ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
Նոյեմբերի 13-ից 14-ը Տավուշի մարզ էին այցելել ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները:
ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպված այցի ընթացքում ակումբականները նոյեմբերի 13-ին նախ այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Նրանք հանդիպեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի և «Տավուշ» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամների հետ: Առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող հանդիպման նպատակն էր երիտասարդ ակումբին փոխանցել «Վարդանանք»-ի 19-ամյա փորձն ու օգնել, որպեսզի երիտասարդները կարողանան իրականացնել այնպիսի ծրագրեր ու միջոցառումներ, որոնցով վառ կպահվի Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների ու դասախոսների հիշատակը:
Վարդանանքցիները մանրամասն ներկայացրին այն կարևոր ու առաջնային ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում տարվա ընթացքում: «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի առաջարկով այսուհետ պարբերաբար այցելություններ կկազմակերպվեն՝ այդ կերպ ամրացնելով երկու ռազմահայրենասիրական ակումբների միջև կապը:
«Վարդանանք» և «Տավուշ» ակումբների անդամները այցելեցին Տավուշի զորամաս, հանդիպեցին հայրենիքի պաշտպանների հետ: Հրամանատարական կազմը մեծ ոգևորությամբ ու հիացմունքով ողջունեց համալսարանականների նախաձեռնությունը: Անցկացվեց համատեղ միջոցառում, որն ուղեկցվեց հայրենասիրական երգերով, պարերով, ինտելեկտուալ խաղերով: Ելույթներ ունեցան նաև զինվորները:
Կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթի հաղթողներն էլ պարգևատրվեցին ԵՊՀ հրատարակչության տրամադրած գիտական ու գեղարվեստական բազմաթիվ գրքերով: Բացի այդ, «Վարդանանք» ակումբն այս անգամ ևս զորամաս դատարկաձեռն չէր գնացել. «Նվիրի՛ր գիրք հայ զինվորին» ծրագրի շրջանակում հավաքված գրականությունը նվիրվեց զորամասի գրադարանին:
Նոյեմբերի 14-ին էլ վարդանանքցիներն ու տավուշցի երիտասարդները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում իրականացրին «Երիտասարդություն-հայրենասիրություն» խորագրով բանավեճ: Միջոցառման նախաձեռնողներն ակնկալում էին պարզել, թե ուսանողները որքանով են պատրաստ հարկ եղած դեպքում վարելու դիվանագիտական բանակցություններ՝ հաղթահարելով իրենց սկզբունքները:
Օրն ավարտվեց Գոշավանք գիտաճանաչողական այցով:
Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Բանակ և հասարակություն