ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՈՒ… ՀԱԶԱՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Հավաքվել էինք ՀՀ վետերանների միավորման դահլիճում, երբ խորհրդի նախագահի տեղակալ, գնդապետ Միքայել Ստեփանյանը տեղեկացրեց, որ ՌԴ-ն կազմակերպել է միջոցառում Հայրենական պատերազմի մասնակիցների համար։ Նստեցինք մեքենաներն ու ուղեւորվեցինք Հրազդանի կիրճ` 15 աղբյուր հուշարձանների մոտ։ Այնտեղ հավաքվել էին Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի եւ այլ երկրների դեսպանատան աշխատակիցները։ Նրանք ելույթներ ունեցան Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում մեր բազմազգ ժողովուրդների մղած հերոսական պայքարի մասին։ Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ վետերանների խորհրդի նախագահի տեղակալ, գնդապետ Միքայել Ստեփանյանը, որը խոսեց Մեծ հայրենականի հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի ունեցած հսկայական ավանդի մասին։
Միջոցառման ավարտին ՀՀ վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը հայտարարեց` գնացեք վրան։ Վրանում սեղանի վրա զինվորական ճաշ էր ու հաց։ Սեղանի վրա ամեն տեսակ ուտելիք կար, սակայն բոլորս միայն ճաշ ու հացից էինք օգտվում եւ այնպես էինք վայելում այդ կերակուրը, ասես աշխարհում դրանից ավելի համեղ պատառ երբեք չի եղել ու չի լինի։
Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Զավեն Գասպարյանը նկատեց` ճաշն ու հացը ռազմաճակատի համն ու հոտն ունեն։ Բայց լավ կլիներ` այն մեզ տայիք զինվորական չափաբաժնով. այդպես մեզ դիրքերում կզգայինք…
Ու ճաշի սեղանի շուրջ նստած՝ հիշում էինք մեր պատերազմական օրերը։ Մեդալների զնգոցը խառնվել էր գդալների ու բաժակների զրնգոցին… Անմոռանալի օր էր, անչափ տպավորիչ: Չմոռանամ` վերջում ես ու Զավենը «գողություն» էլ արեցինք` մի կտոր ռազմաճակատային հաց թռցրինք։
Մի կտոր հացով ու հազար ու մի հիշողություններով տուն դարձանք` աչքներիս ժպիտ ու արցունք։
ՄԵՐՈՒԺԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական պատերազմի II կարգի հաշմանդամ