Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ Է ՍՐՎՈՒՄ



«Նարդարանի դեպքերը հեղափոխական շարժում են»։
Իրանի հոգեւոր առաջնորդ
Խամենեիի ներկայացուցիչ
այաթոլլա Մ. ՇԱԲԵՍԹԱՐԻ

«Եթե Բաքուն չդադարեցնի ճնշումները Նարդարանի շիաների նկատմամբ, ապա Իրանը ստիպված կլինի վերանայել այդ երկրի հետ իր հարաբերությունները: Ադրբեջանական Նարդարան ավանում տեղի ունեցող իրադարձությունները հեղափոխական շարժում են»: Իրանական ԻՐՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցիչ այաթոլլա Մ. Շաբեսթարին: Ըստ վերջինիս՝ «Պատժիչ գործողությունները Նարդարանի բնակչության նկատմամբ անընդունելի են եւ առաջացնում են մեր խոր անհանգստությունը: Թեեւ Ադրբեջանը մեղադրում է Իրանին, սակայն իրանական կողմը որեւէ առնչություն չունի տեղի ունեցածում: Նարդարանի դեպքերը տարերային բնույթ ունեն եւ հեղափոխական շարժում են»: Նա միաժամանակ հիշեցրել է, որ Իրանը պարտավորություններ ունի Ադրբեջանում ապրող իր շիա հավատակիցների նկատմամբ, եւ եթե դիվանագիտական խողովակներով այս հարցերը չկարգավորվեն, ապա կվերանայի իր հարաբերությունները այդ երկրի հետ:

Նշենք, որ Բաքվի մերձակա Նարդարան ավանի դեպքերի առնչությամբ (որտեղ մարդիկ էին զոհվել ոստիկանական ուժերի հետ բախվելու հետեւանքով) ասվածը անցնող շաբաթվա ընթացքում Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ հայտարարությունն է: Ի պաշտպանություն ադրբեջանաբնակ շիա հավատացյալների, իր բողոքի ձայնն էր բարձրացրել Իրանի մեջլիսի անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Մանսուր Հաղիղաթփուրը:

Գ. Ա.

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Տարածաշրջան


10/12/2015