ԱՉՔԵՐՍ ՀԱՄԲՈՒՐԻՐ` ՔԵԶ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ…
Ոլորապտույտ ճանապարհից ճյուղավորվում են բարակ ճամփա-արահետները ու ձգվում դեպի լեռների գրկում ծվարած շեներն ու բնակավայրերը։ Մայր ճանապարհից սկիզբ առնող այդ ճամփաները նման են զարկերակի, որոնցով բաբախում են ժայռերին թառած գյուղերը: Պատմական Արևիք գավառ` հայոց հեթանոս ուժի և քրիստոնյա հավատի բնակավայր։ Մի՞թե այդ համատեղ ուժի զորությունից չէ, որ մշտական բախումներից, պատերազմներից միշտ դուրս է եկել հաղթանակած, պատվով։ Կարճևան, Կուրիս, Շվանիձոր, Ծիրանաձոր, Վարդանի ձոր… Գեղեցիկ, քաղցր անուններ, որոնք ապրում, շնչում են խաղաղության մեջ, որտեղ ամեն օր մայր մտնող և հրաշեկ լեռներից այգաբացի արևի հետ բնակիչներն իրենց հայացքներն ուղղում են բարձրիկ լեռներին, որտեղ կանգնած են հայոց բանակի զինվորները։ Կանգնած են հպարտ ու աներեր։
Զորամասը կրում է Գարեգին Նժդեհի անունը։ Զորամաս մտնելիս ամեն զինվոր կարդում է Նժդեհի խոսքերը. «Բարոյապես սնանկ է այն անհատը, որին պակասում է ազգային հպարտանքի զգացումը»։ Նժդեհի հուշարձանից քիչ այն կողմ զորամասի առաջին հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի կիսանդրին է։ «Իմ գործը ես չեմ ավարտել, զինվորներին նվիրում եմ իմ մարտական ոգին, Մեղրու հանդեպ ունեցած իմ սերը։ Պահպանեցեք Մեղրին, փոքրիկ Հայաստանը»,- այսպես է պատգամել հրամանատարը։ Տարածքը, չնայած ընթացող շինարարությանը, մաքուր է, և ամեն քայլափոխի հայացքիդ դեմ հառնում են մեր ազգային հերոսների դիմապատկերները, նրանց` հայրենիքի մասին խոհերն ու մտորումները։
Զորամաս հասանք երեկոյան կողմ։ Հրամանատարի պժկ փոխգնդապետ Մ. Պողոսյանին շարահրապարակում սպաները զեկուցում էին առավոտյան իրենց տրված հանձնարարականների կատարման մասին։
-Արդեն մոտ երկու տարի է՝ զորամասի հրամանատար է նշանակվել գնդապետ Կ. Սեդրակյանը։ Այդ ընթացքում ինչպես մարտական հենակետերում, այնպես էլ զորամասում տեսանելի աշխատանքներ են կատարվել սպաների, զինվորների կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Այս տարի 24 սպայական ընտանիքներ բնակարանամուտ տոնեցին։ Գործընթացը շարունակվում է։ Վերադասի կողմից արվում է ամեն ինչ՝ ծառայությունը բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար,- ասաց զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Մ. Պողոսյանը։
Առավոտյան մեկնում ենք մարտական հենակետ, որտեղ պաշտպանություն է իրականացնում հրաձգային գումարտակի անձնակազմը (գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գ. Ավդալյան)։ Ներքևում հոսում էր Մայր գետը, որը տարվա եղանակներին համապատասխան մերթ ահեղագոչ որոտում է, մերթ հանդարտ ու մեղմ է. օրվա ընթացքում մի քանի անգամ գույնը փոխելով` ամռան խաղաղ օրերին` կանաչ, կապույտ, գարնան վարարման ժամանակ` կարմրանարնջագույն` արևաշեկ լեռների հանգույն։ Այս ամենը՝ Արաքսի ձայնի, նրա փոփոխվող գույների մասին նրանք՝ զինվորները պատմեցին: Ոմանք էլ այն վերագրեցին արևի, բազմերանգ ժայռերի լույս ու ստվերի խաղին։ Եվ չես կարող, իրավունք չունես չհավատալու նրանց գեղեցիկ մեկնություններին, այդ հրաշալի տղաների բառերին, որոնց սաղավարտներին անքուն գիշերներին ցող է նստում, որոնց արթուն գիշերների շնորհիվ անխռով ու բարի երազներ են տեսնում ծնողները, սիրած աղջիկներն ու հարազատները, մենք` բոլորս։ Եվ նրանց հետ ամեն մի հանդիպում նոր գույներով ու խոհերով է հարստացնում ներաշխարհդ` պատկերացումները երկրիդ, քո ու նրանց սրտաչափ փոքր ու աշխարհի չափ մեծ Հայաստանի մասին։
Գումարտակի շտաբի պետ, մայոր Խ. Խաչատրյանը ցույց տալով աստիճանաբար դեպի վեր բարձրացող մարտական հենակետերը՝ ասում է.
-Ճակատի այս հատվածը մենք ենք պահում։ Բոլոր հենակետերի ավագները սպաներ են` դասակի, վաշտի հրամանատարներ։ Հսկողությունը, կապը միշտ կա, ինչպես զորամասի հրամանատարության, այնպես էլ մեր կողմից։ Զինվորները զգոն են, գիտակցում են իրենց գործի կարևորությունը։ Ամեն հերթափոխի ավարտից հետո անց է կացվում հենակետերի արդյունքների ամփոփում, լավագույնները ներկայացվում են խրախուսանքի։ Խրախուսանքները լինում են պատվոգրերի, կրծքանշանների, արձակուրդների տեսքով։
Գումարտակի շտաբի պետը ծնունդով Շվանիձորից է։ Վ. Սարգսյանի անվան ՌԻ ավարտելուց հետո իր ծառայությունն է անցկացնում այս զորամասում։ Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ի պատիվ մեր զինվորների՝ պիտի ասել, որ սահմանային այլ հատվածների հետ համեմատած՝ այստեղ խրամուղիները, կացարանները բացվել, «նվաճվել են» որձաքարերի մեջ, որտեղ հող չկա` ապառաժ է, ու քանի-քանի լինգեր ու քլունգներ են մաշվել։ Մաշվել, բթացել են, սակայն հանձնարարությունը կատարվել է։ Ներքևում գտնվող հենակետից զինվորները ամեն օր ջուր, սննդամթերք են բարձրացնում բարձունքում կանգնած իրենց զինվոր ընկերներին։ Նրանց օգնում է իրենց իշուկը։ Բարձելուց հետո իշուկը ստանում է իր բաժին քաղցրավենիքը և ոլորապտույտ սարերով շտապում վերին հենակետ, որպեսզի ստանա իր մյուս բաժինը։
Ծնունդով ագարակցի, ազատագրական պայքարի մասնակից, պայմանագրային ավագ ենթասպա Մ. Համբարձումյանը ներկայացնում է դիտորդներ Տարոն Բաղդասարյանին ու Գարիկ Զեյնալյանին։ Գովեստի խոսքեր է ասում նրանց հասցեին։ Տղաները նախ ծանոթացնում են տեղանքի քարտեզին, ապա նույնը ցույց են տալիս հակառակորդի կողմում` դիմացը մեր պատմական հայրենիքը, քաղաքներն ու շեներն են հարազատ անուններով։ Լսում եմ տղաներին, տեսնում նրանց աչքերի փայլը, որոնց մեջ կարոտ կա, անանց կարոտ, ու ակամա մտաբերում եմ մեր ժողովրդական ասացվածքներից մեկը. «Աչքերս համբուրիր, քեզ մի բան ասեմ»։
Հետո կացարանում ջերմ զրույցի ենք բռնվում հենակետի տղաների հետ։ Սկզբում նրանք կաշկանդված են, ամաչկոտ, ավելի շատ լռում են` գողունի հայացքները հառելով ձայնագրիչին։ Ես անջատում եմ ձայնագրիչը և դնում սեղանին։ Եվ քիչ անց սկսվում է անկաշկանդ զրույցը։
Շարքային Շիրազ Շահինյան.
-Կոտայքի մարզի Զորավան գյուղից եմ։ Շուտով կզորացրվեմ։ Ծնողներս շատ են սիրում Հովհաննես Շիրազին և ինձ անվանակոչել են մեծ բանաստեղծի անունով։
-Շիրազն էլ է գրում բանաստեղծություններ,- ընկերոջը մատնում է Սարգիս Գենջոյանը։
Եվ մեր հորդորներից հետո Շիրազն արտասանում է.
Ինչեր ասես արեցի ես հանուն քեզ` դու չիմացար այդ մասին,
Գեթ մեկ անգամ մոռացա քեզ` դու իմացար այդ մասին,
Ու հեռացար դու մշտապես` հեռացումի քո ճամփին,
Ինչքան բարիք քեզ ցանկացա` դու չիմացար այդ մասին:
Ծափահարությունից հետո Շիրազը արտասանում է նաև իր ասույթներից մեկը. «Երբեմն խորհում եմ, թե ինչքան կլավանա աշխարհը, եթե ամեն մարդ իր կարճ կյանքում գոնե մեկին երջանկացնի»։
Շարքային Արմեն Մանվելյան.
-Պատերազմի օրերին, երբ դեռ բանակ չի եղել, այս տարածքի ժողովուրդը մեծ ու փոքրով դուրս է եկել կովի։ Օրինակ՝ մեր հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Հայրապետյանի հարսանիքի օրն է եղել, երբ ադրբեջանցիները հարձակվել են, և նա հենց հարսանիքի տեղից մեկնել է կռիվ։
Կրտսեր սերժանտ Ռուբեն Սաֆարյան.
-Անցած մարտական հերթափոխից հետո խրախուսվել եմ արձակուրդով։ Նոր եմ վերադարձել Վեդի քաղաքից։ Ուզում եմ ջերմ խոսքեր ասել մեր զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սեդրակյանի հասցեին։ Ամեն հարցով նա զինվորի, սպայի կողքին է, իհարկե, եթե զինվորը կամ սպան պարտաճանաչ է և ազնիվ։
Կրտսեր սերժանտ Արթուր Վասիլյան.
-Ընդհանրապես, մեծ է տեղի բնակչության սերը զինվորների հանդեպ։ Տեղական իշխանությունները նույնպես ամեն կերպ փորձում են օգնել, սատարել։ Ուզում ենք հատկապես ջերմ շնորհակալական խոսքեր ասել Ագարակի քաղաքապետ Մ. Զաքարյանի հասցեին, որը բոլոր տոնական օրերին նվերներով, սննդամթերքով լինում է մեր կողքին։ Արդեն երրորդ տարին է, որ զորքի համար մի ցուլ է մատաղ անում և բաժանում բոլոր հենակետերին։ Իսկ ամենակարևորը՝ քաղաքապետի խոսքերն ու ցանկություններն են, որոնք հոգեպես և ֆիզիկապես է՛լ ավելի են մեզ ամրացնում։
Զորամաս վերադարձի ճանապարհին բարձունքներին, մշուշի մեջ ցույց տալով մարտական հենակետերը՝ զորամասի հետախուզության պետը արտաբերում է մարտական նոր հենակետերի անունները, հետո ավելացնում է, թե՝ երբ հրամանատարը նոր էր նշանակվել` օտարալեզու, թուրքերեն անվանումներով հենակետերը փոխել է Մեսրոպյան բառերով` (այդ բարձունքներին զոհված ազատամարտիկների անուններով)։
Եվ հրամանատարն իր խոսքն ավարտել է այսպես.
-Երբ թուրքերը որևէ տարածք են նվաճել, նրանց առաջին գործը եղել է փոխել տեղանունները և խիստ պատժի են ենթարկել նրանց, ովքեր հիշել-արտաբերել են նախկին անունները։ Դա նրանք արել են առանց այբուբենի, առանց սեփական գիր ունենալու, իսկ մեր Մաշտոցյան 36 գրերը, որ դարերով մեզ պահել-պահպանել են որպես ազգ, այսօր էլ պետք է լինեն մեր զինվորի կողքին, որովհետև միայն այս անունները ոգի և քաջություն կներշնչեն մեր զինվորին։ Հիրավի, հրաշալի, գիտակցված մտահղացում, որը, կարծում եմ, պետք է կիրառվի ամբողջ սահմանային հատվածներում։
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի