Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՊՐՈՑՆ ԱՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ…



Վերջին տարիներին ավելի է ամրապնդվել բանակ-դպրոց կապը. կրթական օջախներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն նոր սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և ֆիզիկական կոփվածությանը, այլ նաև նախնական զինվորական պատրաստվածությանը` համագործակցելով համայնքի զորամասերի հետ: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը նշում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում խիստ կարևոր են նաև ավանդույթների պահպանումը և ժամանակակից պահանջներին համապատասխանող մեթոդների կիրառումը:

-Ես աշխատում եմ այս դպրոցում դեռ 1985 թվականից, տնօրեն եմ 2001 թվականից: Հիշում եմ, որ խորհրդային տարիներին Ֆ. Է. Ձերժինսկու անունը կրող այս դպրոցում կար նախնական զինպատրաստության մի ուսուցիչ` փոխգնդապետ Վլադիմիր Ավագյանը, որն աչքի էր ընկնում իր խստապահանջությամբ: Դասից առաջ աշակերտները դպրոցի բակում տողան էին կազմում, զեկուցում, որից հետո մտնում դասարան: Մենք փորձում ենք պահպանել նախնական զինպատրաստության հանդեպ նման մոտեցումը նաև ներկայումս, – նշում է տնօրենը և գոհունակությամբ ավելացնում, որ ռազմահայրենասիրական դաստիարակության, նախնական զինպատրաստության առարկայից արդի մեթոդական ձեռնարկներով, գույքով, նույնիսկ հրաձգարանով և մարզահրապարակով համալրելու հարցում դպրոցին մեծապես աջակցում են շրջանավարտները` «Օգնիր դպրոցին» ծրագրի շրջանակներում:

-Հատկապես շնորհակալ եմ մեր շրջանավարտ` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանին: Նրա աջակցությամբ մենք ունեցանք հրաձգարան, մարզահրապարակ: Բայց մեզ աջակցում են ոչ միայն մեր շրջանավարտները: Դպրոց պարբերաբար այցելում է նաև պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Նրա աջակցությունը անգնահատելի է:

Բանակի հետ դպրոցի համագործակցությունը բարձր է գնահատել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Տնօրեն Անահիտ Խոսրովյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

-Անցած տարի մի քանի տնօրեններով Ուսուցչի տոնի կապակցությամբ ևս ներկա եղանք պաշտպանության նախարարության ընդունելությանը: Մեզ համար հաճելի անակնկալ եղավ, երբ մեզ ծաղիկներ նվիրեցին զինծառայություն անցնող մեր շրջանավարտները: Իրոք, յուրահատուկ նվեր էր, – հիշում է տնօրենը՝ կարևորելով, որ շրջանավարտները նույնպես մասնակցում են բանակ-դպրոց կապի ամրապնդմանը:- Դպրոցում պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ Հայրենական մեծ պատերազմի վետերանների, մեր շրջանավարտ ազատամարտիկների հետ, նշվում են հոբելյանները, հիշատակի օրերը: Այս տարի նշեցինք Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակը: Դպրոցում գործում է մեր շրջանավարտ ազատամարտիկ Դավիթ Սարապյանի` Դևի անվանական սենյակ-թանգարանը: Մենք զզում ենք մեր յուրաքանչյուր զինծառայողի շունչը դպրոցում: Բացի այդ, Երևանի օրվա կապակցությամբ ամեն տարի հրավիրում ենք երևանցի նշանավոր մարդկանց, ինչը մեր դպրոցի համար ավանդույթ է: Դպրոցի անձնակազմը գործուն մասնակցություն է ունենում ոչ միայն սահմանամերձ գյուղերի, այլ նաև` սահմանային զորամասերի աջակցությանը. աշակերտներն անցած ուսումնական տարում մասնակցեցին զորամասերի գրադարաններին աջակցող գրքերի հավաքմանը: Սա ռազմահայրենասիրական դաստիարակության մի մասն է, և բավական արդյունավետ, – նշում է Անահիտ Խոսրովյանը և հավելում£ -Մեր դպրոցում հյուրընկալվելու ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել էր, որ դպրոցն ու բանակը նույն գործն են անում: «Մենք կրթում ենք նոր սերնդին բանակում, իսկ դուք` դպրոցում: Եվ եթե բանակը մեր տան ամրոցն է, դպրոցն էլ է մեր տան ամրոցը»,- ասել էր նախարարը:

Անդրադառնալով նոր սերունդների ֆիզիկական կոփվածությանը՝ տնօրենը գոհունակությամբ նշում է, որ դպրոցում գործում է ամբողջությամբ կահավորված և անհրաժեշտ գույքով հագեցած 3 մարզադահլիճ և մարզահրապարակ:

-Եթե խոսում ենք հանրակրթության մասին, ապա նրա մի մասն է երեխայի առողջության ապահովումը, որին նպաստում են ֆիզիկական դաստիարակության դասերը: Ունենք հրաշալի ուսուցիչներ, ստեղծված են ֆիզկուլտուրա առարկայի համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Այլ հարց է, թե ինչ մակարդակի վրա է նոր սերնդի ընդհանուր առողջությունը, կոփվածությունը: Միայն մի քանի հոգի կարող են հանձնել դրական բոլոր նորմատիվները, այն էլ, եթե մասնակցում են որևէ խմբակի: Այդ դեպքում անհասկանալի են այն հայտարարությունները, թե դպրոցից հետո բանակ եկող երիտասարդը երբեմն ո՛չ գիտի շարք կանգնել, ո՛չ վազել, ոչ էլ ձգվել: Գոյություն ունի ֆիզկուլտուրայի ծրագիր, ուսուցիչները պարապում են ըստ ծրագրի, որը ներառում է նույնիսկ ֆուտբոլ և բասկետբոլ: Պետք չէ մոռանալ, որ ավարտական 9-րդ և 12-րդ դասարաններում առարկայից պարտադիր ավարտական քննություն է անցկացվում: Դպրոցը ոչ թե պետք է ուժեղ դարձնի, այլ պետք է հոգ տանի երեխայի առողջությանը, ֆիզիկապես զարգացնի, – նշում է տնօրենը:

Խոսելով նախնական զինպատրաստություն առարկայի մասին՝ կրթական օջախի ղեկավարը խիստ կարևորեց ոչ միայն ռազմահայրենասիրական դաստիարակությունը, այլ նաև` գործնական աշխատանքները, լսարանների հագեցվածությունը:

-Էլեկտրոնային հրաձգարանի առկայությունը նպաստում է ռազմահայրենասիրական դաստիարակությանը: 2014-2015 ուսումնական տարվա ավարտին մեր աշակերտները դպրոցի հետ համագործակցող խաղաղապահների գումարտակի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով, նույնիսկ աղջիկները կրակային պատրաստությունից լավագույն արդյունքներ ցուցադրելու համար պարգևատրվեցին, – նշում է նա:

Ըստ Ա.Խոսրովյանի՝ ցանկալի է, որ ՆԶՊ-ից ավարտական դասարաններում ավելի շատ լինեն գործնական պարապմունքները, բայց իրական պայմաններում եւ ոչ՝ լսարանային:

-Ամեն մի դպրոց կցված է որևէ զորամասի: Կարելի է ավելի կիրառական դարձնել պարապմունքները, որպեսզի պատանիները սովորեն զինվորական կյանքին, պայմաններին, կանգնեն իրական շարահրապարակում, կրակային պարապմունքներ անցկացնեն դաշտային պայմաններում: Իսկ աղջիկները կարող են մասնակցել բուժօգնության պարապմունքներին,- նշում է տնօրենը, միաժամանակ մտահոգություն հայտնում, որ թեև ՆԶՊ առարկայից ավարտական քննություն է նախատեսվում, սակայն այն հիմնականում տեսական-թեստային է:

Ամփոփելով իր խոսքը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը նշում է, որ վերջին տարիներին ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության առաջընթացն ակնհայտ է:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Բանակ և հասարակություն


26/11/2015