Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՐԽԻՎ. զինվորական ճակատագրերի պահոց



Ազգային բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից ակնհայտ էր պատերազմի և բանակի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման ու պահպանման կարևորությունը: Այդ նպատակով ձևավորված ՀՀ ՊՆ արխիվի գլխավոր նպատակը դարձավ պաշտպանության նախարարության գործունեության բոլոր կարևոր ոլորտների վերաբերյալ տեղեկությունների և փաստաթղթերի հավաքագրումն ու պահպանությունը: Որպես կարևորագույն խնդիր դիտվեց նաև արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիության ապահովումը, նախարարության համակարգում դրանց հաշվառման, համալրման, պահպանության և օգտագործման կանոնների մշակումը, ինչպես նաեւ էլեկտրոնային շտեմարանների ստեղծումն ու տեխնիկական միջոցներով դրանց արագ և օպերատիվ տեղեկատու որոնողական միջոցների կիրառումը:

Ներկայումս ՀՀ ՊՆ արխիվը կարևոր դերակատարում ունի զինծառայողների և պատերազմի մասնակից ազատամարտիկների սոցիալ-իրավական խնդիրների լուծման գործում: Այժմ մեծածավալ աշխատանք է տարվում նաև զորքերից փաստաթղթերի ստացման, ռազմական արխիվավարության և փաստաթղթերի օգտագործման ուղղությամբ:

Արխիվն ապահովում է նաև արխիվային պահպանման ոլորտում նախարարության համակարգի և այլ կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների միջև ամուր և ճկուն համագործակցությունը: «Համագործակցությունը հատկապես մեծ է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունների, Հանրապետական զինկոմիսարիատի և ընդհանրապես բոլոր տարածքային զինկոմիսարիատների հետ,- նշում է ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական Էմիլիա Անանյանը: -Ստույգ՝ պատերազմի մասնակիցների դեպքում մեզ մոտից կարողանում են ստանալ մարտական գործողությունների գործուղումների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կարևոր են մարդու մարտական ուղին կազմելու համար (համաձայն կառավարության նոր որոշման՝ փոխվում է պատերազմի մասնակցի վկայականը, պարտադիր է արխիվից համապատասխան տեղեկանքներ ներկայացնելը): Մենք տալիս ենք հիմքերը, որոնց հիման վրա տվյալ ջոկատի կամ զորամասի հրամանատարը կազմում է մասնակցի մարտական ուղին»:

2007 թվականից ՊՆ կենտրոնական արխիվում սկսվել են արխիվային նյութերի թվայնացման աշխատանքները: Արդեն իսկ թվայնացվել են մինչև 1997-98թթ. գոյություն ունեցող ՊՆ բոլոր արխիվային փաստաթղթերը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել օպերատիվ կազմակերպել հատկապես պատերազմի տարիների մասնակցությանն առնչվող տարբեր փաստաթղթային հայցադիմումների բավարարումը:

Էմիլիա Անանյանի խոսքերով՝ «Թվայնացման շնորհիվ մեր բոլոր աշխատանքներն այժմ շատ ավելի արագ ենք կարողանում իրականացնել: Սկզբնական շրջանում խնդիր էր անգամ համակարգիչների հարցը: Այժմ արդեն անհրաժեշտ բոլոր պայմանները կան, որ շատ սեղմ ժամկետներում կարողանանք կազմակերպել պահանջվող տեղեկատվության տրամադրումը: Եթե դիմումատուները հեռու տեղից են գալիս՝ ասենք սահմանամերձ գոտիներից, աշխատում ենք նույն օրը մեկ կամ երկու ժամվա ընթացքում մեզ վերաբերող բոլոր խնդիրները լուծել, որ հասցնեն վերադառնալ: Հատկապես արագ ենք արձագանքում հոսպիտալի հարցումներին. րոպեների ընթացքում պատրաստում ենք բժշկական օգնության կարիք ունեցող մարդու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Համագործակցում ենք նաև արտերկրյա համանման կառույցների հետ: Շատ հարցումներ են գալիս հատկապես Ռուսաստանից: Վերջերս, օրինակ, հյուրեր ունեինք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական արխիվից: Համագործակցության եզրեր ձևավորվեցին: Այսուհետեւ փոստային կապով ավելի արագ կիրականացվի տվյալների ճշգրտման և փոխանակման գործընթացը: ՊՆ արխիվի նյութերը նաև գիտական աշխատությունների համար որպես փաստաթղթային հիմք են ծառայում: Բուհերի ուսանողները, նաև գիտաշխատողները հաճախ թույլտվություն են ստանում իրենց ուսումնասիրությունների համար (դիպլոմային աշխատանք, գիտական թեզ) օգտվելու ՊՆ արխիվի մեծածավալ շտեմարանից»:

Հայտնի է, որ արխիվային աշխատանքը առողջության վրա բացասական ազդեցություն է գործում և ներառված է կառավարության կողմից հաստատված հավելավճարի մեջ: Այստեղ պարտադիր հետևում են մաքրության և զգուշության բոլոր կանոններին:

Փաստաթղթերի հավաքագրման ծավալուն և մանրազնին աշխատանքները ՊՆ կենտրոնական արխիվի աշխատակիցների ամենօրյա հոգածության և զգոն ուշադրության ներքո են. «Եթե հանկարծ փաստաթղթերում որևէ թերություն կամ անճշտություն ենք նկատում, անմիջապես շտկում ենք, քանի որ մեզ մոտ պահվող ցանկացած թուղթ մարդկային ճակատագիր է ներկայացնում. իսկ սա կարևորագույն արժեք է, որը մեզ է վստահված»,- եզրափակում է տիկին Անանյանը:

Քնարիկ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/11/2015