողությունների իրականացումը օդատիեզերային հարձակումների դեպքում:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը «Հայ զինվորի» հետ զրույցում նշեց, որ դեռևս 1995թ.-ի փետրվարին Ալմա Աթայում ԱՊՀ պետությունների միջև կնքվել է պայմանագիր, որով ստեղծվել է ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը. «Ուկրաինան և Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով:

Ներկայումս համակարգի մաս են կազմում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը: 2000 թվականին էլ ստորագրվել է մեկ այլ համաձայնագիր, ըստ որի՝ ՀՀ տարածքում մինչ օրս իրականացվում է համատեղ մարտական հերթապահություն, որում ընդգրկված են և՛ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները, և՛ ՌԴ 102-րդ ռազմակայանի ուժերն ու միջոցները, այդ թվում՝ կործանիչ ավիացիան: Ընդգրկված հայկական ստորաբաժանումները ղեկավարվել են ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի կողմից, ռուսական ստորաբաժանումները ՌԴ Հարավկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարության ներքո էին: Սա օպերատիվության առումով առաջ էր բերում որոշակի խնդիրներ, նաև` մեկ միասնական հրամանատարության ներքո ընդհանուր համակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»:

ՀՕՊ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը, որ մասնակցել է փաստաթղթի մշակման աշխատանքներին, ներկայացրեց. «Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման անմիջական աշխատանքներն սկսվել են 2009 թվականին: 2009-2013 թթ. փաստաթղթի մշակման ակտիվ աշխատանքների փուլն էր, որի ընթացքում փաստաթուղթը մի քանի անգամ վերամշակվել է: Այժմ այն վերջնական տեսք է ստացել: Համաձայնագիրը կանոնակարգում է երկկողմ հարաբերությունները, սակայն, ըստ պայմանավորվածության՝ երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում գործելու է նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ-ի շրջանակում: Պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը ենթադրում է ՀՕՊ միջոցների կիրառում միայն պաշտպանական նկատառումներով»:

Ըստ նոր համաձայնագրի` կովկասյան տարածաշրջանում Հայաստանը դառնալու է ՀՕՊ առանձին շրջան, իսկ Հարավային օկրուգի կողմից անմիջական կառավարման գործառույթները վերաբաշխվելու, ապա և իրականացվելու են ՀՀ ՀՕՊ զորքերի կողմից. սա լինելու է մարտական հերթապահության ամենակարևոր առանձնահատկությունը. «Եթե 1995 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միասնական համակարգը նախատեսված էր խաղաղ ժամանակներում խնդիրների կատարման համար, ապա հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միասնական համակարգը նախատեսված է լուծելու նաև պատերազմական խնդիրներ: Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում Հայաստանի տարածքում տեղակայված բոլոր ուժերն ու միջոցները կոչված են չեզոքացնելու առաջացած վտանգը: Նոր համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում օգտագործելու և կիրառելու նաև Հարավային զինվորական օկրուգի ՀՕՊ ուժերն ու միջոցները: Մինչ այդ նրանք ունեին հստակ խնդիր` գործել միայն Ռուսաստանի` իրենց հատկացված տարածքում»,- ասաց գնդապետ Ա. Վարդանյանը:

Այսինքն` անհրաժեշտության դեպքում հակաօդային պաշտպանության միասնական համակարգը հնարավորություն կտա կիրառելու ոչ միայն 102-րդ ռազմակայանում առկա 4-րդ սերնդի բազմանպատակային Միգ-29 կործանիչները, Ս-300 զենիթային հրթիռային համակարգը, այլ նաև հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաև կործանիչ ավիացիայի այն բոլոր նորագույն միջոցներն ու զինատեսակները, որոնք առկա են ՌԴ զինված ուժերի, օդատիեզերական զորքերի զինանոցում. «Կընդլայնվեն նաև ռադիոլոկացիոն հետախուզության հնարավորությունները, կընդգրկվեն տիեզերական հետախուզության միջոցներ, հնարավորություն կունենանք օգտագործելու ՌԴ զինված ուժերի օդատիեզերային միջոցներից ստացված տվյալները, կստեղծվի միասնական տեղեկատվական դաշտ, որը թույլ կտա վաղօրոք զգուշանալու հակառակորդի ագրեսիայից: Այս միջոցառումները նախատեսված են ՀՀ և ՌԴ օդային տարածքի անձեռնմխելիության աստիճանը բարձրացնելու համար: Այսպիսով՝ մենք ամրացնում ենք կովկասյան տարածաշրջանը ծածկող ՀՕՊ համակարգի հուսալիությունը, ուժեղացնում այն յուրահատուկ հովանոցը, որ կոչված է պատսպարելու նաև մեր պետական սահմանի օդային տարածքը, պաշտպանելու այն օդային հարձակումներից: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում մարտական գործողությունների դեպքում ՀՕՊ ուժերն ու միջոցները կիրառելու, կառավարելու որոշումն ընդունելու է հայկական կողմը: Հայաստանի համար սա ձեռքբերում է»,- ընդգծեց ՀՕՊ զորքերի պետը:

ՌԴ ԶՈԻ օդատիեզերական ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հաստատել է, որ պայմանագրի ստորագրումը նախատեսվում է այս տարի:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/11/2015