Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ



1896թ. հունվարի 2-ին վիեննական «Նոյե ֆրաժ» պրեսս» («Նոր ազատ մամուլ») լրագրի հերթական համարում տպագրվեց հետաքրքիր մի լուսանկար, որտեղ պատկերված էր ձեռք, բայց ոչ թե սովորական, այլ ոսկորները, ինչպես կմախքինը: Իսկ մատնեմատի վրա ամուսնական մատանու պարզ ուրվագիծն էր: Այդ ժամանակների համար սարսափ հարուցող մի տեսարան:

Հաջորդ օրը լրագրի առաջին էջում խոշոր տառերով տպագրված էր. «Վերջերս Վիեննայի շրջանակներում գիտական շրջանում իսկական սենսացիա առաջացրեց ֆիզիկայի պրոֆեսոր Վիլհելմ Կոնրադ Ռենտգենի արած հայտնագործության մասին հաղորդումը: Ռենտգենը փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերել է ամենուր թափանցող X ճառագայթներ»:

Շուտով եվրոպական բոլոր թերթերն ու ամսագրերը տպագրեցին ձեռքի այդ պատմական լուսանկարը, որը, ինչպես հետո պարզվեց, պատկանում էր պրոֆեսորի կնոջը՝ Բերթա Ռենտգենին, որն առաջինն էր խիզախել իր վրա փորձարկելու նորահայտ ճառագայթների ազդեցությունը: Նկարում պարզորոշ երեւում էր դաստակի կմախքը՝ 23 տարի առաջ իրեն նվիրած ամուսնական մատանիով…

Ռենտգենը «Ճառագայթների նոր տեսակի մասին նախնական հաղորդում» վերնագրով հոդվածը մի քանի լուսանկարների, այդ թվում ՝ Բերթայի ձեռքի լուսանկարի հետ ուղարկում է Եվրոպայի եւ Ռուսաստանի նշանավոր գիտնականներին:

Մի քանի օր անց ռուս հայտնի ֆիզիկոս Պ.Ն. Լեբեդեւը գրում է. «Ֆիզիկայի բնագավառում, պատմության մեջ մինչեւ Ռենտգենը (եւ Ռենտգենից հետո) դեռ երբեւէ ոչ մի հայտնագործություն աշխարհում նման արձագանք չի գտել, համընդհանուր հետաքրքրություն չի առաջացրել, ինչպես Ռենտգենի կողմից հայտնագործված այդ առեղծվածային ճառագայթները»:

…Սկսվում է ռենտգենյան ճառագայթների կիրառական-գործնական, զանգվածային մուտքը ու հաղթական երթը բժշկության ասպարեզում: Այն հեղաշրջում կատարեց ախտորոշագիտության եւ թերապիայի, ներքին հիվանդությունների բուժման գործում եւ հիմք դարձավ նոր գիտության՝ ռենտգենաբուժության ստեղծմանը: 1900-ական թվականներից այն արդեն կիրառվում էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում:

Շուտով այն գործնական կիրառություն գտավ նաեւ ռազմական բժշկության ոլորտում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զինվորական հիվանդանոցներում, հոսպիտալներում արդեն կազմակերպվում էին զինվորների ռենտգենաբանական հետազոտություններ:

…Ռենտգենյան ճառագայթների գյուտը տենդագին հետաքրքրություն էր առաջացրել նաեւ գերմանական զինված ուժերի շրջանում: Այն ռազմական գործում կիրառելու մտադրությամբ Վ. Ռենտգենի մոտ է գալիս անձամբ Վիլհելմ երկրորդ կայսրը: Կարեւոր պաշտոններ խոստանալով՝ նա փորձում է համոզել գյուտի հեղինակին տեղափոխվելու Բեռլին: Սակայն գիտնականը անդրդվելի էր.

-Ես հեռու եմ քաղաքական ու ռազմական գործերին մասնակցելուց: Ուստի շնորհակալ եմ Ձեր առաջարկությունների եւ վստահության համար, բայց հենց իմ ժողովրդի շահերն ինձ թույլ չեն տալիս պատերազմի մասին մտածելու: Ես իմ ճառագայթներով նայում եմ մարդու օրգանիզմի խորքը, մտածում եմ նրա կյանքը երկարացնելու եւ ոչ թե արյունահեղություն առաջացնելու մասին: Ես դեմ եմ ամեն մի պատերազմի, քանի որ պատերազմ նշանակում է կորցնել հազարավոր երիտասարդների, նշանակում է մահ, արյուն, մայրերի ողբ, որբացած ու անօթեւան երեխաներ…

Գիտնականին վայել չէ մարդասպանությամբ զբաղվել…։

Այս միջադեպը շատ թանկ նստեց աշխարհահռչակ ֆիզիկոսի հետագա ճակատագրի վրա, նրան սկսեցին հալածել, անուշադրության մատնել: Հետեւանքը եղավ այն, որ բժշկության ասպարեզում բացառիկ ավանդ ներդրած, մարդկությանը անուրանալի ծառայություն մատուցած ականավոր գիտնականը մեռավ մոռացության եւ աղքատության մեջ:

Աշխարհում առաջինը Նոբելյան մրցանակի արժանացած ֆիզիկոսը, այդ հումանիստ մեծ գիտնականը արեց հնարավոր ամեն ինչ, որ իր հայտնագործությունը մահաբեր զենք չդառնա քաղաքական բախտախնդիրների ու հանցագործ իշխանությունների ձեռքին, այլ միայն բարիք պարգեւի:

Նա իսկական գիտնականի պատվախնդրությամբ կամավոր հրաժարվեց իր հայտնագործությունը արտոնագրելուց, այն դարձնելով ընդհանուր օգտագործման առարկա՝ ի բարօրություն համայն մարդկության…

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


03/12/2015