Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ



Ծագումով հայ ֆրանսիացի ռազմական գործիչներին առավելապես հանդիպում ենք Նապոլեոն Բոնապարտի 1762-1821թ. բանակում: Զինվորական այդ փաղանգը գլխավորում է մարշալ Ժոաշեն Մյուրատը 1767-1815թ.: Արցախցի պատանի Հովհաննես Մուրադյանը, հոր հետ հաստատվելով Ֆրանսիայում, 1787 թվականին ծառայության է անցել ֆրանսիական բանակում, իր բացառիկ խիզախությամբ արժանացել է Բոնապարտի ուշադրությանը և դարձել նրա համհարզը: Այնուհետև՝ որպես հեծելազորի հրամանատար, մասնակցել է Նապոլեոնի վարած բոլոր պատերազմներին: 1800 թվականին հենց Նապոլեոնի ցանկությամբ և օրհնանքով երիտասարդ գեներալն ամուսնանում է նրա կրտսեր քրոջ` Կարոլինի հետ: Դառնալով կայսր` Նապոլեոնը Մյուրատին շնորհեց ոչ միայն մարշալի, այլև կայսերական արքայազնի կոչում, իսկ 1808 թվականին էլ հռչակեց Նեապոլի թագավոր: 1815 թվականի մարտին, երբ Մյուրատն իմացավ, որ Նապոլեոնը Էլբա կղզուց վերադառնալով՝ ափ է իջել Ֆրանսիայում, որոշեց միանալ նրան: Ֆրանսիական բանակի հայազգի մարշալը չմասնակցեց Վաթեռլոոյի նշանավոր ճակատամարտին, որովհետև Նապոլեոնը հրամայել էր սպասել Ֆրանսիայի հարավում, ինչի համար կայսրը հետագայում սաստիկ զղջաց: Մյուրատը Նապոլեոնի վերջնական պարտությունից հետո անցավ Կորսիկա, որտեղ ձերբակալվեց ու ավստրիական ռազմական ատյանի վճռով գնդակահարվեց:

Նապոլեոնը 1798-1799 թվականներին Եգիպտոս կատարած իր պատմական արշավանքի ժամանակ հիմնականում բախվեց մամլուքներից կազմված բանակի հետ, որը զգալի կորուստներ պատճառեց ֆրանսիական զորքին:

Մամլուքների մի մասը՝ հատկապես նրանք, ովքեր հիշում էին իրենց քրիստոնեական դավանանքը, անցան Նապոլեոնի կողմը և հետագայում կռվեցին նրա զորքի կազմում: Այդ զորականների մեջ էր Թիֆլիսում ծնված և մանուկ հասակում մամլուքների մեջ հայտնված Շահենը (1775-1838): Ծառայելով ֆրանսիական բանակում` 1803 թվականին նա ստացավ գեներալի կոչում և նշանակվեց մամլուքների գնդի հրամանատար: Նշանավոր զորականը մարտերում ցուցաբերած անձնուրաց խիզախության համար պարգևատրվել է «Պատվո լեգեոն» ասպետական շքանշանով:

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Պատմության էջերից


03/12/2015