ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը դեկտեմբերի 3-ին կդառնար 54 տարեկան
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շատ շրջանավարտներ, ուսանողներ 1988-1994 թվականներին մասնակցեցին Հայաստանի անկախության համար ծավալված շարժմանը և Արցախյան ազատամարտին: Այսօր համալսարանում սովորող ուսանողների համար հայրենասիրության դասերը միայն պատմական անցքերի, դրանց գեղարվեստական վերարտադրությունների միջոցով չեն կատարվում: Ուսանողներն ամեն պահի տեսնում են համալսարանի բակում Արցախյան ազատամարտի տարիներին զոհված համալսարանականների հիշատակին տեղադրված խաչքարը, ցուցավահանակներին ներկայացվող նրանց նկարները, նրանց մասին տպագրված հոդվածներն ու գրքերը:
Հայրենասիրության հերթական դասը կազմակերպվեց դեկտեմբերի 3-ին: ՀՊՄՀ ուսանողական խորհրդի և գիտական գրադարանի նախաձեռնությամբ մանկավարժական համալսարան էին այցելել Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերի առաջին զոհերից, Հայաստանի Ազգային հերոս, մանկավարժականի շրջանավարտ Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը, և Հերոսի թոռը՝ կրտսեր Մովսեսը: Իսկ առիթը հերոսի ծննդյան օրն էր:
Մինչև ուսանողության հետ հանդիպումը՝ հյուրերը և համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին համալսարանի բակում կանգնեցված հիշատակի խաչքարի մոտ, թարմ ծաղիկներ դրեցին հուշարձանի պատվանդանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:
Հանդիպումը կայացավ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի մեծ սրահում, մասնակցում էին տարբեր ֆակուլտետների հարյուրից ավելի ուսանող-ուսանողուհիներ: Դահլիճում էին նաև առաջին կուրս ընդունված և առաջիկա օրերին զինվորական ծառայության մեկնող ուսանող զինակոչիկները:
Հանդիպման ընթացքում Մովսես Գորգիսյանի մասին զեկույցով հանդես եկավ համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Արուսյակ Գևորգյանը՝ ներկայացնելով հերոսի կենսագրությունը, անցած ուղին. «Մովսես Գորգիսյանն իմ սերնդի հերոսն է և այս դահլիճում նստած, ինչպես նաև համալսարանում սովորող 13 հազար ուսանողները հպարտ են, որ նրա ժամանակակիցն են ու շարունակելու են նրա երազած Հայաստանի կառուցման գործընթացը»:
Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, շնորհավորելով հերոսի ծնունդը, իր խոսքն ուղղեց դահլիճում նստած ուսանող զորակոչիկներին՝ կոչելով մշտապես ապրել ու գործել Ազգային հերոսի նման ու նրա օրինակով:
«Օրհնյալ լինի ծնունդդ, Մովսե՛ս, քանզի դու այն երջանկահիշատակ մարդկանցից ես, որի ծննդյան օրն օրհնյալ է ողջ հայության համար»»,- իր խոսքն այսպես սկսեց հերոսի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը: Եվ ապա. «Նա ապրեց 28 տարի, սակայն կրթեց մի ամբողջ սերունդ: Մանկապարտեզը, դպրոցն ու բուհը այն վայրերն են, որ ինձ երջանիկ եմ զգում, որովհետեւ իմ չապրած կյանքի, անձնական ողբերգության լավագույն օրրանը դուք եք»:
Գիտական գրադարանի տնօրեն, «Զորավար» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը հիմնադրամի անունից Մովսես Գորգիսյանին հետմահու պարգևատրեց «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ. Սողոմոն Թեհլիրյան» մեդալով՝ այն հանձնելով կրտսեր Մովսեսին:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ գիտական գրադարանի
բաժնի վարիչ