ԱՆՏԱՆՏԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները նոր էջ բացեցին միջազգային հարաբերությունների ասպարեզում: 111 տարի անց վերակենդանանալու նախադրյալներ են ստեղծվել ռազմաքաղաքական հզոր մի դաշինքի համար, ինչպիսին էր Անտանտը: Միաժամանակ, Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է հանգեցնել Առաջին աշխարհամարտի արդյունքների լրջագույն վերանայմանը:
«Իսլամական խալիֆայություն» կազմակերպության ահաբեկչական գործողությունների ալիքը ստիպեց Ֆրանսիային ակտիվանալ Սիրիայում և միանալ շուրջ մեկ ամիս հակաահաբեկչական գործողություններ իրականացնող Ռուսաստանին: Ավելին՝ ֆրանսիական իշխող վերնախավը չի բացառում, որ կարող է ստեղծվել ռազմաքաղաքական նոր դաշինք: Թեև որևէ խոսք ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու և որևէ նոր ձևաչափով միավորվելու մասին չկա: Նույնիսկ սառը պատերազմի շրջանում՝ 1962 թվականին, ազգային անվտանգության գերակայությամբ պայմանավորված՝ Ֆրանսիան դուրս էր եկել ՆԱՏՕ-ի ռազմական բաղադրիչից, բայց ոչ ամբողջությամբ կառույցից: Ներկայումս Սիրիայի հարցում ռուս-ֆրանսիական դաշնակցային առանցքի ստեղծումը լրջապես վերադասավորում է միջազգային դիվանագիտական հարաբերությունների դաշտը, առավել ևս «Իսլամական խալիֆայություն» կազմակերպության դեմ պայքարի վճռականության մասին վերջերս հայտարարել է նաև Լոնդոնում:
Ռուս-ֆրանսիական նոր մերձեցման ֆոնին կրկին ակտիվանում է Թուրքիան, որին վերջերս ավելի հաճախ են մեղադրում փարիզյան ողբերգությունների համակազմակերպիչ լինելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալումից հետո Անկարան հայտնվել է զավեշտալի իրավիճակում` խնդիրներ ունենալով բոլորի հետ, բացառությամբ թերևս չճանաչված Կիպրոսի Թուրքական Հանրապետության: Էրդողանը և նրա վարչակազմը փորձում են փրկել Թուրքիայի դեմքը՝ հանդես գալով իսլամական «հակաիսլամիստական» կոալիցիա ստեղծելու առաջարկով՝ փաստացի որպես հակակշիռ ռուս-ֆրանսիական ձևավորվող դաշինքի: Նման գործելաոճով Անկարան փորձում է Սիրիայի իրավիճակին կրոնական երանգ հաղորդել` «քրիստոնեական» դաշինքին հակադրելով «իսլամականը»: Այնինչ, Անկարայի՝ «իսլամական դաշինք» ձևավորելու փորձն արդեն իսկ տանուլ է տալիս, քանի որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի Թեհրան կատարած այցից հետո ռուս-ֆրանսիական դաշինքին կմիանա նաև մահմեդական Իրանը:
«Իսլամական պետության» գաղտնի հովանավորումը և նրա դեմ «պայքարի» բեմականացման ներքո քուրդ ազգաբնակչության հալածանքներն ու ոչնչացումը ստիպում է գերտերություններին լրջորեն զբաղվելու Թուրքիայի ապագայի հարցերով: Եվ եթե Բեռլինում ու մասնակի նաև Վաշինգտոնում չեն բացառում Թուրքիայի մուտքը Եվրամիություն՝ որպես ոչ միայն Անկարայի նման քաղաքականության զսպման, այլ նաև եվրոպական երկրներում մեծ թվով մահմեդայանների օրինականացման և Թուրքիա վերաբնակեցման մի մեթոդ, ապա Փարիզում ավելի շատ են սկսում բարձրաձայնել 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնության իրականացման հնարավորության մասին:
Շուրջ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ ռուս-ֆրանս-անգլիական գաղտնի համաձայնագիրը, ըստ էության, չիրականացվեց: Ռուսաստանն այդպես էլ չստացավ իրեն խոստացված Արևմտյան Հայաստանը, Ֆրանսիան՝ Հյուսիսային Իրաքն ու Կիլիկիան, շահեկան դուրս եկավ միայն Մեծ Բրիտանիան` ստանալով ներկայիս Հորդանանն ու Իրաքը: Արդյունքում՝ այդպես էլ չհանգուցալուծվեցին ո՛չ Հայկական, ո՛չ էլ Քրդական հարցերը:
Սայքս-Պիկոյի համաձայնագրով չէր նախատեսվում, որ տարածաշրջանում կհայտնվեն այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Իսրայելը և Սաուդյան Արաբիան: Սակայն փարիզյան ահաբեկչությունները, նմանատիպ ողբերգությունները նախկին մի քանի աֆրիկյան գաղութներում Ֆրանսիային ստիպում են լրջորեն վերաբերվել ժամանակին իրեն վստահված տարածքների և իր նախկին հպատակների ճակատագրին: Քանի որ Ռուսաստանը սատարելով Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի վարչակազմին՝ փաստացի ստանձնում է ամբողջ Սիրիայի տնօրինումը, հետևաբար Ֆրանսիան զրկվում է տարածաշրջանում իր նախկին ազդեցիկ դիրքերից: Նույն բախտին է արժանացել նաև Մեծ Բրիտանիան` փաստացի կորցնելով Իրաքի նկատմամբ իր վերահսկողությունը՝ հօգուտ Միացյալ Նահանգների: Սակայն Մերձավոր Արևելքի վերաբաժանումը տեղի էր ունեցել ավելի վաղ՝ դեռևս 2010 թվականից, երբ «արաբական գարնան» ալիքի վրա տապալվեցին վարչակարգերը Թունիսում, Ալժիրում, Լիբիայում, Եգիպտոսում, Եմենում, մի շարք արաբական երկրներում: Արդյունքում՝ այդ երկրներում թե՛ Ֆրանսիան և թե՛ Մեծ Բրիտանիան կորցրին իրենց երբեմնի ռազմաքաղաքական և տնտեսական դիրքերը:
Այսօր Փարիզն ու Մոսկվան հանդես են գալիս որպես աշխարհաքաղաքական նոր իրավիճակի մարտահրավերներին դիմակայող դաշնակիցներ: Անկասկած «Իսլամական խալիֆայության» երբեմնի ստեղծողներն ու հովանավորողները ստիպված են թաքնվելու, որպեսզի զերծ մնան ռուս-ֆրանսիական դաշինքի հետ բախումից, թեպետև ռազմական գործողությունները կտևեն նվազագույնը մինչև 2016 թվականը, երբ Սիրիայում տեղի կունենան խորհրդարանական նոր ընտրությունները: Այն ժամանակ արդեն պարզ կլինի, թե ովքեր են ներկայացնելու նոր իշխանությունները և ովքեր՝ իրական ընդդիմությունը: Եվ թե որքանով կվերակենդանանան Սայքս-Պիկոյի համաձայնության կետերը՝ կախված կլինի ոչ միայն այդ ժամանակահատվածում Անկարայի դրսևորումից, այլև Թել Ավիվի ու Էր Ռիադի պահվածքից: Եթե Թուրքիայի առջև կանգնած է Հայկական լեռնաշխարհը կորցնելու և «Քուրդիստան» պետության վտանգը, ապա Իսրայելը կարող է ականատեսը լինել միջազգային մանդատի ներքո անկախ Պաղեստինի հռչակմանը: Իր հերթին Սաուդյան Արաբիային սպառնում է կազմալուծում և բաժանում հարևանների միջև, կամ Հորդանանում այսօր տիրող, բայց ժամանակին Մեքքայի տիրակալ Հաշիմյանների վերադարձը: Այսուհանդերձ, որքան էլ հակաահաբեկչական, բայցև ռազմաքաղաքական ռուս-ֆրանսիական այս նուրբ դաշինքը դեռ իրեն զգացնել կտա:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ