Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԽՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ



Ռուս-թուրքական հարաբերությունները նոյեմբերի 24-ին Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո օրեցօր վատթարանում են եւ փաստացի թեւակոխել են չհայտարարված պատերազմի փուլ: Անկարան ի պատասխան ՌԴ կառավարության կողմից հաստատված տնտեսական պատժամիջոցների, որոշել է միակողմանի խախտել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների հատուկ կարգավիճակը՝ խոչընդոտելով ռուսական նավերի ելքն ու մուտքը Սեւ ծով: Բայց ավելի խոշոր առճակատումը կարող է տեղի ունենալ Սիրիայում:

Մոսկվան բավականին կոշտ է պատասխանել Սիրիայում իր կործանիչի խոցմանը: Որպեսզի չվատթարացնի առանց այդ էլ լարված հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ Ռուսաստանը սահմանափակվել է հիմնականում տնտեսական պատժամիջոցներով: Կասեցվել են մի շարք էներգետիկ ոլորտի նախագծեր: Չեղյալ է հայտարարվել համագործակցությունը ռազմական ոլորտում: Ընդհանուր առմամբ, թուրքական տնտեսությանը հասցվելու է տարեկան շուրջ 20 միլիարդ դոլարի վնաս (երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսը): 2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը վերացնում է Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված հատուկ արտոնագրային ռեժիմը:

Ռուսաստանը վճռական քայլերի է դիմել Սիրիայում. թուրքական սահմանին տեղակայվել են ՀՕՊ C-400 հակահրթիռային համալիրները, իսկ սիրիական նավահանգիստներում՝ ռուսական ավիակիր նավերը: Ռուսական զինված ուժերը կարող են վերահսկել Թուրքիայի տարածքի գրեթե կեսը, իսկ Սիրիայի օդային տարածքը հայտարարվել է այլ երկրների համար ոչ չվերթային:

Իր հերթին Թուրքիան Սիրիայի հետ սահմանին Koral տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել՝ ռուսական C-400 համակարգերի դեմ պայքարելու համար: Koral համակարգը նախատեսված է վերացնելու սպառնալիք հանդիսացող հրթիռները՝ ինքնաթիռների ազդանշանները գրանցելու միջոցով: Այս համակարգերը Թուրքիայի զինված ուժերի գույքացուցակում հայտնվել են 2015 թվականից եւ առաջին անգամ տեղակայվել են Իզմիրում` Էգեյան ծովում օդային տարածքը հսկելու համար: Koral-ի գործողությունների շառավիղը կազմում է 100 կիլոմետր: Ավելին՝ Անկարան որոշել է իրականացնել Սիրիայում «բուֆերային գոտու» ստեղծման գաղափարը եւ զորքեր է կուտակում թուրք-սիրիական սահմանին՝ պատրաստվելով լայնամասշտաբ գործողությունների:

Անկարայի հակառուսական գործողություններից առավել նշանակալին կարող է լինել ռուսական նավերի մուտքի արգելափակումը Սեւ ծով: Նոյեմբերի 30-ից թուրքական նավերն արհեստականորեն արգելափակել են Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները՝ թույլ չտալով անցնել ռուսական դրոշով նավերին: Նման քայլով Անկարան փաստացի խախտում է 1936 թվականի Մոնտրյոյում նեղուցների մասին ստորագրված պայմանագիրը: Միջազգային այս փաստաթղթով կարգավորվում է Թուրքիայի կողմից Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների վերահսկողությունը եւ երաշխավորվում բոլոր քաղաքացիական նավերի ազատ տեղաշարժը խաղաղ պայմաններում: Թուրքիան կարող է սահմանափակել նավերի երթեւեկը միմիայն հայտարարված պատերազմի դեպքում: Փաստորեն, Թուրքիան միակողմանի խախտում է նեղուցների հարցում չեզոքություն պահպանելու մասին պայմանավորվածությունը:

Հատկանշական է, որ Ռուսաստանը չի կարող Անկարայի ագրեսիվ եւ սադրիչ գործողություններին համարժեք հակահարված տալ, քանի որ նրա ձեռքերը կապում է Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որի հետ առճակատումը կարող է համաշխարհային մեծ աղետի հանգեցնել:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


02/12/2015