ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՐՋԱՅՑԸ
ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան պաշտպանական դիրքեր: Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց կատարեց սահմանային զորամասերում, այցելեց պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
ՀՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը ներկա եղան 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքին, ունկնդրեցին բանակային զորամիավորման հրամանատարի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Զորամասերից մեկում ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարը մասնակցեցին նաև զինծառայողների համար նոր կառուցված ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նույն օրը ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնեցին ԼՂՀ, որտեղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց կատարեցին ՊԲ մի շարք զորամասերում:
Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում կատարված շրջայցը մեկնարկեց ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում անցկացված մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ:
Զորավարժության ընթացքում խաղարկվեցին մի քանի հավանական մարտավարական իրավիճակներ: Սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդը հարձակում էր գործել պաշտպանության բանակի առաջնագծի հենակետերի վրա: Կրակային ակտիվ ներգործության և մեծաքանակ ուժերի կիրառման շնորհիվ հակառակորդին հաջողվում է որոշակի առաջխաղացում արձանագրել: Հայկական ուժերը համառ դիմադրությունից հետո նահանջում են երկրորդ բնագիծ: Ստեղծված իրավիճակը գնահատելով՝ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում: Կատարվում է ստորաբաժանումների վերադասավորում, արագ տեղ են հասնում նաև օգնական ուժերը: Հրետանային տարբեր միջոցների, ուղղաթիռների, խոցման այլ միջոցների արդյունավետ կիրառման շնորհիվ հայկական ուժերը հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ: Հարվածում են ոչ միայն մարտադաշտում, այլև օպերատիվ խորության թիկունքում՝ թույլ չտալով լրացուցիչ ուժեր նետել մարտադաշտ: Ծանր մարտերից հետո հայկական ստորաբաժանումներին հաջողվում է վերջնականապես ջախջախել թշնամուն:
Զորավարժությունն առանձնացավ մի քանի հետաքրքիր դրվագներով: Թշնամու դիրքերի, ստորաբաժանումների տեղակայման և տեղաշարժի դիտարկման, հետախուզման նպատակով կիրառվեցին նորագույն միջոցներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնց շնորհիվ զինված ուժերի ղեկավարությունը կարողացավ արագ, առցանց ռեժիմով իրավիճակին համապատասխան որոշումներ ընդունել՝ բարձրացնելով զորքերի կիրառման արդյունավետությունը: Մեծ ուշադրություն դարձվեց վիրավորներին, ինչպես նաև խոցված, վնասված ռազմական տեխնիկան մարտադաշտից դուրս բերելու խնդիրներին:
Զորավարժությունների ավարտին հայկական երկու հանրապետությունների նախագահները և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պարգևներ հանձնեցին զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին:
Մեկնաբանելով զորավարժության ընթացքն ու արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց.
-Զորավարժությունները կատարել են իրենց առջև դրված խնդիրները, գնահատականն անկասկած բարձր է լինելու: Գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությունը այսպիսի միջոցառումներին բարձրացնում է յուրաքանչյուր զինծառայողի պատասխանատվության զգացումը: Նախագահների մասնակցությունը ապացույցն է այն բանի, որ հրամանատարից մինչև վերջին զինվորը փոխկապակցված են այնպիսի ամրության շղթայով, որը երբևէ չի կտրվի:
Ինչպես ամեն մի զորավարժություն, այս մեկը նույնպես իր նպատակն ունի՝ տեսական և գործնական գիտելիքների ամրապնդում և բարձրացում, հրամանատարների ու նրանց շտաբների ունակությունների կատարելագործում ժամանակակից համազորային մարտը պլանավորելու և անցկացնելու ուղղությամբ: Նաև ստորաբաժանումների ներդաշնակում: Ներդաշնակ գործողություններն են բերում հաջողությունների, ամրապնդում զինվորի բարոյահոգեբանական մակարդակը, մարտական ոգին, կոփում յուրաքանչյուրի մարմինը և նախապատրաստում առաջիկա գործողություններին:
Նախարարի խոսքերով՝ զորավարժությունն անկասկած անցկացվել է մեր իրականության մեջ առկա սցենարներով:
-Առաջին գծում կանգնած զորամասերը հենց այստեղ արտացոլված խնդիրներն ունեն՝ պաշտպանություն և իրադրությանը համարժեք գործողությունների իրականացում՝ սկսած պաշտպանական մարտից, մինչև հակագործողություններ և հակահարձակում: Այս զորավարժությունների մասշտաբները մի քիչ փոքր էին, սակայն ակնհայտ էին մարտավարական նոր հնարքների, նոր ձևերի ներդրումը, փոքր ուժերով մեծ խնդիրների իրականացումը: Յուրաքանչյուր հրամանատար, գործելով ընդհանուր մտահղացմամբ և ստեղծված իրադրությանը համարժեք, լոկալ որոշումներ ընդունեց և իրականացրեց:
Աշխատանքային շրջայցի ընթացքում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցեցին ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, այցելեցին բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացան զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին: Զորամասերից մեկում անցկացվեցին հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրական վարժանքներ, որոնց ընթացքում ներկայացվեցին տեխնիկական հատուկ միջոցներ, գիշերային տեսանելիության սարքեր:
Նոյեմբերի 21-ին Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ ներկա է եղել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում