ԹԵ ԻՆՉՊԵՍ ՓՈԽՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ…
ՀՀ վետերանների միավորումում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ` նվիրված Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մարշալներին, գեներալներին, ֆաշիզմի դեմ տարած փառահեղ հաղթանակին: Միջոցառման ընթացքում պատերազմի մասնակիցները ելույթներ են ունենում, պատմում իրենց ռազմական հուշերից:
ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը եւս բազմաթիվ հետաքրքիր հուշեր է պատմում իր մարտական անցած ճանապարհից: Գնդապետ Պետրոսյանը այս անգամ պատմեց Ֆրանսիա կատարած այցելությունից, որտեղ ներկա էր եղել խորհրդակցության: Եվրոպական երկրների մի քանի ներկայացուցիչներ իրենց ելույթներում նշել էին, որ դաշնակից երկրներն (ԱՄՆ, Անգլիան) են հաղթել ֆաշիզմին, եւ ոչ մի խոսք, ոչ մի անդրադարձ եւ անգամ ակնարկ չէր եղել Խորհրդային Միության հսկայական դերի մասին:
Եվ ահա խոսք էր խնդրել գնդապետ Պետրոսյանը եւ հանգամանալից ներկայացրել Կարմիր բանակի անցած մարտական եւ հաղթական ուղին, ապա իր ելույթը եզրափակել 1946թ. Անգլիայի պառլամենտում Չերչիլի արտասանած հետեւյալ խոսքով. «Եթե չլիներ Կարմիր բանակը, մենք երբեք չէինք կարող հաղթել ֆաշիզմին: Դաշնակիցների համատեղ ուժերով արագացավ հաղթանակը»:
Չերչիլի տեղին մեջբերումը փոխում է խորհրդակցության ընթացքը:
ՄԵՐՈՒԺԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական պատերազմի
2-րդ կարգի հաշմանդամ