Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՄՈՆԹԵՆ



Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 58 տարեկան

Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը… Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել… Հերոս, որի ամեն բառն ու միտքը՝ թե՛ կռվի պահին ասված, թե՛ հազվադեպ հանգստի, դարձավ թեւավոր խոսք ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ է անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։ Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում եւ այսպես առասպելականացնում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…

♦♦♦

Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ եւ այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որեւէ ուրիշ հայի։ Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաեւ կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ։ Հետեւաբար բնական է լինել այստեղ եւ պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին։

♦♦♦

Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել` անձնուրաց հերոս, ֆանատիկոս…, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր։ Պատերազմի մեջ, թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանի ազնվությամբ ու պարզությամբ… այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր հետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտի հասցնելը։

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

♦♦♦

Մարտավարության հմուտ վարպետը

Մոնթեի հետ ծանոթացա 1992թ. վերջին։ Մի քանի անգամ անմիջականորեն շփվել ենք։ Ես բանակի շտաբի պետն էի, ինքը` Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Մեր միջեւ պարզ, մարդկային փոխհարաբերություններ էին։
Որպես մարդու, անհատի` նրա կերպարում գնահատում էի կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու ունակությունը, նույնիսկ ամենադաժան պայմաններում, երբ մարդիկ չէին էլ ակնկալում, նրանց մասին մտածելու, հոգալու պատրաստակամությունը։ Անշուշտ, այդ ունակությունը պայմանավորված էր իր չափից ավելի բարոյական նկարագրով։ Ազնիվ անձնավորություն էր, երբեք ոչինչ չի շռայլել, համեստ կեցվածք ուներ` մարդկային իրատեսական վերաբերմունքով։
Որպես զինվորական` մարտավարության հմուտ գիտակ էր` փոքր ստորաբաժանումներից մինչեւ խոշոր զորամիավորման քաջ տիրապետող անձնավորություն։ Իհարկե, վճռորոշ էին նրա մտավոր բարձր կարողություններն ու լայն աշխարհայացքը։ Ռազմական պատրաստվածության հետ մեկտեղ ապահովեց Մարտունու շրջանի հուսալի պաշտպանությունը։

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Ճակատագրեր


26/11/2015