Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

– Ախր, ի՞նչ է անում, չի՛ կարելի, դարան է, դարա՜ն, գլուխը կուտեն,– հանկարծ ջղային ընդվզեց պահնորդ կարգված ավագը, որ նույնպես ուշիուշով հետևում էր գործողության ընթացքին՝ անհանգստանալով վերահաս վտանգի հասունացումից, որին նպաստում էր Սողոմոնն իր անխոհեմ վարմունքով՝ թույլատրվածից ավելի մոտենալով թշնամուն:

Նա այլևս ինքն իրեն չէր պատկանում. սխրալի պարտքը Գեներալին համակել էր մի այնպիսի խռովահույզ ողբերգականությամբ, որ այլևս արհամարհում էր իր հանդեպ որևէ դավադրություն և կամ մահվան սպառնալիք՝ ապստամբելով այն ահեղ կանխորոշման դեմ, որը նրան հասցրել էր կենաց և մահու սահմանագծին:

Վերջապես հանդիպակաց կողմում՝ հակառակորդ դիրքերի բարձրության վրա, երևաց ինչ-որ մեկի կորամեջք հասակը, որ հազիվ հավասարակշռություն պահպանելով փլչուն կավահողին՝ երերուն քայլքով իջնում էր դարն ի վար: Նա էր՝ բախտի քրմուհին, հերարձակ, մարմնի բնական ճկունությամբ՝ որպես վաղանցուկ մի երազ, որպես չքնաղ-չարաղետ տեսիլք, որը, թվում էր՝ ուր որ է՝ նորից կանէանա թեթև հովից: Հասնելով միջանցքի հակադիր մուտքին՝ վարձկանուհին մի պահ մոլորված որսի պես քարացավ տեղում՝ վեհերոտ նայելով Գեներալի կողմը, որ դիվային մղումով անսպասելի թափ առավ և քայլեց վարձկանուհուն ընդառաջ:

Տեսնելով Գեներալի խելահեղ արշավը՝ աղջիկը ինքն էլ, ինչպես վավաշ մի ամազոնուհի, անզուսպ նետվեց իր անհագուրդ ՑՆՈՐՔԻ գիրկը: Դեպի ՆԱ… Թվում էր՝ ոչինչ չէր կարող խանգարել նրանց՝ իրար փարվելուն, մինչդեռ տեղի ունեցավ չարաբաստիկը, զարհուրելին, երբ երկուսն էլ գրկախառնվելու չափ մոտեցել էին: Վարձկանուհին դիտապաստ փռվեց Գեներալի ոտքերի տակ: Ամեն ինչ այնպես արագ կատարվեց, որ հնարավոր չեղավ տարորոշել, թե ով էր կրակողը, իսկ երբ չոր ու հատու հնչեց երկրորդ կրակոցը, և Գեներալը, որ մահվան շորշոփի մեջ մնացել էր շփոթահար, անշարժ, կծկվեց ու ընկավ վարձկանուհու կողքին՝ գլուխ գլխի, պայթեցին զենքի բոլոր տեսակները:

Խենթերի ետնապահ խումբը խոյացավ փրկելու Գեներալին, որն իր մարմնով պատսպարում էր վարձկանուհուն գնդակների տարափից: Երբեք դեռ նրանք իրար այդպես մերձ չէին եղել՝ ճակատագրով միաբանված, զարկված ու հպարտ…

Զորակցելով փրկարարների անվեհեր ջանքերին՝ հատուկ նշանակության ջոկատի մարտիկները կատաղի կրակահերթերով սաստում էին թշնամու կալանող խմբի հարձակումը, որ հավակնում էր տիրանալու «թանկագին ավարին», ինչը ոչ այնքան ռազմավարական, որքան հիրավի բարոյական (եւ նույնիսկ քաղաքական) նշանակություն ուներ երկուստեք: Մինչդեռ նահանջի ճանապարհը անասելի դժվար էր պատկերանում, երբ ստիպված էին Գեներալին կրակի գոտուց դուրս բերել առանց պատգարակի՝ վտանգելով սեփական կյանքը անկանոն, մահաբեր գնդակոծումների հեղեղի տակ՝ ուժերի ահռելի գերլարումով: Ու հիմա դիտանոցում պահված՝ իմ հեռու ապահովությունից, չգիտես ինչու, հիշում էի մեր ծանոթությունը զինվորական ճաշարանում, երբ ասաց. «…Կռիվը պրծել է, ախպերս, էլ ինչի՞ մասին ես գրելու…»: Կարծես հարյուր տարի էր անցել այն օրից, երբ դեռ միասին էինք: Հիշում և հասկանում էի նրա խորհրդապաշտությունը, որ հռչակում էր՝ կյանքում ոչինչ էլ պատահական չի՝ «…դրա համար էլ հիմա՛ եկար»: Այլապես կարող էի մի ամբողջ կյանք ուշանալ:

– Տո՛ւր զենքդ,– վճռական դիմեցի ավագին:

– Ոնց թե…,– հանկարծակիի գալով՝ դիմադրեց նա:

– Ես հրամայում եմ,– սպառնացի,– թե չէ՝ պատասխան կտաս զինվորական դատարանի առաջ կոչումով ավագին հակաճառելու համար,– և նա, ո՞վ իմանա, ծառայամտությունի՞ց, թե՞ կարգապահ երևալու հաշվենկատությունից դրդված ենթարկվեց՝ դժկամորեն հանձնելով ձեռքի գնդացիրը:

Դուրս եկա դիտակետից և վազեցի խրամուղու ոլորապտույտ, մարդաբոյ հատվածով՝ ներքուստ չունենալով ո՛չ վախ, ո՛չ էլ ահասարսուռ որևէ զգացողություն: Ես առաջ էի շարժվում աներևույթ ձեռքի քաջալերությամբ՝ առանց կշռադատելու անխոհեմ արարքիս հնարավոր հետևանքները, որը հայտնի չէ, թե դեռ ինչ վախճանի կարող էր հանգեցնել: Եվ երբ մերթ թավալգլոր, մերթ էլ փորսող միացա խիզախող խմբին, նոր միայն ճաշակեցի սեփական նախաձեռնության սահմռկեցուցիչ ահավորությունը՝ մտքումս օգնության կանչելով ինձ հայտնի և անհայտ բոլոր սրբերին, որոնց էլ «անհավատի իմ կյանքում առաջին անգամ խոստովանեցի» ներկա և անցյալ բոլոր մեղքերս՝ խոստանալով դարձի գալ, միայն թե՝ ողջ մնայի…

…Դժվարին վերելքը, ի վերջո, պսակվեց հաղթությամբ՝ շնորհիվ նվիրյալների անձնազոհ, գերբնական ճիգերի, որոնց հետ իմ միջամուխ մասնակցության համար ցմահ շնորհակալ եմ բախտին, որովհետև պատահմամբ ողջ մնացի… որովհետև իրականում ոչ թե Սողոմոնին, այլ ես ինձ էի փրկության ձեռք մեկնել՝ բարձրանալով ինքս իմ աչքում, քանի որ կյանքում գոնե մեկ անգամ մարդավարի հավատացի արյանս կանչին՝ ինչն էլ ինձ դարձրեց նրանցից մեկը: Գեներալի համառ պահանջով հարկադրված էինք ապահով վայր տեղափոխել նաև վարձկանուհուն, որ հեծեծում էր մահացու վիրավորումից:

Բայցեւայնպես, որքան էլ տարօրինակ է, ոչ ոք նույնիսկ նախատինք չկարդաց ինքնագլուխ ճակատի գիծն անցնելուս համար և կամ ուշադրության առնել… նույնպես չբարեհաճեցին, կարծես արտասովոր ոչինչ չէր եղել, մինչդեռ ուզում էի գոռալ, բղավել ի լուր ամենքի, որ՝ «չե՛մ ուշացել, որ երբեք էլ ուշ չէ…»: Ինքս ինձ մխիթարեցի միջնադարյան պահպանիչ մի հմայախոսությամբ. «Չար ակն ի չոր փուշն, չոր փուշն ի բարկ կրակն…»: Այնուամենայնիվ, ինձ սպասող կար:

– Հե՛տ տուր զենքը (որից ես ոչ մի կրակոց չէի արձակել և քիչ մնաց կորցնեի),– այլևս ոչ մի «առանձնաշնորհում» չհանդուրժող ձայնով փնթփնթաց տարեց ավագը՝ միակ մարդը հեռավոր հարավարևելյան ռազմաճակատում, որ դիմավորեց իմ վերադարձը:– Համա թե բախտ ունես, ընկեր կապիտան, երևի բամբազյա բլուզով ես ծնվել:

Նա վատ մարդ չէր, այլ իր տեսածից ու ապրածից փոքր-ինչ խեղաթյուրված:

– Հա՛, բլուզո՛վ…

Տևական-տանջալի վերելքի ընթացքում Գեներալը շատ արյուն էր կորցրել, բայց վերքը, բարեբախտաբար, կյանքի համար վտանգավոր չէր. գնդակը կոտրել էր աջ անրակը և չվնասելով կենսական որևէ օրգան՝ հրաշքով դուրս էր թռել թիակի տակից: Մերժելով բժշկի՝ լազարեթ տեղափոխելու առաջարկը՝ նա գերադասեց ոտքի վրա մնալ՝ կուրծքը թանզիֆով փաթաթած:

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Հոգևոր-մշակութային


26/11/2015