ՄՈՒՍԱ ԼԵՌԸ ՓԱՌՔ ՉԷ ՄԻԱՅՆ…
Նախ`
կատարեցին միա՜կ կարելին.
թրի-սրի դեմ,
հրի դեմ, ջրի,
հրանոթի դեմ ու գնդացըրի,
երեկվա նման ու վաղվա նման
մարտընչում էին ակռա-ատամով
կռվում կրունկով,
թաթով ու ծունկով`
Վանում, Ուրֆայում, Մուսայի վրա,
Գարահիսարի կիսավեր բերդում…
… անխուսափ մահվան կարմիր սգերթում,-
անհայտ-անվանի սրբազա՛ն խենթեր,
որ մահվան շնչից չտատանվեցին
և … դրոշակով չպատանվեցին,
այլ լոկ հեռվահաս ու բազմադարյան
իրենց ծփացող ծիրանի արյամբ…
Պ. ՍԵՎԱԿ
2015 թվականը հիշատակվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարի: 2015 թվականը դյուցազնության և սրբազան խենթության տարի է նաև և Հայոց նորօրյա պատմության մեջ չի կարող հիշատակվել և արձանագրվել որպես 1915թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարի միայն, քանի որ այսօր ժողովուրդները, որոնք ապրել են ուզում, ապրելու համար հանապազօրյա հացից հետո պետք է ունենան ա՛յն փրկարար և անաչառ գործիքը, որով մեր քաջ նախնիք և պապերը չափում էին իրենց երկրի սահմանները:
Եվ այսօր մենք նշում ենք Մուսա լեռան հերոսամարտի և նրա հերոսների հիշատակի օրը` ապագայում Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մեջ փափագելով ունենալ նաև 1915թ. Հայոց ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր, որովհետև… Որովհետև, ինչպես Գարեգին Նժդեհն է ասել. «Ժողովուրդների ճակատագրի աստղը պետք է փնտրել ոչ թե երկնքի վրա, այլ նրանց կրծքի տակ` նրանց նկարագրի մեջ», իսկ «հայ էությունը մշակելու գործում ազդեցության առյուծի բաժինն ընկել է Հայոց լեռներին», և Մասիսն ու Մուսա լեռն են «դայակը հայ հոգու»:
Երանի՛ նրան, հազա՛ր երանի, ում ականջները վարժ են լսելու Հայոց լեռների տարաշխարհիկ, սակայն աստվածորեն մարգարեական ու վսեմ պատգամը:
Արդարացիորեն, խորհրդածելի և ուսանելի քի՞չ բան կա արդյոք այն իրողության մեջ, որ անհիշելի ժամանակներից Մուսա լեռան փեշերին բնավորված մի բուռ հայեր լեռ բարձրացան հանկարծ ու լեռնացան անարգ թշնամու դեմ` պաշտպանելու համար իրենց պատիվը, հավատարիմ մնալու իրենց անցյալին և իրենց ինքնությանը, մարդկային ու ազգային իրենց նվիրական արժեքներին:
Ստուգապես անօրինակ մի սխրագործություն, որը հնարավորություն չէր տալիս այլևս ճշտելու մի բուռ հայե՞ր էին նրանք, որ լեռնացան իրենց հայության մեջ, թե հայերիս անծանոթ լեռը հայացավ այդպես միանգամից:
Առանց Հայոց լեռների հաղթապանծ պատկերի հայոց հոգին ինչի՞ պիտի նմանվեր, առանց Մասիսի մայրամաքուր ձյան հայը որտեղից պիտի առներ իր հոգու մաքրությունը, առանց մեր լեռների խորհրդավոր դղիրդի ո՞վ պիտի սովորեցներ մեզ դղրդագին որոտալ, առանց հայոց լեռնաշխարհի կանգուն ու ամրակուռ հավատքի ո՞վ պիտի սովորեցներ մեզ հավատալ:
Հայ մուսալեռցին կարոտում է շա՛տ ու շա՛տ գեղեցիկ բաների: Բայց տարվա մեջ նրա կարոտը հասնում է ծայրագույն գինովության, և երբ կորսված սքանչելի լեռան պատկերը այցի է գալիս իրեն, հալածում այրող մղջավանջի պես, բոլոր մյուս կարոտներից բազմապատիկ ուժգնանում է և ամուր, կապարի ծանրությամբ սեղմում նրա հոգին.
-Մեր լիրոնք…
Ահա՜ թե ինչու Մուսալեռը փառք չէ միայն, այլև առաքելություն, որը պետք է պատվով իր վախճանին հասցնել: Մուսա լեռը անլռելի և անդիմադրելի հրավեր է նոր պայքարի, նորանոր զոհաբերությունների ու խոյանքների` այս անգամ գաղափարական և իմացական ճակատներում: Մուսա լեռան համբուրելի լեռնականների սրբազան խենթությունն է պետք մեզ իմացական ու գաղափարական նոր լեռներ ու գագաթներ նվաճելու, այս անգամ փառքի այլ հուշարձաններ կանգնեցնելու նորօրյա հերոսների աճյունների վրա` ի փառս և ի պարծանս հավերժական հայության, ի փառս Հայաստանի Հանրապետության:
Մուսա լեռը լեռնակուտակ փառք է, և նոր սերնդին է մնում իր հոգու խորքում Մասիս ու Մուսա լեռ և իր մեծ մեռելների պաշտամունքն ունենալ, մեծանալ իր հերոսների հետ և նրանց փառքը վերածել նոր խոյանքների, նվաճումների ու երազների…
«Ուխտդ ուխտակա՛ն, ով սրբազան խենթ»։
ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից