Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՊԸ



«Հայրենասեր» համալիրում կատարվեց նոր քայլ, որ միտված էր բարելավելու փոխգործակցությունը ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև:

«Հայրենասեր» համալիրի ցուցահանդեսների և համագումարների համար նախատեսված կենտրոնում տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների պաշտպանական գերատեսչությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքների պատասխանատուների համագումար: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի զինված ուժերի ներկայացուցիչները քննարկել են բարոյահոգեբանական աջակցության, մշակութային և հոգեբանական աշխատանքի, համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման օրակարգի հիմնական հարցերից էր մեր ընդհանուր հաղթանակի 70-ամյակի տոնակատարության աշխատանքների կազմակերպման ամփոփումը:

Հանձնաժողովի նախագահ, ՌԴ զինված ուժերի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Միխայիլ Սմիսլովը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կազմակերպվել են տեղեկատվական, քարոզչական, ռազմահայրենասիրական մեծածավալ համալիր միջոցառումներ՝ նվիրված Հաղթանակին:

-Անկասկած, գլխավոր միջոցառումը ռազմական շքերթի անցկացումն էր: Նախապատրաստվել էինք ավելի քան վեց ամիս: Այս գործընթացում գործուն մասնակցություն էին ցուցաբերել անձնակազմի հետ աշխատող կառույցները: Ռազմական հոգեբանների մի մեծ խումբ զբաղվել է անձնակազմի ընտրությամբ, ինչպես նաև ռազմական շքերթին մասնակցող հաշվարկների հոգեբանական աջակցությամբ,- ներկայացրեց գեներալ-մայոր Միխայիլ Սմիսլովը:

Նա հիշեցրել է, որ Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթին մասնակցել և բարձր վարպետություն են ցուցաբերել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի միավորները: ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցել են Բիշքեկում, Երեւանում և Մինսկում կազմակերպված ռազմական շքերթներին և համատեղ միջոցառումներին:

Միխայիլ Սմիսլովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատերազմի անհայտ հերոսների որոնման աշխատանքների համակարգողն է: Այսպես՝ 2015թ.-ին 55 վետերանների հանձնվել են պարգևներ, որոնց նրանք արժանացել են պատերազմի տարիներին, այդ թվում՝ երեք վետերաններ Բելառուսից, երկուսը՝ Ղազախստանից և մեկը՝ Ղրղըզստանից: Զոհված ազատամարտիկների հարազատներին է հանձնվել պետական պարգևների 575 հավաստագիր, այդ թվում՝ յոթը ուղարկվել է Բելառուս, վեցը՝ Ղազախստան, երկուսը՝ Ուզբեկստան, վեցը՝ Ուկրաինա:

Հանձնաժողովի անդամները վերլուծել են Ղազախստանում տեղի ունեցած «Համագործակցության մարտիկ» ռազմամասնագիտական հմտությունների միջազգային մրցույթի արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2016 թ. կայանալիք ռազմահայրենասիրական մրցույթի պայմանները:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Ռազմաքաղաքական


10/12/2015