Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԳՏԱ ԻՄ ՀԵՐՈՍԻՆ



-Գիտե՞ս՝ ինչ ծառ է:

-Չէ՛, ի՞նչ է որ:

-Չինարի ծառ է. գյուղը հենց էս ծառի անունով են կոչում:

-Ինչ էլ մեծ է, չգիտեի:

-Էս կողմ արի` պատի տակով գնանք. հիմա ուղիղ նշանառության տակ ենք:

Գլուխս վեր բարձրացրի. իրոք, ճանապարհն ամբողջությամբ «վերահսկվում էր». մերոնք չէին:

Վաղ առավոտ է, արեւը կամաց-կամաց գոլորշիացնում է կանաչի վրայի ցողն ու անուշ բույր է տարածում: Աննկարագրելի գեղեցիկ է Տավուշի բնությունը:

-Դեռ շա՞տ կա, որ հասնենք:

-Քիչ մնաց:

Վերջապես հասանք մի խաչմերուկի, որտեղից սկիզբ է առնում երեք ճանապարհ` մեկը հետադարձինն է, մյուսն իջնում է ներքեւ` դեպի գյուղի խորքը, իսկ երրորդը գյուղը շրջանցող մի նեղ ճանապարհ է, որի հենց սկզբին ամրացված ցուցանակի վրա ձեռագիր տառերով գրված է. «Զգուշացի՛ր, հակառակորդը կրակում է»: Գյուղացիները առանձնապես լուրջ չեն վերաբերվում այս ցուցանակին: «Ա՛յ բալա ջան, իբր ո՞ր ճանապարհին չեն կրակում: Որ էդպես «զգուշանանք», տնից դուրս չպիտի գանք»,- ասում են ու քմծիծաղ տալիս: Քայլում ենք դեպի գյուղի խորքը` փորձելով հնարավորինս խուսափել բաց տարածություններից:

Մեզ տեսնելով` մոտակայքում խաղացող երեխաները աշխուժացան: Մոտեցանք եւ ծանոթացանք: Քիչ-քիչ հավաքվեց գյուղի ջահելությունը: Ի զարմանս ինձ` գյուղում բավականին շատ երիտասարդներ կային: Նրանք մեզ ուղեկցեցին դեպի իրենց «Եռաբլուրը», որը մի հուշահամալիր-պանթեոն է, որտեղ հանգչում են գյուղի պաշտպանական մարտերում զոհվածների աճյունները:

Քայլում ենք դեպի Խորանաշատի վանքը: Մեզ խնդրում են բարձր չխոսել, ոչ թե դարավոր լռությունը խախտելու համար, այլ, որ չգրավենք հակառակորդի ուշադրությունը: Նկատում եմ` անգամ վանքի պատերի վրա են երեւում հակառակորդի կրակոցների հետքերը: Գնդակոծության հետքեր կան գյուղի գրեթե բոլոր շինություններին:

Վանքը, որն արդեն ութ հարյուրամյակ դիմանում է բնության եւ մարդու նետված մարտահրավերներին, հիմա էլ ստիպված է իր վրա վերցնել պատերազմի արհավիրքները…

Գիշերում եմ ընկերոջս տանը: Չգիտեմ` օրվա ընթացքում տեսածիս շուրջ տագնապալի մտորումներից էր, թե ամբողջ գիշերվա շարունակվող կրակոցներից, որ չկարողացա աչք փակել: Ինչպե՞ս են ապրում այստեղ, երբ ստիպված են ամեն օր անընդհատ զգուշանալ կրակոցներից, քայլել պատերի տակով, երեկոյան լույս չվառել, որպեսզի թիրախ չդառնան թշնամու համար, երբ անգամ բակում խաղացող երեխաների ուղղությամբ են կրակոցներ արձակում, բայց ապրում են:

Մեզ` քաղաքում մեծացած երիտասարդներիս համար այս հարցերի պատասխանը գտնելը շատ դժվար է:

Անգամ մանկահասակ երեխաները շատ լավ հասկանում են, որ շարունակելով ապրել այստեղ, թիկունք են կանգնում առաջնագիծը պահող զինվորներին:

Ովքե՞ր են այս հասարակ, շինական մարդիկ, երեխաները, եթե ոչ իսկական հայրենասերներ, իսկական հերոսներ: Հերոսներ, որոնք հակառակորդի կրակի տակ շարունակում են վար ու ցանք անել, անասուն արածեցնել, ընտանիք պահել` չտրտնջալով եւ շարունակելով ժպտալ ամեն բացվող օրվան:

Այսպիսի հերոսներ կան ոչ միայն Չինարիում: Այսօր կրակի տակ են Հայաստանի բազմաթիվ սահմանամերձ գյուղեր: Ինձ համար իրական հերոսները հենց այդ հասարակ մարդիկ են, որոնց ներկայության շնորհիվ իրենց ավելի վստահ են զգում սահմանապահ զինվորները:

Տիգրան ՄԱՏԻՆՅԱՆ
Պլանշետավար, շարքային

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Ազգային բանակ


03/12/2015