Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սիրտ առա ու կարդացի բարձրաձայն, և ինչպես ինձ թվաց՝ առոգանությամբ. «Վերջապե՛ս, վերջապե՜ս կարող եմ մահն ընդունել իբրև երկնային պարգև, առանց ափսոսանքի, որ երբևէ այդպես էլ չեմ հանդիպի քեզ՝ շարունակ խնդրելով Բարձրյալից մի վերջին տեսակցում, որ նման կլինի վրիժառության ծեսի… Հիմա արդեն փույթ չէ. արժանի չեղա քո սիրուն, թող որ արժանանամ ատելությանդ, անեծքիդ: Հոժա՜ր եմ… Վերջ այլևս տառապանքին, անորոշությանն ու վախին, որովհետև նորից տեսնում եմ քեզ՝ քո հավատարիմ-հավատավոր աչքերը՝ իմ խորտակված երազների, ձախողման և անպտուղ սիրո առհավատչյան, որոնցում թախիծը զարմանալիորեն չէր պակասել… Չգիտեմ` իմաստ ունի՞ այլևս, բայց, միևնույն է, ուզում եմ խոստովանել, որ մեր բաժանման չարաբաստիկ օրվանից սկսած՝ ես սովորել եմ մարդկանց, աշխարհին, շուրջս նայել ՔՈ աչքերով, որպեսզի չդադարեմ ինքս ինձ հարգել… Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ, ինչո՛ւ այս դաժան առաքելությունն ինձ բաժին հանեցիր. սիրել մեկին, ով հույզ ու տենչանքներիդ, սրտիդ կսկիծի, տառապանքիդ մասին նույնիսկ չի կասկածել՝ վաղուց մոռացության մատնելով հնացած խաղալիքի պես: Իսկ ես քեզ մոռանալ չկարողացա, որքան էլ ջանացի, բռնացա ինքս ինձ վրա՝ կամենալով ազատվել այս անակնկալ սիրուց, որ խուժել էր իմ կյանք, գերել մարմինս, հմայել հոգիս: Այնպես, որ ուր էլ գնայի, որտեղ էլ հանգրվան գտներ տարաբախտ հոգիս, միշտ և ամենուր քեզ եմ որոնել՝ խելագար կրքով բռնված, քո նմանությամբ եմ պատկերացրել մարդկանց՝ հավատալով մի ինչ-որ հրաշագործ հայտնության, թե մի օր դիմացս կելնես բազմության միջից… Ճակատագրի ծաղրն է. դու ինձ հայտնվեցիր ո՛չ այն ժամանակ և ո՛չ այն տեղից… Այն էլ` «հայրիկի ծոցից», ինչպես ուշացած ՀԱՄԲՈՒՅՐ, որ մահվան հրեշտակի թևին հասավ ինձ£ Ում մտքով կանցներ, թե հայրիկը կարող էր «կապող օղակ» լինել իմ և քո միջև` այսքան ամուր, անքակտելի: Կյանքից առավել… Եվ երբ անսպասելի արձագանքեցիր իմ հուսահատ կանչին, չգիտեի՝ ուրախանա՞մ, թե լաց լինեմ, որովհետև մոտիկից համոզվեցի, որ դու ես և ոչ թե քո թվացումը: Ինչ ծիծաղելի էիր հայրիկի գեներալական շալվարը հագիդ, ոնց որ մեր պարտիզպան Յացեկը, ինչ հիանալի էիր, երբ վագրի պես մռնչացիր. «Կսպանե՜մ, ձեռքս էլ չի դողա…», թեև աչքերդ հակառակն էին ասում՝ մատնելով անչար, փուխր մտքերդ… Ու թվում էր՝ հասել է ժամը, և ես պիտի առաջնորդվեի իր հաղթանակն ու երանելի լուծումը տենչացող կնոջ սիրով. փախչել՝ չհետևելով և ոչ մի աստղի ուղղորդման, անցնել ճակատի գիծը, գերի հանձնվել, պատմել եղելությունը, ներումն խնդրել ծնկաչոք, թեպետ գիտեի՝ ինձ երբեք էլ չես ների… Ես պատրաստ էի մահն ընդունել քո ձեռքից, միայն թե՝ ետ չգնայի բորենիների որջը, քանի որ «մի անգամ մերժվածին հոշոտում են…», բայց դու նույնիսկ զենքերդ չէիր կապել… Անիծյալ բախտ, որ ինձ իմ ձեռքին խաղալիք դարձրեց՝ խլեց ամենաթանկն ու նվիրականը՝ քեզ: Իմ արձակած «նետը» հենց ինձ խոցեց… Ես ուշացել եմ, շատ եմ ուշացել, և ինձ ոչինչ չի մնում անելու, քան մաղթել քեզ՝ մնաս բարով, թանկագին մարդ, որին կարոտել, սպասել եմ այսքան տարի՝ կյանքս դնելով բախտախաղի… Ինքս եմ ընտրել արատավոր այս ուղին, ինքս էլ կհատուցեմ ամեն ինչի համար, ինչպես վայել է գեներալի աղջկան: Իմացիր, Սոլոմոն, քանի դեռ փչում է քամին, փչում է հարավ, փչում է հյուսիս, ես միշտ քո առաջ կելնեմ քամուց քշված ՓԵՏՈՒՐԻ նման, որ ձեռքիցդ բաց թողեցիր: Չպահպանեցի՜ր… Ինչ գնով էլ լինի, դու պետք է ապրես, իմ Գեներալ… Վերջապես գտա քեզ»:

25

Վերջին գիշերը բլինդաժում մենակ լուսացրի՝ կապելով ուսապարկս, իսկ գիշերները ռազմաճակատում, ինչպես պանդխտության մեջ, անսահման երկար են թվում՝ չարագուշակ և աղետալի, մանավանդ, երբ հակառակորդի ստորաբաժանումները մինչև լուսաբաց զենքի բոլոր տեսակներից գնդակոծեցին հետախուզական գումարտակի առաջապահ դիրքերը: Սողոմոնը, որ դեռ նախորդ երեկոյից բացակայում էր, օրվա ընթացքում այդպես էլ բլինդաժ չվերադարձավ: Առավոտյան գումարտակի շտաբում վավերացրի գործուղմանս ավարտը և գնացի նրա ետևից՝ դաշտային բուժսանմաս:

Կեսօրին մոտ ժամանեց Կարմիր խաչի առաքելության մեքենան. պաշտպանության բանակի հրամանատարության բարի կամքով թույլատրվել էր վարձկանուհու մարմինը մարդասիրական ուղերթով տեղափոխել քաղաք Կրակով՝ հողին հանձնելու ընտանեկան գերեզմանոցում: Եվ երբ «խաչակիր» պատգարակավորները վրանից դուրս բերեցին վարձկանուհու մարմինը, այդժամ էլ զինվորական խառնամբոխի մեջ տեսա Սողոմոնին: Նրա հագին նոփ նոր դաշտային համազգեստ էր՝ մայորի ուսադիրներով, ինչն էլ առաջին հայացքից խորթ թվաց ու տխրեցրեց ինձ, քանզի նա ինքն իրեն կարծես նման չլիներ: Ամենաանսովորն ինձ համար այն էր, որ չկար, անհետացել էր նրա ինքնության անբռնադատելի մաս կազմող գեներալական շալվարը, որը մի ամբողջ դարաշրջան էր խորհրդանշում՝ սերտաճելով Սողոմոնի կենսագրության հետ:

– Ահա և վե՜րջ,– նորից ի հայտ եկավ բուժակը, որն այս անգամ էլ, երևում է, հատուկ կարծիք ուներ կատարվածի մասին:

– Վերջ ինչի՞ն,– հարցրի` չիմանալով, թե էլի ինչ սպասել նրանից:

– Լամպասավոր կուռքին,– պատասխանեց ինքնավստահ:

– Իսկ ինձ թվում է՝ դեռ երկար կշարունակվի…,– ընդդիմացա, որքան էլ ինձ հայտնի չէր նրա վստահության ակունքը:

– Երևի նկատի ունեք առաջխաղացում` կոչումներ, պաշտոն:

– Թեկուզ և այդպես… Նա արժանի է շարունակության:

– Փուչ բաներ են դրանք Սողոմոնի համար, որովհետև նա իր կյանքով է Գեներալ և ոչ թե հրամանով: Մեկ է՝ ուր էլ գնա, ինչ պաշտոն էլ զբաղեցնի, ԱՆՑՅԱԼԸ միշտ կրնկակոխ հետեւելու է նրան, որովհետև նա իր մանկության ԵՐԱԶԻՑ է հասակ առել… Իսկ գեներալնե՜ր, գեներալներ միշտ էլ եղել են և էլի կլինեն, որոնցից Սողոմոնը բարձր է կանգնած. մնացածը փաստեր են, փաստե՜ր, որոնցից նա վաղուց դուրս է եկել՝ առաջ անցնելով իր ժամանակից: Հենց այստեղից էլ սկսվում է ՄԱՐԴՈՒ կենսագրությունը, որում կուռքեր չկան:

-Որտեղի՞ց` այդտեղից,- հետաքրքրվեցի իմիջիայլոց:

-Խնձորենու ծառի տակից…

«Այ քեզ բուժա՜կ»,– մտածեցի՝ նրա կենսափիլիսոփայությունից ընկճված:

– Վերջապես՝ ո՞վ եք դուք, մարգարե՞…

– Մենք միասին նույն բակում ենք մեծացել. ես, ինչպես տեսնում եք, կամքիցս անկախ, բուժակ եմ դարձել, իսկ նա՝ Գեներալ: Ու թեև մենք երբեք էլ ընկերներ չենք եղել, բայց ես միշտ հիացել եմ նրանով:

Մինչ վարձկանուհու մարմինը կմտցնեին Կարմիր խաչի մեքենան, Սողոմոնը, առաջ անցնելով, խնդրեց կանգ առնել հաղթանդամ պատգարակակիրներին, ապա մահացածի երեսից զգուշորեն հեռացրեց ճերմակ սավանը և մի ուշացած, արժանապատիվ համբույր դրոշմեց Մարիայի գունատ, գեղեցիկ ճակատին: Հենց այդ պահին էլ պարզ դարձավ Գեներալի «կերպարանափոխության» գաղտնիքը. վարձկանուհու անկենդան գլուխը հանգչում էր լամպասավոր տաբատի վրա… Սողոմոնը իր երազն ու սերն էր տալիս թաղելու՝ վրեժ լուծելով ճակատագրից: Այնինչ ոչ ոք այդպես էլ ուշ չդարձրեց վարձկանուհու երևացող ձեռքին, որ ափի մեջ ամուր սեղմում էր ինչ-որ բան…

26
– Ի՞նչ խելքիդ փչեց հանկարծ…,– հարցրեց Սողոմոնը, երբ դաշտային պարետության ուղեկալում սպասում էինք թիկնազորի մեքենային, որն ինձ վարդագույն քաղաք էր տանելու:

– Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա,- ասացի:

– Եսի՜մ,– ծոր տվեց՝ կարևորություն չտալով:

– Ես էլ քո՛,– հակադարձեցի: – Իսկ դո՛ւ ասո՜ւմ էիր…

– Ինչ եմ ասել, որ…,– խորամանկեց նա:

– Որ ինձնից իսկական առաքյալ դուրս կգա,– գոռոզացա ես:

– Դե՛, գնաս բարով, առաքյա՛լ,– շեշտեց այնպես, կարծես պատգամում էր լինել անմահ:– Եվ հիշի՛ր` դու հաշվետար չես:

– Ե՞րբ ես տուն գալու, Սողոմո՛ն, տուր ինձ քո հասցեն,– ձայն տվեցի շարժվող բեռնատարի խցիկից:

– Ես որբ եմ…

Հորիզոնի՝ հետզհետե բարակող ժապավենին Սողոմոնից միայն սպիտակ վիրակապը մնաց, որը գնալով տարրալուծվեց երկնքի կապույտում, ինչպես ճերմակ ամպի քուլա:

– Մոռացա՜, մոռացա՜,– կանչեցի նրա ետևից՝ հանկարծակի հայտնությամբ համակված:– Վարձկանուհո՜ւն, վարձկանուհո՛ւն ով կրակե՜ց:

– Գեներա՜լը… գեներա՜լը…– արձագանքում էր տափաստանի քամին տեսիլաձայն:

Առավոտ էր՝ արցունքի պես ջինջ առավոտ, շուրջը թևածում էր թախծության անխռով մի ոգի: Հեռվում՝ այրված դաշտերի ամայության մեջ, ինչ-որ մեկը անցյալից մնացած արքատն էր հավաքում, մեկ-մեկ էլ օդում չլթացնում էր խարազանը, ինչից քամապնչած մի հորթ ոստոստում, տրտինգ էր տալիս ռազմաճակատի մեկ այս, մեկ այն կողմում՝ իր հորթային հրճվանքով կոխկրտելով ամենակուլ «վիշապին»:

***

Ես արդեն հասուն այրության տարիքում եմ և նույնիսկ՝ «Արիության համար» պարգևատրված: Ամուսնացած եմ, ունեմ մեկ որդի, որին, ի պատիվ Գեներալի, Սողոմոն կոչեցի (որտե՞ղ է նա, ի՞նչ ճակատագիր է բաժին ընկել նրան): Հիմա էլ առաջվա պես երբեմն նստում եմ մեր տան առմուտքին ու երազում` հայացքս հառելով հեռո՜ւ հեռուն` սահմանից էլ անդին, որտեղ միախառնվում են Կարմիրն ու Սևը… Որտեղ փչում է քաջքաքամին: Տղաս ամեն ինչում ինձ հակառակ է. չի՛ նստում մեր տան շեմին, չի՛ երազում ոչնչի մասին, այլ ամբողջ օրը՝ առավոտից մինչև իրիկուն, անվաչմուշկ ու հեծանիվ է քշում, հետն էլ պարսատիկով հալածում է բակի առնետներին: Երբ ուշ գիշերով տուն եմ վերադառնում (ես հիմա հեռուստատեսությունում եմ աշխատում, վարում եմ «Վերջին նորությունների» կեսգիշերային թողարկումը), որդիս վաղուց քնած է: Իսկ լուսադեմին, երբ կապում եմ փողկապս և դառը սուրճ խմում, փոքրիկ Սողոմոնը փակ աչքերով քնաթաթախ սկսում է խրատել՝ «մի՛ ֆռթացրու», հետո էլ, թե.

-Հայրի՛կ, մեր բակում մի պառավ գնչուհի է հայտնվել, ոնց որ չոր ցախավելի պոչ լինի, շա՜տ է ծեր…Հաստատ մի հարյուր տարեկան կլինի£

-Եվ ի՞նչ է ասում քո էդ պառավ գնչուհին£

-Ոչի՜նչ… Ցնդածի մեկն է, խելքից դուրս բաներ է մոգոնում:

-Ի՞նչ տեսակ բաներ:

-Դե՜, օրինակ, որ ՀՐԵՂԵՆ ՓԵՏՈՒՐԸ շուտով մեր տանը կհայտնվի…

…Եվ ես ասես լսում եմ ՆՈՐ ժամանակների ՇՈՒՆՉԸ£ Տեսնում եմ հաղթական ՈԳՈՒ վերադարձը£

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
ՎԵՐՋ

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Հոգևոր-մշակութային


10/12/2015