Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ



Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ, վաստակեց 13 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Նույնքան միավոր վաստակած Ֆրանսիայի և Հունգարիայի ընտրանիներին 6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի հավաքականը գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Բրոնզե մեդալը բաժին հասավ ֆրանսիացիներին:

Հիշեցնենք, որ 9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային, Նորվեգիային, Գերմանիային, Լեհաստանին ու Վրաստանին, ոչ-ոքի խաղաց Անգլիայի, Իտալիայի, Ռուսաստանի հետ եւ միակ պարտությունը կրեց ֆրանսիացիներից:

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ութ տարվա ընդմիջումից հետո նվաճել էր Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում ոչ-ոքի էր խաղացել Հունգարիայի հետ եւ 15 միավորով գրավել առաջին տեղը:

Հայաստանի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն դարձել էր 2007թ.-ին, երբ ոսկե մեդալը նվաճել էին ռուսները: Այս տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում էին նաեւ ադրբեջանցիները, որոնք 11 միավորով գրավեցին 7-րդ տեղը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Մարզաշխարհ


03/12/2015