ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՊԱՏԳԱՄԸ
Ստալինգրադի ճակատամարտը (1942թ. ամառ-1943թ. ձմեռ), որին մասնակցում էին նաեւ հազարավոր հայեր Հայաստանում ձեւավորված 76-րդ, 136-րդ եւ 138-րդ հրաձգային դիվիզիաների կազմում, վճռական բեկում մտցրեց Հայրենական մեծ պատերազմի ընթացքի մեջ՝ խափանելով Կովկասի նավթային եւ Դոնի ու Կուբանի բարեբեր շրջանները զավթելու հիտլերյան ծրագիրը։ Այն գնահատվել է որպես բարձր ռազմարվեստի եւ հերոսության փայլուն արտահայտություն, որը մեծապես կանխորոշել է պատերազմի հաղթական ելքը։
Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում Ստալինգրադի ճակատամարտի դերի եւ նշանակության մասին խոսել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն 1979թ. հունիսի 7-ին Փարիզում իր պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ։ Ստորեւ ներկայացնում ենք մի հատված նրա ելույթից։
Եղավ մի պահ վերջին պատերազմի ընթացքում, երբ հայաստանցի ժողովուրդը զգաց մահվան ուրվականը իր դռան առաջ կանգնած, նոր եղեռնի ուրվականը։ Այդ այն պահին էր, երբ ֆոն Պաուլյուսի գերմանական հարձակվող բանակները Վոլգայի ափին հսկայական ուժեր կենտրոնացրած՝ ահեղ մարտ կմղեին, իսկ մեր հայրենիքը պաշտպանող ուժերը հերոսաբար կպաշտպանեին իրենց մայր հողը եւ իրենց ազատությունը, նրանց շարքերի մեջ՝ բազմահազար հայաստանցիներ։ Իսկ Արաքսի ափին մինչեւ ատամները զինված ուրիշ մի բանակ կսպասեր վայրկյան առ վայրկյան, որպեսզի Վոլգայի ափին խորհրդային բանակները պարտվեն, եւ ինքը ներխուժի Խորհրդային Միություն Հայաստանի վրայով։
1945-ին, երբ ես առաջին անգամ այցելեցի Հայաստան որպես պատգամավոր Ռումինիայից, մի օր պատահաբար ծանոթացա երեւանցի մի պարզ մարդու հետ, որը մեզ հետ խոսեց այդ մասին։ Նրա ընտանիքը զոհեր էր տվել։ Հայաստանցի մարդը հետեւյալ պատկերով արտահայտեց իր ասելիքը. «Հայր սուրբ, հայաստանցի ժողովրդի սիրտը այդ օրերին աշնան տերեւի նման դողում էր, որ այնտեղ՝ Վոլգայի ափին, կարող են հաղթական դուրս գալ գերմանացիք։ Որովհետեւ այդ պահին էին սպասում թուրքական բանակները՝ հարձակվելու համար Հայաստանի վրա եւ ապա առաջ անցնելու դեպի Բաքու՝ նավթահորերը գրավելու»։ Ահա թե նման պահերին ինչպիսի վտանգների եւ ողբերգությունների առջեւ կարող ենք գտնվել մենք նաեւ ապագայում։ Հետեւաբար, երկրորդական հարցերը մի կողմ, ամեն բանից առաջ հայաստանցի ժողովուրդն իրավունք եւ պարտականություն ունի իր կյանքի ապահովության եւ իր հայրենիքի անվտանգության մասին մտածելու եւ այն ամրապնդելու։ Մենք՝ հայաստանցիներս, լավ կզգանք այս ճշմարտությունները։
Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Պատմության էջերից