«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՍ ՔԱՂԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴԻԿՏԱՏՈՐՆԵՐԻՆ ՊԱՏՈՒՀԱՍԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ»
ՄԱՆՍՈՒՐ ՀԱՂԻՂԱԹՓՈՒՐ
Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և անվտանգության
մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ադրբեջանական haqqin.az-ի հաղորդման համաձայն՝ Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանսուր Հաղիղաթփուրը Բաքվի Նարդարան ավանի (մեծամասամբ կովկասյան պարսիկներով (թաթեր) բնակեցված) բնակիչներին ակտիվանալու կոչ է արել՝ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության հետ ունեցած վերջին զինված ընդհարումներից հետո, որի ընթացքում մարդիկ են զոհվել:
Հաղիղաթփուրն ասել է. «Ադրբեջանը մի կողմից ազատ գործելու հնարավորություն է տալիս համասեռամոլներին, մյուս կողմից բռնություն է կիրառում շիաների հանդեպ: Նման գործողությունները հղի են շատ վատ հետևանքներով»:
Բաքվում համոզված են, որ Նարդարանի իրադարձությունների հետեւում կանգնած է Իրանը
Ըստ haqqin.az լրատվամիջոցի՝ իրավիճակը Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում շարունակում է մնալ պայթյունավտանգ:
Փորձագետները հիմնականում այն կարծիքին են, որ Նարդարանի դեպքերում հստակ երևում է իրանական հետքը: Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը կառավարական լրատվամիջոցներով ևս մեկ ապացույցն է առ այն, որ պաշտոնական Թեհրանն անմասն չէ մայրաքաղաքամերձ ավանի, որը գտնվում է Իրանի կրոնական գործիչների ազդեցության տակ, լարված իրավիճակից:
Նոյեմբերի 30-ի երեկոյից Նարդարանը շրջապատված է ոստիկանության ներքին զորքերի ուժեղացված պահակախմբերով, հաղորդում է contact. Az-ը: Դեկտեմբերի 1-ին ոստիկանությունը փակել է հարևան Մաշթագա ավան տանող ճանապարհը: Մուտք ունեն միայն տեղաբնակների տրանսպորտային միջոցները: Ոստիկանությունը մանրազնին ստուգում է ավան մտնող բնակիչների մեքենաներն ու փաստաթղթերը: Ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ դեկտեմբերի 1-ից Նարդարան են մտցվելու ոստիկանության նոր ուժեր և հատուկ տեխնիկա: «Հատուկ գործողությունը նպատակ ունի հայտնաբերելու բնակչության մոտ պահվող զենք-զինամթերքը»,- ասվում է հայտարարության մեջ: Որոշ տվյալների համաձայն՝ ներքին զորքերը զբաղեցրել են ավանի խաչմերուկներն ու փակել գլխավոր մայրուղիները: Տեղի են ունենում ստուգումներ և ձերբակալություններ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ իշխանությունները գիտեն պահվող զենք-զինամթերքի տեղը: Նոյեմբերի 26-ին ոստիկանությունը առգրավել է 12 նռնակ, 4 ավտոմատ, 4 ատրճանակ, 3 ղեկավարվող ական և այլն: Նշենք, որ անցած գիշեր Նարդարան պետք է հասցվեր նոյեմբերի 26-ի ընդհարումների ժամանակ զոհված ավանի բնակիչներից մեկի դին:
Ավանում վիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ. նախորդ օրերի պես չկա էլեկտրականություն, գազ, չի աշխատում հեռախոսային և բջջային կապը: Այս միջոցները իշխանությունը կիրառում է՝ վախենալով, որ ոստիկանության ձեռքով սպանված բնակչի թաղումը կարող է վերածվել բողոքի ու անհնազանդության ուժեղ ցույցի:
Իրավիճակի լարվածությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ դեկտեմբերի 2-ին շիաները կատարում են Իմամ Հոսեյնի քառասունքի սգո կարգը, որը Ապշերոնի բնակիչները սովորաբար Նարդարանի մզկիթում են նշում: Ամեն տարի ծիսակատարությանը մասնակցում է 20-30 հազար մարդ: Փաստորեն, զոհված բնակչի թաղումը համընկնում է Իմամ Հոսեյնի քառասունքի սգո արարողության հետ, որ յուրահատուկ բովանդակություն և իմաստ կհաղորդի թաղմանը, ինչից և զգուշանում է իշխանությունը: Ժողովուրդը պատմական զուգահեռներ է տեսնում 1400 տարի առաջ նահատակված Իմամ Հոսեյնի և ներկայիս դեպքերի միջև:
Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին
Իրանական «Ղաֆղազ.իր» կայքի հաղորդմամբ՝ Իրանի մեջլիսի պատգամավոր Էբրահիմ Նեքուն դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, դատապարտելով Ադրբեջանի Նարդարան ավանում օրերս տեղի ունեցած արյունալի բախումը (զոհվել է 5 հավատացյալ և 2 ոստիկան), պահանջել է անհապաղ դադարեցնել ադրբեջանցի շիաների հանդեպ կիրառվող բռնաճնշումներն ու ձերբակալել մեղավորներին: Իրանցի խորհրդարանականը հայտարարել է, որ Իրանում չպետք է անտարբեր մնան Ադրբեջանում ստեղծված այդ մեծ ճգնաժամի նկատմամբ:
Հիշեցնենք՝ երբ օրեր առաջ Իրանի թյուրքալեզու բնակչության մի հատվածը բողոքի ցույցեր էր անցկացնում՝ ընդդեմ իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային մի հաղորդման, որի ընթացքում, իբր, ոտնահարվել էր ատրպատականցիների ազգային արժանապատվությունը, Ադրբեջանի Միլի Մեջլիսի որոշ պատգամավորներ, իշխանությունների ուղղակի և անուղղակի աջակցությամբ, կրկին սկսեցին միջամտել Իրանի ներքին գործերին՝ շրջանառության մեջ դնելով «Իրանի 35 միլիոն ադրբեջանցի» և «Հարավային Ադրբեջան» կոչերը:
Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական