ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՊԸ ԻՊ-Ի ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Թուրքիայի հետազոտողներից կազմված Կոլումբիայի համալսարանի խումբը հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետությանը» (ԻՊ) տրամադրել է ռազմական գործակցություն, զենք, կազմակերպչական աջակցություն, ֆինանսական օգնություն և բժշկական ծառայություններ: Այս մանրակրկիտ հետաքննությունը գլխավորել է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը:
Ահա հատվածներ այդ ծավալուն հետազոտությունից, որոնք փաստում են Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած ուղղակի կապերը:
1) ԹՈՒՐՔԻԱՆ ԻՊ-ԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ Է ԶԻՆԱՄԹԵՐՔ
♦ 2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը «Վաշինգտոն փոստ» թերթին ասաց. «Զինյալների մեծ մասը, որ մեզ միացել էր պատերազմի սկզբին, եկել էր Թուրքիայի տարածքով, այդ նույն ճանապարհով էին գալիս նաև սարքավորումներն ու զինամթերքը»:
♦ Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 2014 թ. հոկտեմբերի 14-ին Ադանայի դատախազությունից փաստաթղթեր հայտնաբերեց, որոնք բացահայտում էին, որ Թուրքիան զենք է մատակարարել ահաբեկչական խմբերին: Նա նաև ներկայացրեց հարցազրույցների արձանագրությունները բեռնատարների վարորդների հետ, որոնք զենք էին հասցրել ահաբեկիչներին:
♦ 2014 թ. սեպտեմբերի 27-ին հրապարակված փաստաթղթերից պարզվեց, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բին Սուլթանը ֆինանսավորել է ԻՊ-ի համար զենքի տեղափոխումը Թուրքիայի տարածքով:
2) ԹՈՒՐՔԻԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԻՊ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԻՆ
♦ Ըստ «Ռադիկալ» թերթի 2014 թ. հունիսի 13-ի հոդվածի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հրապարակել է հետևյալ հրահանգը. «Հաթայը ռազմավարական նշանակություն ունեցող վայր է մոջահեդների համար, որոնք հատելով մեր սահմանը՝ անցնում են Սիրիա: Կավելացվի նյութատեխնիկական աջակցությունը իսլամական խմբավորումներին, իսկ նրանց մարզումը, հիվանդանոցային խնամքը ու անվտանգ անցումը հիմնականում տեղի կունենա Հաթայում»:
♦ 2014 թ. հոկտեմբերի 9-ին Եգիպտոսի մի բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Թուրքիայի հետախուզությունը ԻՊ-ին է փոխանցել արբանյակային պատկերներ և այլ տվյալներ:
3) ԹՈՒՐՔԻԱՆ ՄԱՐԶՈՒՄ Է ԻՊ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԻՆ
♦ 2014 թ. հուլիսի 29-ին CNN Turk-ը հաղորդեց, որ Ստամբուլի սրտում գտնվող Դուզչե և Ադափազարի բնակավայրերը դարձել են հավաքատեղի ահաբեկիչների համար:
♦ Տեսահոլովակներից մեկում ցուցադրել էին ԻՊ-ի մասնաճյուղի անցկացրած աղոթք- հավաքը Ստամբուլի Օմեռլի թաղամասում:
♦ Ըստ Հորդանանի հետախուզության՝ Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին հատուկ գործողությունների համար:
4) ԹՈՒՐՔԻԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԻՊ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԻՆ
♦ 2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը հայտնեց «Վաշինգտոն փոստ»-ին. «Սովորաբար որոշ զինյալներ, նույնիսկ «Իսլամական պետության» ամենաբարձրաստիճան անդամները, բուժում են ստանում Թուրքիայի հիվանդանոցներում»:
♦ 2014 թ. հոկտեմբերի 12-ին «Թարաֆ» թերթը հաղորդեց, որ նախագահ Էրդողանի իշխող կուսակցության («Արդարություն և զարգացում») հիմնադիր Դենգիր Միր Մեհմեդ Ֆիրաթը հրապարակեց, որ Թուրքիան աջակցել է ահաբեկչական խմբերին և շարունակում է աջակցել և բուժել նրանց իր հիվանդանոցներում:
5) ԹՈՒՐՔԻԱՆ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԱՋԱԿՑԵԼ Է ԻՊ-ԻՆ ՆԱՎԹ ԳՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
♦ 2014 թ. սեպտեմբերի 13-ին «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդեց, որ Օբամայի վարչակարգը ջանքեր է թափել ճնշում գործադրելու Թուրքիայի վրա՝ վերացնելու ԻՊ-ի կողմից նավթի վաճառքի լայնածավալ ցանցը:
♦ 2014 թ. սեպտեմբերի 13-ին Ֆեհիմ Թաշթեքինը «Ռադիկալ»-ում գրեց Սիրիայից Թուրքիա նավթ տեղափոխող ապօրինի խողովակաշարերի մասին:
6) ԹՈՒՐՔԻԱՆ ՕԳՆՈՒՄ Է ԻՊ-Ի ԶԻՆՎՈՐԱԳՐՄԱՆԸ
♦ 2014 թ. հոկտեմբերի 14-ին Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ Ստամբուլում և Գազիանթեփում ԻՊ-ի գրասենյակները հավաքագրում են զինյալների: 2014 թ. հոկտեմբերի 10-ին Կոնիայի մուֆթին հայտարարեց, որ չորս օր առաջ իր քաղաքից 100 տղամարդ միացել է ԻՊ-ին:
♦ OdaTV-ն հաղորդեց, որ «Թաքվա հաբերը» ծառայում է որպես քարոզչական միջոց ԻՊ-ի համար՝ Թուրքիայում և Գերմանիայում թուրքախոս տղամարդկանց հավաքագրելու համար:
♦ Թուրքիայի սպորտի նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սուաթ Քըլըչը Գերմանիայում այցելեց սալաֆի ջիհադականներին, որոնք աջակցում են ԻՊ-ին: Այս ջիհադականները կողմնակիցներ են հավաքագրում Ղուրանի անվճար օրինակներ բաժանելով և դրամահավաք կազմակերպելով՝ Սիրիայում և Իրաքում ինքնասպանությամբ ահաբեկչություններ հովանավորելու համար:
7) ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՌՎՈՒՄ ԵՆ ԻՊ-Ի ԿՈՂՔԻՆ
♦ Ամերիկյան հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books-ում հաստատեց՝ «հայտնի էր, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը աջակցում էր «Ալ-Նուսրա ճակատին»՝ ապստամբ ընդդիմադիրների շրջանում ջիհադական խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբերի»:
♦ 2014թ. սեպտեմբերի 20-ին, Խորհրդարանում «Ազգերի ժողովրդավարական» կուսակցությունը (HDP) ներկայացնող պատգամավոր Դեմիր Չելիքը հայտարարեց, որ թուրքական հատուկ ուժերը ռազմի դաշտում միացել էին ԻՊ-ին:
8) ԹՈՒՐՔԻԱՆ ՕԳՆԵԼ Է ԻՊ-ԻՆ ՔՈԲԱՆԻԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՄԱՐՏՈՒՄ
♦ 2014 թ. սեպտեմբերի 19-ին Քոբանիի քաղաքապետ Անվար Մուսլիմը բացահայտեց, որ թուրքական զենք ու զինամթերքով բեռնված գնացքներ են հասցվել ԻՊ-ին: 2014 թ. սեպտեմբերի 30-ին CHP-ի պատվիրակությունը այցելեց Քոբանի, որտեղ տեղացիները հայտարարեցին, որ ամեն ինչ, սկսած ԻՊ-ի մարտիկների հագուստից մինչև զենքերը, գալիս են Թուրքիայից:
♦ 2014 թ. սեպտեմբերի 25-ին «Նուհաբեր»-ի տեսահոլովակը ցուցադրեց տանկեր և զինամթերք փոխադրող թուրքական զինվորական ուղեկցորդներին՝ ԻՊ-ի դրոշի ներքո Սիրիայի Ջարաբլուզ շրջանում ազատ տեղաշարժվելիս և Կարկամիշի սահմանն անցնելիս:
♦ Ըստ «Նյու Յորք թայմս» թերթի 2014 թ. հոկտեմբերի 29-ի համարում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը») քուրդ հրամանատարի գրած սյունակի՝ Թուրքիան պարբերաբար թույլ է տալիս ԻՊ-ի զինյալներին իրենց տեխնիկայով անցնել իր սահմանը:
9) ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԻՊ-Ը ՆՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՆ ՈՒՆԵՆ
♦ 2014թ. հոկտեմբերի 3-ին RT-ն հաղորդեց փոխնախագահ Ջո Բայդենի ելույթի մասին, ուր ներկայացվում էին ԻՊ-ին ցուցաբերվող թուրքական աջակցության մանրամասները:
♦ Համաձայն Սարիեր Գյոզլեմի՝ Էրդողանի որդի Բիլալը և թուրք պաշտոնյաները հանդիպել են ԻՊ-ի զինյալների հետ:
Բացարձակապես անընդունելի է, որ այն ժամանակ, երբ ԻՊ-ը զանգվածային սպանություններ է իրականացնում Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում, ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիան շարունակում է օգնել ու զինել այդ ահաբեկիչներին: Ժամանակն է, որ Թուրքիային վտարեն ՆԱՏՕ-ից, իսկ նրա ղեկավարները մեղադրվեն և դատվեն այս սարսափելի ոճրագործություններում իրենց ունեցած դերակատարության համար:
Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Տարածաշրջան