ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
Հայ եկեղեցում ԶՈւ հոգևոր առաջնորդությունն ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները։ 2000թ. սեպտեմբերի 14-ին հաստատվեց «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»:
Դարեր ի վեր մեր պատերազմը եղել է ոչ միայն երկրի ու հողի համար, այլև հավատքի. այն սրբազան հավատքի, որի համար հայ ժողովուրդը չընկրկեց թշնամու առջև: Պատմությունը հավաստեց, որ մենք կարող ենք կռվել սրով ու խաչով` հանուն հայրենիքի ու Աստծո նկատմամբ ունեցած մեր անխախտ սիրո։ Զինվորը մարտիկ է, որի ձեռքին զենքը չպետք է դողա, քանզի «վասն հավատո և վասն հայրենյաց» մղվող պայքարում հայը հոգով է հաղթել ու հաղթում։ Այսօր, երբ փողոցային ու արատավոր երևույթները փորձում են իրենց քայքայիչ ազդեցությունը թողնել նոր սերնդի վրա, քրիստոնեական արժեքների սերմանումը, հավատքի սկզբունքներին վերադառնալը առավել քան այժմեական են դառնում։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հոգևոր սպասավոր Հայկ սարկավագ Թադևոսյանը մեջբերեց Ավետարանը. «Ավետարանական «Սերմնացանի առակը» լավագույն օրինակն է մեզ համար, երբ սերմնացանի ցանած սերմերն ընկան ճանապարհի եզրին, ապառաժին, փշերի մեջ և բերրի հողի վրա, դրանցից բերք տվեցին միայն բերրի հողի մեջ ընկած սերմերը` մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր։ Մեր պակասությունը բերրի հողն է, որը հաճախ զբաղված է մոլախոտով։ Կատարյալ արդյունքի հասնելու համար պետք է տքնաջան աշխատանքի լծվեն խնդրին առնչվող բոլոր օղակները` ընտանիքը, հասարակությունը, բանակը և եկեղեցին. մեկը պետք է հողը փխրեցնի, մյուսը մոլախոտից մաքրի և պարարտացնի` այն բերրի դարձնելով, և ապա սերմնացանը իր ցանքսը կատարի։ Միայն համատեղ ուժերով կարող ենք կատարյալ արդյունք ունենալ»։
Զինվորի հոգեկերտվածքի կայունության համար ոչ միայն կարևոր է ռազմահայրենասիրական, այլև հոգևոր դաստիարակությունը, ինչի վերաբերյալ Հայկ սարկավագ Թադևոսյանը հատկանշեց. «Հինգերորդ դարի մեր հայրերից Եղիշեն մեզ սովորեցնում է, որ բոլոր տեսակի չար բաները մարդու միտքը մտնում են նրա անուս լինելուց։ Հոգևոր դաստիարակությունը օգնում է դիմագրավել առկա մարտահրավերներին, ամուր կառչած մնալ մեր հավատքից, սիրել մեզ նմանին` մարդուն, հարգել դիմացինին, պատրաստ լինել պաշտպանելու մեր ընտանիքները և հայրենիքը»։
Պատմությունը ցույց է տվել` թշնամին հաղթանակի հասնելու համար ոչ միայն զենքի է դիմել, այլև դիվանագիտական քայլերի` փորձելով պառակտում մտցնել ազգի մեջ։ Հետևաբար, մեր պատերազմը նաև հոգևոր է։ Զինվորը, սպան իր ծառայակցին պետք է նայի Քրիստոսի միջոցով՝ որպես հայր, եղբայր կամ ավագ ընկեր` ստեղծելով միասնական բռունցք, սիրո և հարգանքի մթնոլորտ։ Քրիստոնեական բարոյական սկզբունքներով դաստիարակված և աղոթքի զորության վրա հենված զինվորը չի կարող չհաղթել. այս ճշմարտությունով է առաջնորդվում հոգևոր ծառայությունը` ԶՈւ անձնակազմին հաղորդակից դարձնելով Աստվածաշնչին և Քրիստոսի լույսին։
Ողջունելի է, որ ապագա սպաների կրթման գործի այլևս անբաժանելի մասն է կազմում հոգևոր դաստիարակությունը։ Ըստ Հայկ սարկավագի` ռազմական ինստիտուտում մշակված ծրագրի համաձայն՝ ապագա սպաները համապարփակ տեղեկություն են ստանում Հայ Առաքելական եկեղեցու հավատամքի, պատմության, բարեպաշտական սովորությունների մասին, ծանոթանում են եկեղեցական տոներին` անմիջական մասնակցություն ունենալով որոշ տոնակատարություններին։ «Օրինակ` Զատկին նախորդող Ավագ Հինգշաբթի օրը 12 սաներ մասնակցեցին Ոտնլվայի արարողությանը, որը, ինչպես գիտենք, խոնարհության, քեզնից կրտսերի նկատմամբ հոգատարության խորհուրդն ունի և կարող է լավ օրինակ լինել ապագա սպաների և առհասարակ քրիստոնյա մարդու համար։ Ուրախալի է նաև, որ սաները ցանկություն են հայտնում մասնակցելու սուրբ պատարագին։ Յուրաքանչյուր կիրակի մեկ վաշտ այցելում է մոտակա եկեղեցի և մասնակցում պատարագի արարողությանը»,- փաստեց Հայկ սարկավագ Թադևոսյանը:
Զորքի բարոյահոգեբանական պատրաստության հիմնախնդիրներն ավելի խոր ուսումնասիրությունների կարիք ունեն։ Մարտական պատրաստության բարձր աստիճան ապահովող բանակը պետք է կարողանա ապահովել նաև բարոյահոգեբանական կայունություն։ Բանակը պետության անվտանգության պաշտպանության երաշխավորն է: Պետության յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում նրանում առկա արատավոր կամ բացասական երևույթների վերացման համար. «Եթե ես չեմ հանում իմ աչքի գերանը, չեմ կարող դիմացինիս աչքի շյուղը հանել»։ Հենց այս գիտակցմամբ կարող ենք սայլը տեղից շարժել։ Բանակը մեր հասարակության հայելին է, որում արտացոլվում են հասարակության տարբեր շերտերի արժեհամակարգերը։
Գայանե ԾԱՏՈՒՐՅԱՆ
Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Ազգային բանակ