ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Նոյեմբերի 21-ին Գանձասար վանական համալիրում բացվեց «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի» մասնաշենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաեւ աշխատանքային այցի շրջանակում ԼՂՀ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնը կազմված է գիտական եւ թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչեւ նոր շրջանն ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր, հնատիպ գրքեր, ընդօրինակություններ: Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ եւ ունենալու են շարունակական բնույթ:
Գիտամշակութային կենտրոնի բացմանը ելույթ ունեցան ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Երեւանի մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Թել Մարտենվանլինդը: Հանդիսավոր բացումը կատարվեց հոգեւոր հայրերի օրհնության եւ աղոթքի ներքո:
Մասնաշենքը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով: Շինարարական աշխատանքների հովանավորն է բարերար Գաբրիել Ջեմբերջյանը: Մասնաճյուղը գործելու է Երեւանի Մատենադարանի կազմում, լիարժեք գործունեության համար օգտագործվելու է մատենադարանի գիտական եւ գիտատեխնիկական ողջ ներուժը:
Ինչպես նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, կենտրոնը հնարավորություն կտա լիարժեք ներկայացնելու Արցախ աշխարհի մշակույթը:
-Արցախում Մատենադարանի մասնաճյուղ ունենալն ինքնանպատակ չէ: Սա ոչ միայն մեր հողն է, այլեւ մեր փաստական ձեռագրերի կենտրոններից մեկը: Աշխարհը պետք է իմանա, որ մենք Գանձասարում էլ ենք ձեռագրեր գրել, հայերը վաղուց են այստեղ, եւ սա մեր պատմական հողն է:
Կենտրոնի բացման կապակցությամբ տեղի ունեցավ Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» եւ «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մատենադարանի մասնաճյուղին նվիրաբերեց 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարանը:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Ազգային բանակ