Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՐՔ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Նոյեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի (հեղինակ` Էդգար Էլբակյան, խմբագիր` Ալվինա Աղաբաբյան) շնորհանդեսը։

Գրքի ստեղծումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի համագործակցությամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Գիրքը բաղկացած է երեք մասից։ Առաջին մասում 1988-1994թթ. հայ-ադրբեջանական պատերազմի համառոտ ակնարկն է, երկրորդ մասում հայ-ադրբեջանական պատերազմական շրջափուլի քննական վերլուծությունն է, ներկայացված են թշնամու կողմից հրադադարի խախտման պատճառները և հետապնդած նպատակները, ինչպես նաև` հայկական կողմի հակաքայլերը։ Գրքի վերջին` երրորդ մասն էլ հուշամատյան է` նվիրված 2014-2015թթ. թշնամու դեմ պայքարում հերոսաբար զոհված 10 զինծառայողների (Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Զորիկ Գևորգյան, Սարգիս Մովսիսյան, Վարդան Մկրտչյան, Արշակ Հարությունյան, Էդուարդ Հայրապետյան, Հակոբ Խաչատրյան, Սամվել Հակոբյան) հիշատակին։

Առանձին ակնարկներով ներկայացված են տղաների կյանքն ու սխրագործ ուղին։

-Ամենադժվարը, թերևս, վերջին բաժինն էր` հերոսների ընտրությունը,- պարզաբանում է գրքի հեղինակ Էդգար Էլբակյանը։ -Բնավ որևէ միտում չկա նվազեցնելու հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում մնացյալ զինծառայողների ներդրումը, պարզապես ընտրության հարցում որպես ելակետային կողմնորոշիչ ենք ընտրել հակառակորդի դեմ զինծառայողների գիտակցված մարտական գործողությունների մեջ մտնելու հանգամանքը։

Գրքի խմբագիր Ալվինա Աղաբաբյանն էլ հավելում է. «Մեր նպատակը ոչ թե այս տղաների մահը որպես ողբերգություն ներկայացնելն է, այլ նրանց կյանքն ու գործը` որպես հերոսություն ու սխրանք»։ Նրա խոսքերով` գիրքը կոչված է մեզնից յուրաքանչյուրի սրտում վառ պահելու տղաների հիշատակը, նրանց օրինակով ոգեշնչելու հայ զինվորին, մյուսներին։

Ժամանակին Խաչիկ Դաշտենցը ֆիդայիների մասին խոսելիս ասել էր. «Այսպիսի սերունդ դժվար թե այլևս կրկնվի»։ Արցախյան պատերազմը ապացուցեց, որ այդ սերունդը կա, և որ այդ սերունդն անգամ գերազանցեց նախորդներին` ազատագրելով մեր հայրենիքի մի հատվածը։

Գրքում ներկայացված են հայ զինվորների կերպարները՝ որպես ժամանակակից նորօրյա հերոսներ, որոնք պատրաստ են ոչ միայն խափանելու հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգություն, այլ նաև անձնվիրաբար, կյանքի գնով պահելու-պաշտպանելու մեր սահմանների անառիկությունը։

Շնորհանդեսին ներկա էին հերոս տղաների ծնողները, հարազատները, մարտական ընկերները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ուսանողներ։

Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Է. Ասրյանը, որի ենթակայությամբ էին ծառայել Արմեն Հովհաննիսյանը, Զորիկ Գևորգյանը, Սարգիս Մովսիսյանը, ներկաներին պատմեց մերօրյա քաջերի սխրանքի մասին։ Ելույթ ունեցավ նաև «Եղնիկներ» հետախուզական դասակի նախկին հրամանատար, «Արիության մեդալի» արժանացած լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը, որը 2015թ. մարտի 19-ին Արշակ Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի, Հակոբ Խաչատրյանի և Սամվել Հակոբյանի հետ մասնակցել էր Գյուլիստանի մարտերին։

Հուզիչ էր զոհված զինծառայողների մայրերի խոսքը։ Նրանք նշեցին, որ նմանատիպ գրքերը իրենց` ծնողների համար փոքրիկ մխիթարանք են, սփոփանք, իսկ մատաղ սերնդի համար՝ արժանապատիվ ապրելու, ծառայելու ուղեցույց։

Միջոցառման ավարտին Արմեն Հովհաննիսյանի մայրը` տիկին Մարինեն, կարդաց զոհված զինծառայողներին նվիրված իր բանաստեղծությունը` «Ձոն հերոսներին».

Հայկազուն զարմից սերված Մհերներ,

Երիցս օրհնված սուրբ նահատակներ,

Մեր հին էպոսի նորօրյա ծռեր…

Մեր նախնյաց քաջորդիների ոգին ապրում է մեր զավակների` մեր զինվորների մեջ. երեկ, այսօր և վաղը…

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը տպագրվել է 600 օրինակով։ Գիրքն անհատույց տրամադրվելու է զորամասերին, ուսումնական հաստատություններին, մայրաքաղաքի և մարզերի գրադարաններին։

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


03/12/2015