Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՊԿՈՒՏԻ ԵԿԵՂԵՑԻՆ



Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի երբեմնի Քաշունիք (Մյուս Բաղք) գավառը, ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, ունեցել է 52 բնակավայր՝ հավանաբար Նակորզան կենտրոնով: «Սյունիքի պատմություն» գրքի «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու (խոսքը վերաբերում է Տաթևի վանքին) հարկացուցակը ըստ հին սահմանվածի» (ՀԴ) գլխում նշված է, որ ամենաշատ հարկ՝ 20 դահեկան, վճարել է Նակորզան բնակավայրը: 12 գյուղ վճարել են 12 դահեկան հարկ, մնացածը՝ ավելի քիչ: Այս բնակավայրերի մի մասը 19-20-րդ դարերի ընթացքում հայաթափ եղավ՝ բնակեցվելով մահմեդական ցեղերով ու կորցնելով հայկական անունները: Խորհրդային տարիներին բռնակցվեցին Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանին: Գորիս-Կապան մայրուղու մոտ 30 կմ հատվածում ձախակողմյան անտառապատ սարալանջերին՝ մայրուղուց մոտ 5 կմ արևելք, գտնվում է պատմական Քաշունիք գավառի Ճապկուտ գյուղը, որը 12 դահեկան հարկաչափով է նշվում Ստ. Օրբելյանի գրքում:

Ճապկուտը եղել է շեն և մեծ գյուղ: Ազատագրվել է 1993 թ. աշնանը: Ինչպես շատ պատմական բնակավայրեր, ունեցել է եկեղեցի, որը կիսաքանդ վիճակում դեռևս կանգուն է: Միանավ թաղակապ եկեղեցին կառուցված է կրաշաղախով և անմշակ քարով. գտնվում է գյուղի կենտրոնում (ծովի մակերևույթից մոտ 1400 մ բարձրության վրա)՝ Սեթանց գետակի՝ տարածքի աղբյուրներից առաջացող վտակի ափից վեր: 17-րդ դարի սրբավայրն ունի 13,7×8,20մ արտաքին չափսեր: Միակ մուտքը, որն ունի մոտ 80 սմ բարձրություն և 50 սմ լայնություն, հարավային կողմից է, բարավորը շատ գեղեցիկ զարդախաչերով տապանաքար է (155x73x40սմ): Ներսի կողմից դարձյալ տապանաքար է ագուցված պատերի մեջ: Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեղեկության՝ ինքը տապանաքարի վրա ընթերցել է Թ(ՎԻՆ) ՌՂ(1641թ.): Հավանաբար եկեղեցու կառուցման տարեթիվն է: Եվ եթե խաչքարի տարեթիվն է, միևնույն է, եկեղեցու ոճական առանձնահատկությունը թույլ է տալիս ասելու, որ այն կառուցվել է 17-րդ դարում: Միայն այսօրվա Քաշաթաղի շրջանում պահպանվել է մոտ երկու տասնյակ նման սրբավայր՝ կանգուն կամ կիսավեր: Շատերի վրա կան արձանագրություններ, և գրեթե բոլորն էլ կառուցվել են 17-րդ դարում: Սուրբ խորանի ձախ կողմում (կիսաքանդ վիճակում) պահպանվել է մկրտության ավազանը, բայց չկա ավանդատուն: Միակ ավանդատունը հարավային կողմում է, որի մուտքի բարավորին խաչեր կան քանդակված, որոնց մի մասը կոտրված է: Պատուհանի վերին մասում մի գեղեցիկ խաչքար է ագուցված, իսկ դեղնավուն մեկ այլ խաչքարի կտոր էլ՝ պատուհանի պատի մեջ: Սուրբ խորանը (արևելյան պատը) և արևմտյան պատն ամբողջությամբ ավերված են: Սուրբ խորանի աջակողմյան մասում ևս մեկ խաչքար կա՝ որպես անկյունաքար, վերևում՝ մեկ խոռոչ: Խաչքարերն ունեն 15-16-րդ դարերի ոճական առանձնահատկություն: Սա խոսում է այն մասին, որ տարածքում ավելի վաղ շրջանում հանգստարան է եղել, և եկեղեցու շինարարները շիրմաքարերն օգտագործել են որպես բարավոր ու անկյունաքար: Տապանաքարեր են նաև մուտքի հենարանները: Դրսի կարմրավուն հենաքարի վրա հավերժության նշան է քանդակված: Դիմացի հենաքարին երկու խաչեր են, իսկ ներս ընկածը մարդու քանդակով տապանաքար է: Դրսի բարավորն արվեստի գործ է. ունի երեք շատ գեղեցիկ քանդակված խաչեր, որոնցից կենտրոնականի ներքին մասում թռչնի գլուխ է քանդակված: Բացի մեծ խաչերից, կարմրավուն քարին կան ևս յոթ փոքր խաչեր: Եկեղեցին հարավային պատի վրա ունի 2 փոքր պատուհան:

Գերության տարիներին քրդաթրքերը շինությունն օգտագործել են հավանաբար որպես մարագ, և այդ է պատճառը, որ պահպանվել է: Գյուղում խորհրդային տարիներին թուրքերի կառուցած տների պատերի մեջ կան հայոց շիրմաքարերի և եկեղեցու պատերից հանված զարդանախշ քարաբեկորներ: Այստեղ անասնապահությամբ զբաղվող մեր հայրենակիցները նորաբնակներ են և դեռ չգիտեն, որ հնադարյան այդ կառույցը հայկական եկեղեցի է: Իմանալով՝ զարմացան և խոստացան մոտակա ժամանակներում մաքրել սրբատեղին, հնարավորինս բարեկարգել տարածքը: Ասացին՝ մոտակա անտառում նաև հին գերեզմանատուն կա՝ խաչաքանդակ շիրմաքարերով:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Հոգևոր-մշակութային


26/11/2015