Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

23

– Վիճակն անհույս է,– հաստատեց հերթապահ բժիշկը:

– Որտեղ տեսնեմ,– պնդեց Սողոմոնը սառցե ձայնով:

…Բուժսանմասի դաշտային վրանի ներսում մեզ դիմավորեց արնոտ խալաթով ջահել բուժակը, որ Սողոմոնին տեսնելով (ինչպես ինձ էր պատկերանում տեսարանը) Հուդայի պես մեղավոր ժպտաց և, ի նշան հեղինակության ու հարգանքի, խոնարհաբար մի կողմ քաշեց վիրահատարանի մուտքի ծանր վարագույրը նրա առաջ և ձեռքի պատրաստակամ (հաճկատար) շարժումով հրավիրեց ներս: «Հանդիսությունների դահլիճ»,- ցանկության դեպքում կարելի էր կարդալ շրջիկ կրկեսի դռնապանի հիշեցնող նրա գունատ, անարյուն դեմքին, որի վրա, թվում էր, մարդկային անկատարության` բազում մոլորությունների ու թուլությունների մի ամոբղջ թնջուկ էր քարացել, որից նա ինքն էլ չգիտեր` ինչպես գլուխ հանի` ժպտա՞, թե՞ լաց լինի: «Չէ՛… Այս մարդը հաստատ իր տեղում չէ, չի գտել իրեն…»,- անցավ մտքովս, երբ հիմա էլ սկսեց ինձ նայել բազմանշանակ, «գաղտնախորհուրդ» հայացքով` մի մարդու նման, որ կարծես ռումբ ուներ գրպանում թաքցրած: (Նա իսկապես էլ իր ձեռքը շարունակ խալաթի աջ գրպանում էր պահում` ըստ երևույթին ինչ-որ զորավոր ԲԱՆԻ վրա, որի ներկայությունը նրան ակնհայտ շփոթության, տագնապալի ջղաձգության մեջ էր առել, ինչը փորձում էր քողարկել անմիտ ու անտեղի ժպիտով և իրենից անկախ «աչքով անելով», ինչն էլ ստեղծված իրավիճակում կարող էր անպարկեշտ թվալ և նույնիսկ հունից հանել դիմացինին):

Դժոխային լուսավորությամբ սրահի կենտրոնում դրված էր «Հադեսի զոհասեղանը», որի վրա պառկած էր մեռնող գեղեցկությունը` ՀՐԵՂԵՆ ՓԵՏՈՒՐԻ միանձնյա տիրուհին, ԵՐԿՎՈՐՅԱԿ ՀՈԳԻՆ, որ վերադարձել էր ամենակուլ ՏԱՐԵՐՔԻՑ քշված` այդպես էլ Երկրի երեսին ուրիշ ոչ մի տեղ չգտնելով իր ՀԱՐԱԶԱՏ ԿԵՍԻՆ… Նա էր` չքնաղ պանին, կոկետուհին 8-ի գ-ից, Գեներալի թե՛ ԱՆՑՅԱԼԸ, և թե՛ ՆԵՐԿԱՆ, որն իր գոյությամբ լոկ սին ու անմարմին երազներ, աղետալի սեր և տառապանք էր հարուցել՝ հանգչելով կյանքի արշալույսին, անհուշ մի վայրում՝ հավերժ նորատի: Աստվա՜ծ իմ, ի՛նչ չքնաղ էր, ցանկալի՝ մինչևիսկ մահվան մահճում, որը էլ ավելի կատարյալ էր դարձնում նրա երկրային երթի վերջին վայրկյանները:

– Սո՛-լո՛-մո՛ն, Սո՛-լո՛-մո՛ն…,– կանչեց վարձկանուհին կարեվեր:

Նրա արձակ, ճերմակաթույր կրծքին՝ սրտին մոտ, կարմիր վարդի պես վերք էր բացված, որից հոգեվարքի հևքերի հետ արյուն էր ծորում:

–Ի՞նչ եք կամենում, պանի,– գլուխը խոնարհեց վարձկանուհու դեմքին…

Բացելով ակնկալությամբ լի աչքերը, որոնց վրա մահն արդեն փառ էր կապել, Մարիան մատների մնջախաղային հպումով շոշափեց Գեներալի դեմքը և հավերժ խաղաղված հառաչեց.

– Ամենատըխո՛ւր ա՛չ քերը՛…

– Մի բան արե՛ք, բժի՜շկ, փրկե՜ք, ի սեր Աստծո… խնդրում եմ… փրկե՜ք…,– որոտաց ու մարեց Սողոմոնի վշտաբեկ ձայնը:

Չկար այլևս նա՝ այն կինը, որին սիրել էր կյանքից առավել, որին ողջ կյանքում փնտրելու, սակայն «…երբեք էլ չէր գտնելու նմանին…»:

– Չեմ հասկանում, ինչ կարիք կա այդպես հուզվել,– մեյդան եկավ թիկունքիս կանգնած բուժակը,– ես իմ պրակտիկայում դեռ չեմ տեսել, որ հաղթած բանակի զինվորը սգա թշնամու մահը, թեկուզև գեղեցիկ կնոջ…

Նա մի այնպիսի իմաստավորմամբ և նշանակությամբ զարգացրեց իր միտքը, որ կարծես մասնակիցն էր եղել Մակեդոնացու արշավանքի:

– Հանճարեղ պրագմատիկն ինքն էլ հազիվ թե գլուխ հաներ պարականոն այս դեպքից,– նկատեցի ընդգծված ծաղրով:

– Ով-ո՞վ,– դժվարացավ:

– Իսահակ Նյուտոնը,– ասացի՝ համոզված, որ այս «բուժակ» կոչվածը իր պրակտիկ գործունեության շրջանում դժվար թե նստած լիներ լուսահոգի գիտնականի կողքին` իմացության խնձորենու տակ:

– Կատակասե՛րն եք երևում, իսկ ես գուցե օգնել եմ ուզում,- անակնկալի գալով, այնուամենայնիվ, տեղի չտվեց սորուն հաճկատարությամբ,- չէ՞ որ ձեզ արժեքավոր փաստեր են հարկավոր: Հավանաբար…

Սատանան գիտի՝ ինչ էր դրել մտքին, ուստի ձևացրի, թե իսկապես էլ հետաքրքրված եմ և կարիք ունեմ կարևոր «մանրամասների», բայց թե ինչպիսի՞, ինքս էլ չէի կարող երևակայել:

–Ուրեմն, ասում եք՝ փաստե՞ր,– կրկնեցի խուզարկու և զգալով, որ բուժակի աչքին գրեթե գաղտնի գործակալի համարում եմ վայելում, հասկացրի, թե նրա՝ «օգտակար լինելու» պրպտուն ջանքերը պատիվ են բերում բանակին, բուժծառայությանը՝ հատկապես: – Ձեր փորձառությունը գովելի է անշուշտ, ես հոգ կտանեմ, որ ձեր հանդեպ «հատուկ վերաբերմունք» ցուցաբերեն:

– Ինչպես ասում են` ծառայում եմ հայրենիքին,– հավաստեց հանդիսավոր՝ ինքն իրենից գոհ` կարծես չիմանալով ամենևին, որ, իրենից բացի, նույն սրբազան գործին են լծված ուրիշ շատ ու շատ բուժակներ և մինչևիսկ շտաբային գրագիրներ:

– Վերցրեք,– քթի տակ գողալեզու մռմռալով՝ բուժակը արնոտ խալաթի գրպանից հանեց ցելոֆանե մի փաթեթ և թաքուն տվեց ինձ՝ բանավոր բացահայտելով փաթթոցի պարունակությունն ու պատկանելությունը:– Վարձկանուհու իրերն են, ոչ ոքի մտքով չէր անցել…

Սողոմոնի հետ հեռացա Հադեսի ժահրոտ հաստատությունից, սակայն ստիպված էի ետ դառնալ և խոստմանս համաձայն՝ գործարքի գաղտնիությունը պահպանելով, վերադարձնել «ռազմավարը», ինչը կվկայեր աշխարհի հզորներին չհայտարարված պատերազմի ինտերնացիոնալ, հանցավոր բնույթը: Երախտագիտությունս հայտնեցի իսկապես էլ արժեքավոր փաստերի համար (որոնցից ինձ համար ուշագրավ էր սրտաճմլիկ ձեռագրով քառածալ նամակը) եւ բուժակին հանձնեցի վարձկանուհու անձնական իրերը…

– Ոչ ոքի ոչինչ ասել հարկավոր չի, պարոն կապիտան,– խնդրեց բուժակը:– Ես պարզապես հարգում եմ ձեզ, որովհետև կարծում եմ՝ ձեր ակնարկներն ու հոդվածները մեծ սիրով են գրված: Դուք կարողանում եք մարդուն ներսից ցույց տալ, իսկ դրա համար, ոչ ավել, ոչ պակաս, տաղանդ է պետք: Երբ իմացա, որ Գեներալի հետ դուք եք, որոշեցի, այսպես ասած՝ «մասնագիտական համերաշխությունից», օգտակար լինել: Հավատացեք՝ ես հասկանում եմ, թե ինչ է ՓԱՍՏԸ, և գիտեմ, թե ինչ կարելի է սարքել դրանից, եթե գրիչը ճաշակավոր է: Կարող է ծիծաղելի թվալ, բայց ես էլ երբեմն գրի եմ առնում այն ամենը, ինչը տեսել եմ կամ լսել, գուցե իսկապես էլ մի օր պետք գա… Թե չէ, իմ բախտը չբերեց£

– Դեռ հայտնի չէ, թե մեզնից ո՞ւմ բախտն է բերել:

24

…Երբ բլինդաժ մտա, Սողոմոնը նույն միստիկ ոճով ոգեց. «Իսկ դո՛ւ ասո՛ւմ էի՛ր…»: Ապա ձեռքը երկարելով` պարզեց ինձ արդեն ծանոթ նամակը: Ամոթից գետինը մտա, խորտակվեցի չարից գայթակղվելուս հանցավոր գիտակցումից: «Ինձ Հուդայի ծառից կախելն էլ քիչ է…»,- զղջացի ակամա դավաճանությանս համար, բայց ես լուրջ հիմքեր ունեի` այդպես վարվելու…

– Հիանալի վերջաբան է, կարդա, քեզ դուր կգա, ժուռնալիստ,- ասաց մի տեսակ հոգեկան բավարարվածությամբ:

Նրա տառապած հոգում կարծես «հարաբերական անդորր» էր իջել. փարատվել էր անհայտության վիհը, որի մշուշապատ մակերևույթին տարիներ շարունակ հածել էր դատապարտված սիրո տեսլական ստվերը: Ու հիմա ինձ տիրացել, առաջնորդում էր արտասովոր մի նախապաշարում, ինչպես ոգեհարցուկի մոտ եկածին, որ միաժամանակ ցանկանում է և՛ գերբնականի հետ հաղորդակցվել, և՛ խուսափել արգելված պտուղը ճաշակելու մահացու մեղքից: Վերստին…

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Հոգևոր-մշակութային


03/12/2015