Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐԳԵՐԸ ՀՆՉՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՔԱՅԼԵՐԳ



Հաղթանակի օրվան ընդառաջ` Հայաստանի Ազգային գրադարանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված գուսան Հայկազունի ծննդյան 60-ամյակին: Ընտրությունը պատահական չէր, քանզի գուսանի երգերը սահմանին կանգնած զինվորին հոգեպես շատ են օգնել: «Գետաշեն», «Հայե՛ր, միացե՛ք», «Արի՛, Զորավար», «Պարի՛ր, արցախցի՛», «Պիտի գնանք վաղ, թե ուշ», այս եւ գուսանի հայրենասիրական բազմաթիվ այլ երգեր ոգեւորել, թեւ են տվել հայ զինվորին Արցախյան ազատամարտում:
Բացելով միջոցառումը` ՀՀ ազգային գրադարանի տնօրենը օրը բնորոշեց որպես ոգեկոչման, հաղթանակների արժեւորման օր, հաղթանակներ, որոնց հասնելու համար հային ուժ են տվել գուսանի հայրենասիրական երգերը, մարտի դաշտում` նրա անձնական օրինակը: Հայ մշակույթին եւ երգարվեստին մատուցած ծառայությունների համար, ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, Դ.Սարգսյանը Գուսան Հայկազունին պարգեւատրեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով:
Գուսանին շնորհավորեց եւ Սփյուռքի նախարարության պատվոգիր հանձնեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա հիշեց ազատամարտի տարիները, դրվագներ հերոսական ժամանակներից, երբ ծնվեց գուսանի «Հողը արյունով են պահում» երգը:
Տպավորիչ էր ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի ելույթը, որը գուսանի երգերի խորհուրդը համարեց միասնության կոչ:
-Այսօր շատ դժվար է ազգային արժեք ստեղծելը եւ պահպանելը: Ցավում եմ, որ ըստ արժանվույն չեն գնահատվում նման արժեքներ ստեղծող մարդիկ: Մեր զավակները պետք է դաստիարակվեն գուսան Հայկազունի երգերով, որոնք մղում են սխրանքների,- նշեց պատգամավորը` խորհրդանշական համարելով այն, որ այս տարի համընկել են Գարեգին Նժդեհի 125, ՀՀ անկախության 20 եւ գուսան Հայկազունի 60-ամյակները:
ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը նույնպես կարեւորեց գուսանի երգերը սերնդին հայրենասիրական ոգով կրթելու գործում: «Արցախում, Գանձասարը ոսոխից պաշտպանելիս, երբ երդում տվեցինք, տղաներից մեկը սկսեց երգել «Հայեր, միացեք» երգը, եւ ինձ այդ պահին թվաց, թե դա այնքան հին երգ է, այնքան տիպիկ հայկական, ազգային երգ»,- հիշեց Ֆ.Պողոսյանը նկատելով, որ գուսանի երգերից 10-ը այսօր հնչում են որպես քայլերգ Հայկական բանակում:
Սփյուռքահայ գործիչ Գաբրիել Փանոսյանը իրավացիորեն նշեց, որ Հայկազունի «Գետաշեն» երգը Սփյուռքում հնչում է որպես աղոթք:
Ելույթ ունեցան նաեւ Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) մայրը`տիկին Զարիկը, «Ազդարար» հանդեսի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, հեռուստամեկնաբան Վրեժ Սարուխանյանը եւ ուրիշներ:
Ելույթներն իրար էին հաջորդում երաժշտության խրոխտ հնչյունների ներքո. «Հայկազունք» համույթի սաները (գեղ.ղեկավար` գուսան Հայկազուն) հնչեցրին գուսանի հեղինակած երգերից մի քանիսը:

Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի եւ
միջոցառումների կազմակերպման բաժին

Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Բանակ և հասարակություն


26/05/2011