ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՍՊԱՅԱԿԱՆ ԱՎԱՆՈՒՄ
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում նոյեմբերի 21-ին բացվեց 176 բնակարանից բաղկացած սպայական ավանը, որը ապահովված է բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, բնակարանները մասամբ կահավորված են: Զինվորականներին սեփականության վկայականները հանձնեցին հանդիսավոր միջոցառմանը մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Լեւոն Մնացականյանը:
Մայոր Օլեգ Հակոբյանը զինված ուժերում է 1992թ.: Մարտական ուղի անցած սպա է: Ամուսնացած է, երեք երեխա ունի: Մինչ այժմ վարձով էր ապրում, տասներեք տարի բնակարանի հերթի մեջ էր: Զուսպ է, հակիրճ իր խոսքում, բայց կինը՝ Մարինան, չի կարողանում թաքցնել ուրախությունն ու հուզմունքը: Չէ՞ որ տարիներ շարունակ սպասելուց հետո վերջապես սեփական երեքսենյականոց բնակարան ունեն: Ամենից անհամբեր բնակարանամուտին սպասել են երեխաները: Աննան եւ Աշոտը ավագ դպրոց են հաճախում, շատ լավ հասկանում են ծնողների ապրումները, կրած զրկանքները: Երեխաներն անչափ ուրախ են, որ այսուհետ ապրելու են մեծ, լուսավոր եւ հարմարավետ բնակարանում: Իրե՛նց բնակարանում: Ընտանիքի փոքրիկը՝ Ալիսան, ինչպես նաեւ մյուս բոլոր երեխաները, վազվզում են, թռչկոտում, խաղում են նոր, ժամանակակից խաղահրապարակներում:
Պետությունը զինծառայողների սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում է պահում:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Ազգային բանակ