ՄԵԾ ԱՎԱՆԴ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ
Գնդապետ Հրանտ Աղաջանյանը ծնվել է 1930թ. մայիսի 10-ին ՀՀ Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում: 1953թ.-ին ավարտել է Թբիլիսիի հետևակի ուսումնարանը, ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում` 1950թ.-ից մինչև 1983 թվականը զբաղեցնելով տարբեր պաշտոններ, ընդհուպ մինչև գնդի հրամանատար և 31-րդ կորպուսի մարտական պատրաստության բաժնի պետ:
Վերադառնալով հայրենիք` Երևանի թիվ 71 դպրոցում աշխատել է զինղեկ: 1992 թվականին իմ առաջարկով անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում. նշանակվել ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության համազորային պատրաստության բաժնի պետ, իսկ 1993 թվականի մայիսից՝ նույն վարչության պետի տեղակալ և պաշտոնավարել մինչև 2004 թվականի մարտի 25-ը: 1993թ.-ին ինձ հետ մասնակցել է Սյունիքի մարզի Մեղրիի, Կապանի և Գորիսի սահմաններում մղվող մարտերին, իսկ 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1994թ. մարտ ամիսը ղեկավարել է ՀՀ ԶՈւ կողմից Քարվաճառ (Քելբաջար) ուղարկված զորախմբերը։
Հրանտ Աղաջանյանը մեծ ավանդ ունի ՀՀ զինված ուժերի ուսուցման և կայացման գործում: Համատեղ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգապահ, պարտաճանաչ, օրինակելի և անձնազոհ սպա:
2004 թվականից մինչև իր մահկանացուն կնքելը իրեն նվիրել է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, նախնական զինվորական պատրաստության, ուսումնանյութատեխնիկական բազաների կառուցման գործին: Մեծ է նրա ներդրումը «Փոքր Մհեր» վարժարանում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
Պարգևատրվել է 15 կառավարական պարգևներով:
Գնդապետ Աղաջանյանի հիշատակը միշտ վառ կմնա զինակից ընկերների սրտերում։
Մ. Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
Գեներալ-լեյտենանտ
1992-2008 թթ. ՀՀ ԶՈւ ՄՊ վարչության պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական